Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր, պայքարում էր Հայաստանի անդամակցության դեմ Ռուսաստանի հովանու տակ գործող Եվրասիական տնտեսական միությանը, այժմ նա նման խնդիր չի տեսնում " />

Հայաստանի նորընտիր վարչապետը հանդիպել է Ռուսաստանի նախագահին

Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր, պայքարում էր Հայաստանի անդամակցության դեմ Ռուսաստանի հովանու տակ գործող Եվրասիական տնտեսական միությանը, այժմ նա նման խնդիր չի տեսնում

Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սոչիում է՝ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: Ժամանակին որպես ընդդիմադիր գործիչ նա լրջորեն քննադատում էր այս կառույցը:

Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա ասել է, որ Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերություններին՝ թե քաղաքական, թե տնտեսական ոլորտներում:

«Հույս ունենք մեր հարաբերությունները զարգացնել նաև ռազմաարդյունաբերության ոլորտում: Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի ժամանակ»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Վլադիմիր Պուտինն էլ, իր հերթին, նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, տնտեսական կարևորագույն գործընկերը: Նա շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Նաև հույս է հայտնել, որ կողմերի միջև 25 տոկոս աճ գրանցած առևտրաշրջանառությունը կմեծանա:

Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել է, որ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ Հայաստանում կոնսենսուս կա, երբևէ կասկածի տակ չի դրվել ու չի դրվի դրանց կարևորությունը:

Ամիսներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության տեսակետը, նա հայտարարում էր, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում անելիք չունի, որ «ԵԱՏՄ կազմում ՀՀ-ի մնալու միակ հիմնավորումը շանտաժն է», «ԵԱՏՄ-ն բացի վնասից, ոչ մի օգուտ չի բերել Հայաստանին» և «ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել»:

2017թ.-ի սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակցությունը Ազգային ժողովում շրջանառության մեջ էր դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագիծ, առաջարկում էր ստեղծել հանձնաժողով՝ հարցը քննարկելու համար: Խորհրդարանական լսումներից հետո, երբ Հայաստանի արդեն նախկին իշխանությունները հակափաստարկներ էին բերում, որ ԵԱՏՄ-ն լքելու կարիք չկա, Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Ելք«-ը իշխանություններին 10:02 հաղթեց փաստարկներով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առումով»:

Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Փաշինյանն այլևս նման կտրուկ տեսակետներով հանդես չի գալիս: Ավելին՝ վարչապետի թեկնածու առաջադրվելուց հետո նա ասել է, որ իր պաշտոնավարման ժամանակ Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու խնդիր չի դրվելու:

«Երբ ընդդիմություն ես, որը հնարավորություն չունի խնդիրները, որոնք կան այս կամ այն կառույցում, քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում, այսինքն՝ համապատասխան երկրների իշխանությունների հետ, տարբերակներից մեկն է, որ խնդիրները բարձրաձայնվեն և արձագանք ստանան:

Երբ իշխանություն ես, հնարավորություն ունես խնդիրները փաստաթղթավորել, քննարկել գործընկեր երկրների հետ և համբերատար երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել: Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում դրական արդյունքներ կլինեն: ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու: Բայց դա չի նշանակում, որ ասում ենք, որ այնտեղ խնդիրներ չկան»,- այսպես էր բացատրել իր նախկին և ներկա դիրքորոշումների հակասությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում