Սակայն նրանք վստահ են, որ Եվրամիությունը կարող է օգնել Հայաստանին նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից" />

Հայաստանի նոր իշխանություններն ու Եվրամիությունը դեռ զննում են միմյանց, կարծում են հայ փորձագետներ

Սակայն նրանք վստահ են, որ Եվրամիությունը կարող է օգնել Հայաստանին նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից

Երևանում կայացել է JAMnews-ի «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները հեղափոխությունից հետո: Ի՞նչը խանգարեց դրական շրջադարձին» հրապարակման քննարկում, որին մասնակցել են JAMnews-ի հոդվածի հեղինակ, վերլուծաբան Վահան Հունանյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, քաղաքագետ Արմենակ Մինասյանցը:

Վահան Հունանյանը կարծում է, որ Հայաստանի նոր իշխանություները և ԵՄ-ն դեռ ծանոթանում են միմյանց հետ: Կողմերի օրակարգում զգալի փոփոխություններ չկան, և օգնությունը, որը ԵՄ-ն պատրաստվում է տրամադրել Հայաստանին, նախատեսված է եղել նախքան հեղափոխությունը.

«Դժվար է ասել՝ Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունները ընթանում են դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը: Հիմա ավելի շատ ստատիկ իրավիճակ է: Օրակարգը զգալիորեն չի փոխվել: ԵՄ-ում ոգևորությամբ ընդունեցին այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում: Սակայն այս պահին ամենաբարձր մակարդակի հռետորաբանությունից զատ գործնական քայլեր չկան»:

Հայաստանի հանդեպ ԵՄ քաղաքականությունը կարող է պայմանավորված լինել հայկական նոր իշխանությունների հայտարարություններով, կարծում է Վահան Հունանյանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունում ռևերսներ չեն լինելու: Հետևաբար, եվրոպացի գործընկերները հարկ չեն համարում արմատապես փոխել իրենց մոտեցումը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ 5 ամիսը բավարար չէ լուրջ փոփոխությունների համար: Փորձագետը նշում է, որ ԵՄ-ից խոշոր ֆինանսական օգնության նոր տրանշերը հաստատվում են տարեկան բյուջեում, իսկ դա հնարավոր է միայն հաջորդ տարի.

 «Ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները զարգանալու են: Կավելանա Հայաստանին տրվող օգնությունը: Խոշոր եվրոպական ընկերությունները սկսել են ավելի ինտենսիվ կերպով հետաքրքրվել Հայաստանով: Եվրոպացիները խելամիտ մարդիկ են: Եվ նրանք հավատում են գործին, այլ ոչ թե խոսքին: Իսկ գործերի համար ժամանակ և հետևողական քայլեր են անհրաժեշտ»:

Պապյանը վստահ է, որ շատ բան կախված է լինելու Հայաստանում նախանշվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից:

 «Ընտրություններին սպասելիս մենք կորցնում ենք ոչ միայն ներդրողներին, այլ նաև ԵՄ-ից ֆինանսական օգնության ավելացման հնարավորությունից: Բնականաբար, աշխարհաքաղաքական գործոնը կարևոր է, «ավելի շատն ավելի շատի դիմաց» սկզբունքն աշխատում է: Զարմանալի կլիներ, եթե ԵՄ-ի մեզ հատկացվող ֆինանսավորումն ավելացվեր այն պայմաններում, երբ մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է: Այդպես չի լինում:

Կամ դու մեր դաշնակիցն ես, և մենք քեզ փող ենք տալիս, կամ Ռուսաստանի դաշնակիցն ես, և փողը ստանում ես Ռուսաստանից: Եթե մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ մեր արտաքին քաղաքականությունը չի փոխվելու, մենք չենք կարող զգալի փոոփոխությունների հույս ունենալ»:

Փորձագետը նշում է, որ պաշտոնական Երևանի հռետորաբանությունը շուտով կփոխվի, քանի որ ԵՄ հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտություն կա. երկրի անվտանգությունը որոշվում է ոչ միայն սահմանների պաշտպանությամբ:

Քաղաքագետ Արմենակ Մինասյանցն, իր հերթին, կարծում է, որ եվրոպացի գործընկերների վերջին տարիների հայտարարությունները կոռուպցիայի դեմ պայքարելու, դատական համակարգում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին այժմ համընկնում են հայկական իշխանությունների քաղաքականության հետ: Եվ դա կարող է մեծ դեր խաղալ երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացման գործում:

«ԵՄ հռետորաբանությունը փոխվում է: ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին ընտրական համակարգը բարեփոխելու ճանապարհին: Առանձին ոլորտների պատասխանատուների հանդիպումներ են անցկացվում: Եվ ակտիվացումը նկատվում է հենց վերջին շաբաթների ընթացքում»:

Փորձագետները համակարծիք են, որ Եվրամիությունը կարող է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի կախվածության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ: Սակայն Արա Պապյանը կարծում է, որ գործնական քայլեր պետք է ձեռնարկի նաև Հայաստանը.

 «Ռուսաստանի մոտակա հարևանները կամ վասալների, կամ թշնամիների կարգավիճակում են: Նա դաշնակիցներ չունի: Ես ԵՄ կողմից պատրաստակամություն եմ տեսնում, սակայն շատ բան էլ մեզնից է կախված: Եվ Հայասատանը պետք է Վրաստանի և Իրանի հետ կապված տարածաշրջանային նախագծեր առաջարկի»:

Քննարկման մասնակիցները կարծում են, որ Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի կատարումը նորմալ հունով է ընթանում, անհանգստության պատճառ չկա: Մի քանի հարյուր էջանոց փաստաթուղթը երկրում զգալի բարեփոխումների անցկացում է ենթադրում, և դա իրականացնելու համար պարզապես ժամանակ է պետք:


Կարդալ ավելին JAMnews-ում