Սա կոռուպցիոն բացահայտումների և ստվերի դեմ պայքարի արդյունքն է " />

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն 8 ամսում բյուջե է վերադարձրել մոտ 20 մլն դոլար

Սա կոռուպցիոն բացահայտումների և ստվերի դեմ պայքարի արդյունքն է

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարի 8 ամսվա ընթացքում պետբյուջե է վերադարձրել մոտ 10 մլրդ դրամ (20 մլն դոլար)։

Ո՞ր ոլորտներում են կատարվել բացահայտումները

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո Պետեկամուտների կոմիտեն սկսել է ստուգումներ իրականացնել այն ոլորտներում, որտեղ ստվերային տնտեսության և կոռուպցիայի ռիսկն առավել բարձր էր։ Մասնավորապես, ստուգումներ են անցկացվել Երևանի սուպերմարկետներում, որոնք, պարզվել է, գյուղատնտեսական մթերքի համար ԱԱՀ չէին վճարում։

Կոռուպցիոն բացահայտումներ են տեղի ունեցել նաև մաքսատանը։ «Նորֆոլկ քոնսալթինք» ընկերությունը, որը մաքսային ձևակերպման ծառայություններ էր առաջարկում, տուգանվել է խոշոր գումարով, իսկ ավելի ուշ՝ դադարեցրել գործունեությունը։

Բացահայտումներ են կատարվել նաև կառույցում։ Բացահայտվել են կաշառակերության դեպքեր Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ։

Ինչի՞ վրա են փող ծախսելու 2019թ-ին Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը

Հայաստանի սուպերմարկետների խոշոր ցանցը տարիներով խուսափել է հարկերի վճարումից

20 մլն դոլար. դա շա՞տ է, թե՞ քիչ

20 մլն դոլարը, որ ստացվել է կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքում, մեծ գումար չէ, կարծում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

«Հասարակության սպասումներն ավելի մեծ էին, թվում էր, որ հեղափոխության արդյունքում շատ ավելի մեծ գումարներ են բյուջե վերադարձվելու։ Պետք է նշել, որ կան մի շարք անավարտ գործեր։ Շատ ընկերություններ էլ տուգանվել են, սակայն այդ գումարները դեռ ամբողջությամբ բյուջե չեն հասել։ Սակայն տասը միլիարդ դրամ գումարն ինքնին այնքան էլ զգալի չէ»։

Փորձագետը նշում է նաև, որ ստվերային տնտեսության դեմ պայքարը որոշակի պտուղներ տվել է, սակայն մանր ու միջին բիզնեսի ոլորտում իրավիճակը զգալի չափով չի փոխվել։

«Խոշոր բիզնեսի մի մասը, որը ստվերում էր, դուրս է բերվել դրանից։ Մենք դա տեսնում ենք ավելացած հարկային վճարումներով և գրանցված աշխատակիցների թվով։ Ինչ վերաբերում է մանր ու միջին բիզնեսին, ապա այստեղ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Իրավիճակն այս ոլորտում այնքան էլ չի փոխվել։ Մասնավորապես, առևտրի և ծառայությունների ոլորտում մենք տեսնում ենք, որ փոքր ընկերությունները չեն ավելացրել հարկերի վճարումը։ Իսկ դա նշանակում է, որ, ըստ ամենայնի, նրանք նույն չափով դեռ ստվերում են, ինչպես նախկինում, կամ նույնիսկ ավելի շատ»։

 Ե՞րբ է սկսվել կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը

Հայաստանում կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը սկսվել է հեղափոխությունից անմիջապես հետո։ Հեղափոխության՝ իշխանության եկած առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ հայտարարեց, որ բիզնեսի վերաբաժանում չի լինելու, սակայն բոլոր ընկերությունները պետք է իրավական դաշտ վերադառնան։

Կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործեր հարուցվեցին նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հարազատների դեմ։ Քննության տակ հայտնվեց, մասնավորապես, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որը կասկածվում է 14մլն դոլար կաշառք ստանալու մեջ։


Կարդալ ավելին JAMnews-ում