Աշխատակիցները բողոքում են, նախարարությունն էլ իր որոշումը բացատրում է ծախսերի օպտիմալացնելու և բուժօգնության մակարդակը բարձրացնելու նպատակով" />

Հայաստանի շրջաններում փակվում են ծննդատները

Աշխատակիցները բողոքում են, նախարարությունն էլ իր որոշումը բացատրում է ծախսերի օպտիմալացնելու և բուժօգնության մակարդակը բարձրացնելու նպատակով

Հայաստանի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում երկրորդ օրն է, ինչ լարված իրավիճակ է։ Բուժաշխատողները բողոքի ակցիա են անցկացնում ծննդատան փակման դեմ, որը սպասարկում է գրեթե 20 հարևան գյուղերի բնակիչներին։

Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2020 թ-ի հունվարի 1-ից Հայաստանի տարբեր շրջանների 9 ծննդատուն դադարել է պետական ֆինանսավորում ստանալ։ Դրանք այն կլինիկաներն են, որոնք 2019 թ-ին ընդունել են 150-ից պակաս ծնունդ։

Հայաստանում պատրաստվում են նոր հարկ մտցնել՝ առողջության համար։ Հասարակությունը դժգոհ է

ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով մարդկանց նկատմամբ խտրականություն Հայաստանում՝ հենց բժիշկների կողմից

Ինչի՞ց են դժգոհ ակցիայի մասնակիցները

Եղվարդ քաղաքում բողոքի ակցիան սկսվել է հունվարի 13-ին։ Սկզբից դրան մասնակցում էին միայն ծննդատան աշխատակիցներն, այնուհետև նրանց են միացել քաղաքի մյուս բնակիչներն էլ։

«Մեզ ասում են, որ ծնունդների քանակը փոքր է։ 2018 թ-ի համեմատ՝ 2019-ին ցուցանիշն ավելացել է 18-ով և հասել 136-ի։ Սակայն ո՞վ է ասել, որ շրջաններում տարեկան պետք է լինի 150 ծնունդ։ Եթե մեզ մոտ վերանորոգում կատարվեր, ծնունդների թիվը 250 էլ կհասներ», – ասում է Եղվարդի ծննդատան բժիշկներից մեկը։

Տեղի բնակիչներն ու բուժաշխատողները միասին պնդում են, որ հիվանդանոցում, չնայած կենցաղային վատ պայմաններին, լուրջ վիրահատություններ են կատարվում․ ողջ անհրաժեշտ սարքավորումներն այստեղ կան։

Ծնունդների ոչ մեծ քանակն այստեղ բացատրում են նրանով, որ ծննդատունը նոր վայր է տեղափոխվել, և քաղաքի բնակիչներից շատերն այդ մասին չեն իմացել։

Ինչ վերաբերում է նախարարության որոշմանն, ապա այն, ըստ Եղվարդի բժիշկների, ընդունվել է՝ խոշոր բուժկենտրոնների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով։

Ծննդատան աշխատակիցները պնդում են, որ իրենց մոտ ոչ մայրերի, ոչ երեխաների մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ավելին՝ Երևանին շատ մոտ գտնվող Զովունի գյուղից կանայք ծննդաբերելու են գալիս հենց Եղվարդ, ոչ թե մայրաքաղաք։

Նրանք նախարարին մեղադրում են նաև այն բանի համար, որ երկու տարում նա ոչ մի անգամ չի այցելել իրենց բուժկենտրոն, չի ծանոթացել խնդիրներին և որոշում է կայացրել՝ անտեսելով տեղի բնակչության կարծիքը։

Մյուս ծննդատների աշխատակիցները նույնպես դժգոհ են

Փակվում է նաև Տավուշի մարզի Աչաջուր գյուղի ծննդօգնության բաժանմունքը։ Հունվարի 1-ից այն նույնպես պետական ֆինանսավորում չի ստանում։ Սակայն բժիշկները շարունակել են աշխատել, և 2020-ի առաջին իսկ օրերին այստեղ արդեն հասցրել են երեք ծնունդ ընդունել։

Տեղի բժիշկ Նունե Ներսիսյանն անհանգստանում է, որ Աչաջուրի բժիշկների «ինքնագործունեությունը» կարող է իրավական հետևանքներ ունենալ, այսինքն՝ նրանց դրա համար դեռ կարող են պատժել․

