Այդ ֆոնին Սարգսյանի համախոհները հայտարարում են, որ նոր իշխանությունները «կետային հարվածներ են հասցնում հստակ մարդկանց» " />

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կասկածվում է սպանության փորձի մեջ

Այդ ֆոնին Սարգսյանի համախոհները հայտարարում են, որ նոր իշխանությունները «կետային հարվածներ են հասցնում հստակ մարդկանց»

Հայաստանի իրավապահ մարմինները վերսկսել են 11 տարվա վաղեմության քրեական գործի հետաքննությունը: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանին կասկածում են սպանության փորձ կատարելու մեջ:

Քննչական կոմիտեն ներկայացնում է միջադեպի մանրամասները. 2007 թվականի ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել Երևան քաղաքի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հոսպիտալացման վերաբերյալ: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Երևանի մեկ այլ բնակիչ Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, որ գտել է այն և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին:

Քրեական գործ է հարուցվել, սակայն հետագայում այն կարճվել է կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

11 տարի անց Հայաստանի գլխավոր դատախազը որոշում է կայացրել կրկին թնթացք տալ այս քրեական գործին, քանի որ նոր, նախկինում անհայտ հանգամանքներ են ի հայտ եկել: Մասնավորապես, պարզվել է, որ տուժածի վրա կրակել է ոչ թե Արթուր Ղևոնդյանն, այլ Հայկ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի հարազատ եղբոր որդին: Առերես հարցաքննությունից հետո Հայկ Սարգսյանն այս գործով անցնում է որպես կասկածյալ:

Իշխանափոխությունից և Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի անդամները կոռուպցիոն մերկացումների և քրեական գործերի կենտրոնում են հայտնվել:

Ամենաաղմկահարույցը դրանցից գեներալ Մանվել Գրիգորյանի գործն է, որը նաև խորհրդարանի պատգամավոր էր: Նրա տանը տասնյակ թանկարժեք մեքենաներ, անշարժ գույքի սեփականության վկայականներ, զենք, բանակի համար նախատեսված մթերք և անգամ անձնական կենդանաբանական այգի են հայտնաբերել:

•  Հայաստանում խոշոր կոռուպցիոն սկանդալի մասին. հայտնի պատգամավորը ենթադրաբար գրպանել է զինվորի բաժինը

Հուլիսի 4-ին ամբողջ օրն Ազգային անվտանգության ծառայությունը գտնվում էր նախկին նախագահ Սարգսյանի եղբոր տանը: Դեռևս չի հաղորդվում, թե հստակ ինչ գործողություններ են իրականացրել ԱԱԾ աշխատակիցները և ինչ կարգավիճակով է նրանց հետ իր տնից մեկնել Ալեքսանդր Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի կուսակիցներից մեկը՝ Հայաստանի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, հայտարարել է, որ «նոր իշխանությունները գործում են կոնկրետ մարդկանց դեմ» և խախտում Սահմանադրությունը։ Ըստ նրա՝ նոր իշխանության գործողությունները շատ կարևոր են, և չի կարելի դրանք արժեզրկել` հակասելով օրենքին։

Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել է, որ խոշոր հարստացումները, որոնք բացատրություն չունեն և նշված չեն եկամուտների հայտարարագրում, հանցագործություն չէին համարվում մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։  Իսկ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն, չի կարելի հետին թվով պատժել նրա համար, ինչը հանցագործությունը կատարելու պահին հանցագործություն չէր համարվում։

«Ես հասկանում եմ, որ իշխանություններին հարկավոր է ամեն օր պահել լարվածությունը, սակայն չեմ կարծում, որ դա պետք է անել նման գնով», – ասել է Հարությունյանը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում