JAMnews-ը հրապարակում է փաստաթղթի մանրակրկիթ բացատրությունը" />

Հայաստանի նոր միգրացիոն ռազմավարությունը. Ի՞նչ փոփոխություններ են սպասվում և ո՞ւմ համար

JAMnews-ը հրապարակում է փաստաթղթի մանրակրկիթ բացատրությունը

Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի, JAMnews

Միգրացիոն մեծ հոսք և իր բնակչության թվից ավելի քան երկու անգամ ավելի սփյուռք ունեցող Հայաստանի համար անչափ կարևոր է գործուն ռազմավարությունը, մանավանդ որ խոշոր գաղթօջախներում իրավիճակը խառն է:

Հայաստանի կառավարությունը 2017 թվականի մարտի 23-ին ընդունեց ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը, օգոստոսի 31-ին՝ միջոցառումների ծրագիրը: 

Ավելի քան 200 էջ ունեցող ռազմավարությունն ու միջոցառումների ժամանակացույցը փորձենք ներկայացնել հակիրճ՝ հաշվի առնելով, որ մեծաթիվ միգրացիոն արտահոսք ունեցող մեր երկրում այս փաստաթուղթը վերաբերում է յուրաքանչյուր երրորդ ընտանիքին:

Ռազմավարությունը

Այս ռազմավարությունը 4-րդ փաստաթուղթն է 2000 թվականից սկսած: 2000, 2004, 2012թթ. ծրագրերից, սակայն, արդյունավետ գործողություններ չեն բխել: Այսօր ունենք ոլորտում խորացած խնդիրներ:

Ի՞նչ է ցանկանում կառավարությունը

Կառավարությունը հետապնդում է մի քանի նպատակ՝

  • Օգտվել միգրացիայի դրական ազդեցությունից և տնտեսությունը զարգացնել
  • Պաշտպանել արտերկրում ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու շահերը
  • Պաշտպանել միգրանտների, փախստականների իրավունքները Հայաստանում
  • Օգնել վերադարձած միգրանտներին
  • Հայաստանի քաղաքացիների համար ընդլայնել օրինական միգրացիան
  • Պայքարել անօրինական միգրացիայի դեմ:

Միգրացիայի մարտահրավերները

Հայաստանում միգրացիոն ռիսկերի տեսանկյունից հիմնական մարտահրավեր է մնում բնակչության թվաքանակի նվազումը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, բնակչության թվաքանակը 2000թ.-ի 3,226,900 բնակչից նվազել է մոտավորապես 240 հազարով՝ 2017թ. կազմելով 2,986,100 մարդ: Այս պարագայում առանձնակի կարևորվում է օտարերկրյա պետություններից ՀՀ քաղաքացիների վերադարձի քաղաքականության մշակումը:

Արդիական են մնում նաև Հայաստանում բնակություն հաստատած երկրաժամկետ միգրանտների, ինչպես նաև փախստական ճանաչված անձանց` հասարակության մեջ ինտեգրման հարցերը: Մարտահրավերների շարքում կարևորվում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շարունակականությունը:

Ո՞ւմ է վերաբերում ռազմավարությունը                                      

Ռազմավարությունը նպատակաուղղված է.

  • Հայաստանում մշտապես բնակվող և Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիներին և երկքաղաքացիներին․
  • Հայաստան մուտք գործող և բնակվող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց․
  • ՀՀ-ում փախստական ճանաչված ու ապաստան ստացած կամ  նման  կարգավիճակ հայցող անձանց․
  • Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիներին:

Ինչ կշահեն Հայաստանում բնակվող օտարերկրացիները

Կբարելավվի վիզաների ու կացության կարգավիճակների տրամադրման գործող համակարգը՝ այն արագացնելու ճանապարհով: Կսահմանվի վիզաների տրամադրման գործընթացի մեկ պատասխանատու լիազոր մարմին: Որոշակի սահմանաչափից ավել ներդրում կատարած օտարերկրացիներին կտրվի քաղաքացիություն: Կբարելավվեն օտարերկրացիների՝ ՀՀ-ում աշխատանքային գործունեություն վարելու պայմանները:

Հայրենադարձության խթանման նպատակով Հայաստանում սովորած օտարերկրյա քաղաքացի հայերը մեր երկրում զբաղվածության հնարավորություններ կունենան:

Օտարերկրացիների՝ Հայաստանում աշխատելու պայմանները կկարգավորվեն, որ խուսափենք ապօրինի միգրացիայից:

Նշենք, որ Հայաստանում վերջին 5-6 տարիներին կացության մշտական կամ ժամանակավոր կարգավիճակ ստացած օտարերկրացիների ճնշող մեծամասնությունն օտարերկրյա պետությունների  հայազգի քաղաքացիներն են. օտարազգիները կազմում են ընդամենը 4.2%: Նրանք հիմնականում  ուսանողներ են կամ ընտանիքի անդամներ։

