Ազգային ժողովում առաջին վեճերը տեղի ունեցան երկու կուսակցությունների պատգամավորների միջև, որոնք հավակնում են ընդդիմության դերին և փոխխոսնակի պաշտոնին" />

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը բուռն քննարկումներով անցավ

Ազգային ժողովում առաջին վեճերը տեղի ունեցան երկու կուսակցությունների պատգամավորների միջև, որոնք հավակնում են ընդդիմության դերին և փոխխոսնակի պաշտոնին

Հայաստանում կայացել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Դրան մասնակցել են բոլոր 132 պատգամավորները։

Ինչպե՞ս է սկսվել նիստը

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ առաջին նիստը բացել է տարիքով ամենամեծ պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ 73-ամյա Կնյազ Հասանովը։

«Հայաստանի տարածքում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների անունից մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ հայ ժողովրդին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն՝ ի դեմ նրա առաջնորդ հարգելի պ-ն Փաշինյանին այն բանի հաար, որ ազգային փոքրամասնությունները ներկայացված են Ազգային ժողովում։ Թույլ տվեք ինձ՝ որպես ամենատարիքով պատգամավորին, ․․․7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հայտարարել բացված»։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նույնպես օրհնության խոսքերով դիմեց պատգամավորներին։

Առաջին նիստին ելույթ ունեցավ նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա նշեց, որ նորընտիր խորհրդարանին ծանր աշխատանք է սպասվում՝ հաշվի առնելով դրա առջև կանգնած խնդիրները․

«Խորհրդարանն այն տեղն է, որտեղ պետք է բախվեն գաղափարները և տեսակետները: Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք՝ հակառակորդներ»։

Նիկոլ Փաշինյանի մասին․ թե ինչպես ընդդիմադիր գործիչը դարձավ Հայաստանի վարչապետը

Հայաստանի խորհրդարանում մեծամասնությունը հեղափոխության առաջնորդ Փաշինյանի դաշինքինն է լինելու

 

Նոր խորհրդարանի առաջին որոշումը

Առաջին նիստին պատգամավորները խոսնակի պաշտոնում միաձայն ընտրեցին «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Արարատ Միրզոյանին։ Հայկական «թավշյա» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքն ընտրություններին հավաքել է ձայների ավելի քան 70 տոկոսը, և այժմ այն ունի մանդատների բացարձակ մեծամասնություն։ Այնպես որ, իրենց որոշումները նոր գումարման խորհրդարանում հաստատելու խնդիրներ Փաշինյանի կողմնակիցները չեն ունենա։

Սակայն Միրզոյանի թեկնածության օգտին քվեարկեց 132 պատգամավորից 131-ը․ քվեաթերթիկներից մեկն անվավեր էր ճանաչվել։

Խոսնակը զգացված էր իր թեկնածության միաձայն հաստատմամբ․

«Դա շատ է պարտավորեցնում, և ես կաշխատեմ հիշել այդ պարտավորության մասին խոսնակի պաշտոնում իմ աշխատանքի ողջ ընթացքում»։

Ինչպե՞ս են բաշխվելու փոխխոսնակների պաշտոնները

Իշխող կուսակցության երկու փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածություններն ավելի վաղ էին հայտարարվել։

Խորհրդարանում առաջին երկար քննարկումներն այն հարցի շուրջ ծավալվեցին, թե որ կուսակցության թեկնածուն է ընդդիմությունից հավակնելու փոխխոսնակի պաշտոնին։ Խորհրդարանում ներկայացված մյուս երկու քաղաքական ուժերը հավակնում են ընդդիմության դերին և իրենց թեկնածուներին են առաջադրել։

Ընդդիմադիր խմբակցությունների՝ փոխխոսնակի թեկնածուներն են Վահե Էնֆիաջյանը «Բարգավաճ Հայաստանից» և Մանե Թանդիլյանը «Լուսավոր Հայաստանից»։

Այս հարցով քվեարկությունը հետաձգվեց մինչև հաջորդ նիստը․ և այստեղ վճռորոշ կլինի իշխող մեծամասնության դիրքորոշումը։ Այն արդեն բարձրաձայնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը․

«Մենք կընտրենք այն ընդդիմությանը, որը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամենաշատ ձայները։ Ցանկացնում եմ ընդգծել, որ մեր որոշումը սկզբունքային և քաղաքական է, որը կայացվել է ոչ թե անձերի ընտրության, անձնական հարաբերությունների հիման վրա, այլ զուտ սկզբունքային դիրքորոշում է»։

Դա նշանակում է, որ մեծամասնությունն ընտրելու է Վահե Էնֆիաջյանին՝ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչին։

Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց

Այդ ընթացքում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակեց։ Օրենսդրության համաձայն՝ նախագահն Ազգային ժողովի լիազորությունների իրացման մեկնարկից անմիջապես հետո վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ «Իմ քայլը» խմբակցությունը, բնականաբար, նախագահին էր ներկայացրել իր առաջնորդի թեկնածությունը։

Եվ նախագահ Սարգսյանը հեղափոխությունից հետո արդեն երկրորդ անգամ ստորագրեց Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը։


Կարդալ ավելին JAMnews-ում