«Սակայն բժիշկը Հիպոկրատի երդում է տալիս և չի կարող չօգնել։ Բացի այդ, բժիշկները միայն երեք օր առաջ հեռուստատեսությունից են իմացել, որ այլևս ֆինանսավորում չեն ստանալու։ Այսինքն՝ անգամ եթե իրավական քայլ լինի, նրանք կարող են ասել, որ գրավոր ծանուցում չեն ստացել, թեև նախարարությունը պետք է այն ներկայացներ երկու ամիս առաջ»։

Նունե Ներսիսյանը մեկնաբանել է նաև ծնունդների պարտադիր քանակը, որը պետք է ընդունի ծննդատունն աշխատանքը շարունակելու համար․

«Չգիտեմ, թե ինչ հաշվարկների հիման վրա են նրանք 150 ծնունդ սահմանել, քանի որ 5500 մարդ բնակչությամբ Աչաջուրում ծնունդների թիվը կազմել է շուրջ 90։ Սակայն անցյալ տարվա առաջին երեք ամիսներին ծննդատունը չէր աշխատում, քանի որ ասում էին, որ այն փակվելու է»։

Չի աշխատելու նաև Մարալիկ քաղաքի ծննդատունը, որը սպասարկում է հարակից 17 գյուղերը։ Այստեղ աշխատանքից զրկվել է 12 մարդ։

Ինչ վերաբերում է Մարալիկի բնակիչներին և հարակից 17 բնակավայրերին, ապա այժմ նրանք անհրաժեշտության դեպքում պետք է մեկնեն Գյումրի քաղաք կամ Արթիկ։ Խոսքը 12-27 կմ հեռավորության մասին է։

Ի՞նչ է ասում նախարարը

«Հայաստանում ծննդատները փակվում են միայն նրա համար, որ բուժօգնությունն ավելի որակյալ դառնա», – հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա կարծում է, որ հիվանդանոցները կարող են երաշխավորել տրամադրվող ծառայությունների որակ միայն որոշակի ծանրաբեռնվածության դեպքում։ Ըստ նրա՝ հիվանդանոցում, որտեղ տարեկան հազար վիրահատություն է կատարվում, մակարդակն ավելի բարձր է, քան այն հիվանդանոցում, որտեղ անում են հարյուր միջամտություն։

«Բժշկությունում սա աքսիոմա է», – հայտարարել է Թորոսյանը։

Ըստ այդ տրամաբանության էլ ծննդատների համար տարեկան 150 ծնունդ շեմ է սահմանվել։

Սակայն կան նաև բացառություններ։ Փոփոխությունները չեն վերաբերի դժվարհասանելի շրջաններին, մասնավորապես՝ Բերդ, Ճամբարակ և Մեղրի քաղաքներին։ Այստեղից մինչև մոտակա ծննդատունը պետք է մի քանի տասնյակ կիլոմետր անցնել։

«Մնացած բոլոր դեպքերում ավելի լավ է՝ հիվանդին 20-30 կմ տեղափոխել, բայց վստահելի օգնություն ցուցաբերել, քան վտանգի ենթարկել մոր և մանկան կյանքն», – ասել է նախարարը։

Ի՞նչ են գրում սոցցանցերում

Ֆեյսբուքի հայկական տիրույթում նախարարության որոշումը բացասաբար է ընկալվել։ Ահա մի քանի մեկնաբանություն․

«Հարգելի պարոն Թորոսյան, եթե ստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, ոչ ոք Ծաղկահովիտից չի գա Երևան ծննդաբերելու։ Ես՝ որպես Ծաղկահովիտ գյուղի բնանկիչ, խնդրում եմ, որ վերանայեք Ձեր որոշումը»։

«Մեզ մոտ ոչինչ չի ստացվում՝ սկսած որակավորման բարձրացման ինչ-որ անիմաստ կուրսերից մինչև ծննդատների փակում»։

«Որակավորված կադրերին շրջաններ ուղարկելու փոխարեն փակում եք տեղի հիվանդանոցնե՞րը։ Որո՞նք են այդ որոշման պլյուսները»։

«Որոշում ընդունելուց առաջ պետք է հաշվի առնել նաև բնակիչների կարծիքը»։

 


Կարդալ ավելին JAMnews-ում