Դավոսում տնտեսական գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը Նիկոլ Փաշինյանը չի համարում Իլհամ Ալիևի հետ «բանակությունների պաշտոնական մեկնարկ»" />

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Դավոսում տնտեսական գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը Նիկոլ Փաշինյանը չի համարում Իլհամ Ալիևի հետ «բանակությունների պաշտոնական մեկնարկ»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են շվեյցարական Դավոսում, որտեղ տնտեսական գագաթաժողովն էր անցկացվում։ Պետությունների առաջնորդների միջև ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել։

Ինչի՞ մասին են խոսել Փաշինյանն ու Ալիևը

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ երկրների առաջնորդները «կարծիքներ են փոխանակել բանակցային գործընթացի մասին» [ղարաբաղյան կարգավորման մասին – JAMnews]։ Հանդիպումը մեկուկես ժամ է տևել։

Հաջորդ օրը Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել հանդիպման մասին։ Նա մասնավորապես նշել է․

«Սրանք ոչ պաշտոնական հանդիպումներ են, չի կարելի դրանք դիտարկել որպես  բանակցությունների պաշտոնական մեկնարկ»։

Փաշինյանի խոսքով՝ գագաթաժողովի կազմակերպիչները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին առանձին-առանձին հարցրել են, դեմ չեն արդյոք նրանք հանդիպում անցկացնելուն, ինչին ինքն ու Ալիևը դրական են պատասխան են տվել։

Փաշինյանը հայտարարել է նաև, որ բոլոր իր և Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումներին քննարկվել է բանակցային գործընթացի պատմությունը, կարգավորման համար պայմանների ստեղծման հնարավորություններն ու առկա խոչընդոտները․

«Մենք ոչ մի հստակ մանրամասներ չեն քննարկում, պարզապես կարծիքներով ենք փոխանակվում և փոխադարձ ներկայացնում ենք բանակցային գործընթացի մեր ընկալումը»։

 Սա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի արդեն երրորդ հանդիպումն էր։

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը շփման գծում

«Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում»․ Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ են կարծում փորձագետները

Հայ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, Ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանելով կայացած ոչ պաշտոնական հանդիպումն՝ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումներն անցկացվում են հույժ գաղտնիության պայմաններում։

«Պարզ չէ, թե ինչու է կայացել Ալիևի հետ հանդիպումը։ Ի՞նչ հետաքրքրություն ունի Հայաստանը։ Ինչո՞ւ նախապես տեղեկություն չի տրամադրվել կամ ինչո՞ւ չի հաղորդվում ողջ քննարկվածի բովանդակությունը», – գրել է Մարտիրոսյանը։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ կայացած հանդիպումը կարելի է դրական գնահատել․

 «Չեմ կարծում, որ հանդիպումը նախապես է պլանավորված եղել։ Ամեն դեպքում, դրանք բանակցություններ չէին, այլ կարծիքների փոխանակում։ Արդյունքների մասին բարդ է ինչ-որ բան ասել, քանի որ տեղեկությունները քիչ են: Սակայն հանդիպումը որպես այդպիսին, կարելի է դրական գնահատել»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը դեռ պատրաստ չեն համաձայնության գալ․

«Ղարաբաղյան հակամարտությունում բախման կետերը հետևյալն են․ Ադրբեջանը տարածքներ է պահանջում առանց որևէ զիջումների։ Իսկ Հայաստանը խոսում է Ղարաբաղի կարգավիճակի առաջնայնության և խնդրի ռազմական լուծումից հրաժարվելու մասին։ Այստեղ ակնհայտ է կողմերի անհամաձայնությունը։ Եվ պետք է հասկանալ, արդյո՞ք պատրաստ է որևէ երկիր զիջումների գնալ։ Իմ կարծիքով՝ ոչ»։


Կարդալ ավելին JAMnews-ում