Այդ նույն իրադարձությունների կապակցությամբ հետախուզում է հայտարարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հանդեպ" />

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննման է կանչվել մարտի 1-ի գործով

Այդ նույն իրադարձությունների կապակցությամբ հետախուզում է հայտարարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հանդեպ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության են կանչում 2008թ-ի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների գործով:

2008թ-ի փետրվարի 18-ին նախագահական ընտրություններից հետո Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական դաշինքի կողմնակիցները պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները: Նրանք պնդում էին, որ ընտրությունների արդյունքում իրականում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Տասն օր շարունակ՝ մինչև մարտի 1-ը, հազարավոր մարդիկ հրապարակից տուն չէին գնում՝ շուրջօրյա մասնակցելով ցույցերին:

 

2008թ-ի մարտի 1-ին ցույցը ցրելու ժամանակ մարտական զենք էր կիրառվել, 10 մարդ էր զոհվել՝ 8 քաղաքացիական անձ և ոստիկանության երկու աշխատակից: Այդ իրադարձությունների ընթացքում երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ քվեարկության արդյունքում ընտրվել էր Սերժ Սարգսյանը: Սակայն նա դեռ չէր սկսել պաշտոնավարել:

Նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շտապել է հայտարարել, որ իրենք ծանուցում չեն ստացել.

«Հիմա ժամը 5-ն է: Տվյալ պահին որևէ նամակ, ծանուցում մեք չենք ստացել»:

Որպես մարտի 1-ի գործող մեղադրյալ հետախուզում է հայտարարվել և դատարանի որոշմամբ հեռակա կարգով կալանավորվել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:

Հայկական լրատվամիջոցները փոխանցում են Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունը, որում ասվում է. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք Հայաստանում հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակցող քաղաքացիների դեմ: Այն դեպքում, երբ նախագահը կարող էր ռազմական դրություն հայտարարել և բանակն օգտագործելու մասին որոշում կայացնել Հայաստանի վրա զինված հարձակման կամ պատերազմ հայտարարելու դեպքում:

Խախտվել է 2008թ-ին գործող Սահմանադրության հոդվածը, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»:

Փետրվարի 23-ին նախկին նախարարը ստորագրել է հույժ գաղտնի «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ» հրամանը, որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր»:

ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են նաև բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով: Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր:

Մարտի 1-ի երեկոյան զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու ուղղությամբ: Զոհվել է 10 մարդ:

Թվարկված փաստերի հիման վրա գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել:

ՀՔԾ հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ 2008թ-ի նախագահական ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով: Ընտրակեղծիքները վերագրվում էին այն ժամանակվա դեռ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախագահական ընտրությունների մասնակից Սերժ Սարգսյանին:

«Մարտի 1-ի» գործի բացահայտման անհրաժեշտության մասին էր խոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ընդ որում՝ այդ պաշտոնում ընտրվելուց շատ ավելի վաղ:

2008թ-ի նախագահական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը: Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեղադրվում էր զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ, և մեկ տարի չորս ամիս ընդհատակն անցավ:

2010թ-ի հուլիսի 1-ին նա ինքնակամ դատախազություն ներկայացավ, կալանավորվեց և 7 տարվա ազատազրկման դատապարտվեց: Մեկ տարի և 11 ամիս անց Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համաներումը նրա վրա էլ տարածվեց: Ընդդիմությունը պդնում էր այն ժամանակ, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին գնալ միջազգային կառույցների ճնշման տակ:


Կարդալ ավելին JAMnews-ում