Ի՞նչ կկատարվի հարկադիր միգրանտների հետ

ՀՀ-ում ապաստան հայցողների միջին թվաքանակը տարեկան կազմում է 80-100 անձ: Տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտությունների հետևանքով ապաստանի հայցերի թիվը կտրուկ ավելանում է: Իրաքյան ճգնաժամի պատճառով (սկսած 2002թ.-ից)` եկել է 1450, իսրայելա-լիբանանյան հակամարտության հետևանքով (2006թ.)` 1234, վրաց-օսեթականի (2008թ.)` 207, ռուս-ուկրաինականի (սկսած 2014թ.-ից)` 255, Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով՝ 22.000: Նրանցից 1118-ը ՀՀ-ում ստացել է փախստականի կարգավիճակ:

Զանգվածային ներհոսքին պետք է պատրաստ լինել, այնինչ Սիրիայում և Ուկրաինայում ծագած հակամարտությունը ցույց տվեց, որ «Հատուկ կացարան»-ի հնարավորությունները, որտեղ բնակվում են ապաստան հայցողները մինչ իրենց դիմումների վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը, հեռու են բավարար համարվելուց: 2017-20թթ. այս խնիդրները նախատեսված է կարգավորել:

Ի՞նչ է սպասվում երկարաժամկետ միգրանտներին

 Հայաստանում գտնվող օտարերկրացիներին ներգաղթի պայմանների և աշխատանքային շուկայի հնարավորություններից օգտվելու, աշխատանքային իրավունքների, սոցիալական ապահովության հասանելիության, և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը որևէ հիմնարկի վրա դրված չէ: Չկա օրենք, որով կկարգավորվի օտարերկրացիների համար  հայերեն լեզվի ուսուցումը:

Անցած վեց տարիների ընթացքում Հայաստան վերադարձած շուրջ 12.000 քաղաքացիների վերաինտեգրման աջակացություն են ցուցաբերել միջազգային կառույցները: Այսինքն, եթե այդ կառույցները չեն ֆինանսավորում, պետությունը ոչինչ չի անում:

Այժմ նախատեսվում է 2018-19թթ. մշակել ՀՀ վերադարձողների վերաինտեգրման պետական  քաղաքականություն և ՀՀ-ում երկարաժամկետ իմիգրանտների, փախստակների ինտեգրման շարունակական քաղաքականություն: Այդ ուղղությամբ զբաղվող հիմնարկները կհզորացվեն: Վերադառնալ ցանկացողներին կտեղակացնեն իրենց խնդիրների լուծման հերթականության մասին:

Ինչպե՞ս օգտագործել միգրանտի ներուժը

Միգրացիան մեծ դեր ունի միգրանտների ծագման երկրների զարգացման, աղքատության կրճատման վրա: Միգրանտները հայրենիքում մնացած ընտանիքի անդամներին օգնելու միջոցով են այդ խնդիրը լուծում, էմիգրանտներն իրենց հետ բերում են փորձ, հմտություններ, երբեմն՝ ֆինանսական կապիտալ: Յուրաքանչյուր տարի ֆիզիկական անձինք ոչ առևտրային նպատակով դեպի Հայաստան մեկ մլրդ դոլարից ավելի դրամական փոխանցումներ են անում, որը կազմում է ՀՆԱ-ի 10 տոկոսից ավելին:

Փոխանցումներն արվում են հիմնականում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Գերմանիայից և Ֆրանսիայից: Միգրանտների տրանսֆերտների ճնշող մեծամասնությունն ուղղվում է առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների սպառմանը:

2017-21 թվականներին նախատեսվում է դրամական փոխանցում ստացողների մոտ ֆինանսական գրագիտության բարձրացում, որպեսզի ուղարկված գումարները նրանք նաև ձեռնարկատիրական գործունեության վրա ներդնեն:

Միգրանտին արտասահմանում աշխատանքի տեղավորման համար օգտակար նախապատատում կարվի, նրան կսովորեցնեն այլ երկրների՝ իրեն վերաբերող օրենքները և նորմերը, զբաղվածության հնարավորությունները և այլն: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր կմշակվեն՝ արտերկրում բնակվող բարձր որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիների ներուժի օգտագործման համար, հատկապես ֆինանսներ ունեցողներին կներգրավեն ներդրումային ծրագրերում:

Ինչպե՞ս պաշտպանել արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիներին

 Հայաստանից մեկնող միգրացիոն հոսքերը հիմնականում ունեն աշխատանքային բնույթ, մեկնումներն էլ հիմնականում ՌԴ են: Մենք ունենք պայմանագրեր արտերկրում մասնավոր միջնորդական ընկերությունների հետ, որոնք պետք է արտագնա աշխատանքի մեկնած երկրներում մեր քաղաքացիների համար աշխատանքի հնարավորություններ ստեղծեն: Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում սկսել են գործել 7 միգրացիոն ռեսուրս կենտրոններ: Միացել ենք միջազգային փաստաթղթերի: Բայց միևնույն է՝ մարդկանց շահերը ոտնահարվում են:

Ռազմավարությամբ արտագնա աշխատանքի մեկնողների համար նախատեսվում է աշխատանքային հարցերով հյուպատոսական կցորդների ինստիտուտ ներդնել, առաջնահերթ՝ ՌԴ-ում: Խորհրդատվության, թարգմանչական օգնության, ադապտացման, հայրենի մշակույթի հետ կապերի պահպանման, օտարերկրյա գործատուի հետ տարաձայնությունների և այլ դեպքերում հայաստանցիները կդիմեն նրան:

Կընդլայնվի նաև միգրացիոն ռեսուրս կենտրոնների ցանցը: Աշխատանքային միգրացիայի տեսանկյունից առավել հետաքրքություն ներկայացնող պետությունների հետ միգրանտների և ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն: Կստեղծվեն հնարավորություններ նրանց աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանների, անվճար բուժսպասարկում ստանալու մասով:

Նշենք, որ այդ իրավունքները խախտված են հիմնականում ՌԴ-ում, որտեղ բնակվում է ՀՀ  եկարաժամկետ  միգրանտների 70-75%-ը, իսկ   կարճաժամկետ, սեզոնային  աշխատանքային  միգրանտների 96%-ը:

Անօրինական միգրացիայի դեմ պայքարը

Հայաստանը նախատեսում է լուրջ պայքար ինչպես Հայաստանից սկիզբ առնող, այնպես  էլ դեպի Հայաստան  ուղղվող անօրինական միգրացիոն հոսքերի դեմ:

Սովորաբար անօրինական միգրացիան ՀՀ-ից սկիզբ է առնում որպես օրինական տեղաշարժ, հետագայում մուտքի երկրում վերաճում Է անօրինականի` ժամկետանց վիզայով  այնտեղ  գտնվելու  կամ առանց  համապատասխան  թույլտվության   աշխատելու  պատճառով:

Սրա առաջը փակելը հեշտ չէ: Ինտեգրված սահմանային կառավարման նոր համակարգը տարբերակներից մեկն է, որն ապահովում է սահմաններում մարդկանց, ապրանքների ու շարժական միջոցների պարզեցված, սակայն վերահսկելի ու անվտանգ  տեղաշարժ: Մուտքի երկրներում կիրառվում են անօրինական միգրանտների հետընդունման (ռեադմիսիայի) վերաբերյալ համաձայնագրերը:

Հայաստանը 12 պետությունների հետ ունի նման համաձայնագրեր, իսկ ԵՄ-ի հետ կնքել է 2013-ին: Նախատեսվում են նաև Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի հետ: Հայաստանում ծրագրեր են մշակվում, որպեսզի վերադարձած միգրանտների վերաինտեգրում տեղի ունենա:

ՀՀ քրեական օրենսգրքում անօրինական  միգրացիայի կազմակերպումը որակվել է որպես քրեորեն պատժելի արարք: Վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ երրորդ  երկրների քաղաքացիները Հայաստան են ժամանում իրենց անձնագրերով, սակայն  փորձում են ՀՀ-ից դուրս գալ Շենգենյան զոնայի  երկրների  քաղաքացիների կեղծ անձնագրերով: Եվրոպա  հասնելու համար նման միջոցներ են օգտագործում հիմնականում Իրանի, Սիրիայի, Լիբանանի և աֆրիկյան երկրների քաղաքացիները: Նման դեպքերի թիվը հասնում է 2 հազարի:

Միջազգային կապերը

 Ինչպես բոլոր խոշոր ծրագրերում, այստեղ ևս Հայաստանն առանց աջակցության, հատկապես՝ ԵՄ-ի, ոչինչ անել չի կարող:

2016 թվականին միգրացիայի ոլորտում հանրաճանաչ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը Երևանում հիմնեց իր մշտական գրասենյակը: Կենտրոնը ԵՄ ֆինանսավորմամբ ներկայումս իրականացնում է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագիրը: Փորձ է արվում միջազգային ծրագրերով ինտեգրել Հայաստան վերադարձածներին:

Խնդիրները կարող են փոքրանալ գլխավորապես վիզաների դյուրացմամբ: Սա կարևորվում է  հատկապես ԵՄ հետ: Միջազգային օժանդակությամբ պետք է պայմաններ ստեղծվեն ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովման և  իրավունքների ու շահերի պաշտպանության համար: Պետք է դյուրացվեն երիտասարդ և բարձր որակավորում ունեցող մասնագետների, ԲՈՒՀ-երի շրջանավարտներ, արվեստի ներկայացուցիչներ և այլ անձանց գտնվելու պայմանները:

Ակնկալվող արդյունքը

 4 տարի անց՝ 2021 թվականին, եթե այս ռազմավարությունն իրականություն դառնա, թե տնտեսությունը կզարգանա, թե մասնագիտական պոտենցյալը, թե կպարզեցվեն երկիր մուտքն ու ելքը, թե ԵՄ և ԵՏՄ երկրներում քաղաքացիության իրավունքը, աշխատողների օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանված կլինեն: Գլխավորապես, պետք է միգրանտների և Սփյուռքիւ կարողություններն օգտագործել երկրի զարգացմանը: Վերադարձող միգրանտները ևս աջակցություն կստանան: Փաստենք, սակայն, որ նման որակյալ ռազմավարության ամբողջական իրականացման կասկածներ կան՝ նախորդ 3-ի փորձից ելնելով:


Կարդալ ավելին JAMnews-ում