Նա ազատության մեջ անցկացրեց մոտ մեկ ամիս։ Բոլոր մանրամասները, թե ինչում է մեղադրվում Քոչարյանն, ինչպես է ընթանում քննությունը և ինչ է այդ մասին մտածում ինքը՝ մեղադրյալը" />

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորված է

Նա ազատության մեջ անցկացրեց մոտ մեկ ամիս։ Բոլոր մանրամասները, թե ինչում է մեղադրվում Քոչարյանն, ինչպես է ընթանում քննությունը և ինչ է այդ մասին մտածում ինքը՝ մեղադրյալը

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել է։ Այս մասին հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի նիստին հայտարարել է դատավոր Արմեն Դանիելյանը։

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազի և 2008թ-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի իրավահաջորդների միջնորդությունը։ Այն ժամանակ նախագահական ընտրությունների հետ անհամաձայն քաղաքացիների ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, որի հետևանքով տասը մարդ էր զոհվել։ Այդ առթիվ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Գլխավոր դատախազի և զոհերի հարազատների միջնորդությունները վերաբերում էին նախկին նախագահին կալանքից ազատ արձակելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմանը։

Դատարանը չեղարկել է Քոչարյանի հանդեպ դատական վարույթի կասեցման մասին վճիռն, ինչպես նաև հետ կանչել Սահմանադրական դատարան դիմումը։ Ավելի վաղ դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել էր սահմանադրական կարգի տապալման մասին քրեական գործի վարույթն ու այն Սահմանադրական դատարան ուղարկել։ Այն պետք է որոշեր այդ հոդվածի սահմանադրականությունը։

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ է արձակվել

Մանրամասներ․ ինչում է մեղադրվում նախկին նախագահը

2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ։

Խոսքը  2008թ-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հետևած դեպքերի մասին է։ Այն ժամանակ հայկական ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը թեկնածուներից մեկն էր,  բողոքի ակցիաներ էր անցկացնում։ Ընդդիմադիրները վստահ էին, որ Տեր-Պետրոսյանն է հաղթել, և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին։

Ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, մարդիկ էին զոհվել։ Այն ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր։ Ըստ ԿԸՀ տվյալների ընտրված Սերժ Սարգսյանը դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ՝ ցույցը դաժանաբար ցրելու և սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում է Քոչարյանը։

«Մարտի 1»-ի գործի հետաքննությունը մեռյալ կետից սկսեց շարժվել հայկական «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նոր կառավարությունը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միանգամից սկսեց զբաղվել դրանով։

Հուլիսի 28-ին նախկին նախագահն առաջին անգամ կալանավորվեց «Մարտի 1»-ի գործով։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին։ Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանաչեց ավելի վաղ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա կալանավորվել էր։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։

2018 թ-ի օգոստոսին Քոչարյանին ազատ արձակելուց հետո՝ նոյեմբերի 15-ին, Վճռաբեկ դատարանը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան նոր քննություն իրականացնելու համար։ Եվ 2018թ-ի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։

Այդ օրվանից Հայաստանի երկրորդ նախագահը կրկին բանտում էր մինչև 2019թ-ի մայիսի 18-ը։ Այդ օրը, քննելով Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, դատավոր Դավիթ Գրիգորյանը նրան կալանքից ազատ արձակելու որոշում էր կայացրել։ Նա հաշվի էր առել Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը։ Նրանք դատարանին իրենց պատասխանատվության տակ խնդրել էին Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխել՝ հաշվի առնելով «նրա ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, ղարաբաղյան պատերազմում և հայկական բանակի կայացման գործում»։

Սակայն 2019թ-ի փետրվարից նրա դեմ ևս մեկ մեղադրանք առաջադրվեց՝ 927 մլն դրամ [մոտ $3 մլն] կաշառք ստանալու համար։ Մեղադրանքը կապված էր 2018թ-ին նոյեմբերին նախկին նախագահի դեմ գործարար Սիլվա Համբարձումյանի արած հայտարարության հետ։

Քոչարյանը հայտարարել էր, որ երկրորդ գործն իր դեմ հարուցվել է, որպեսզի իր գույքի վրա կալանք դրվի։ Նա հիշեցրել է, որ առաջին մեղադրանքով իր գույքի վրա կալանք արդեն դրվել է։ Սակայն սահմանադրական կարգի տապալման գործով լրացուցիչ պատժամիջոց՝ մասնավորապես գույքի բռնագանձում չի ենթադրվում, ինչը չի բացառվում ենթադրվող կաշառքի մասին գործով։

Նախկին նախագահն իր դեմ առաջադրված ոչ մի մեղադրանք չի ընդունում և դրանք որակում է որպես Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական պատվեր և վենդետա։

Հայաստանի երկրորդ նախագահին նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափի կալանքի ստացում

Քոչարյանը 2008թ-ի անկարգությունների համար պատասխանատվությունը Փաշինյանի վրա է դնում

Հունիսի 24-ին տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նախկին նախագահ Քոչարյանը հայտարարել էր․

«Հայաստանի ներկայիս վարչապետն ուղիղ պատասխանատվություն է կրում 2008թ-ի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների համար և ցանկանում է վերանայել պատմությունն ու մեղավորների գտնել։ Նրա պատկերացմամբ մեղավորը ես եմ»։

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ կարիերայի ընթացքում խիստ ընդդիմադիր կեցվածք է ունեցել։ 2008թ-ի նախագահական ընտրություններին նա ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Նա ակտիվորեն մասնակցում էր նաև բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքների պատճառով։

2010թ-ի հուլիսի 1-ին Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նրա վրա տարածվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը։ Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին գնացել՝ միջազգային կառույցների ճնշման տակ։

Նախօրեին տված հարցազրույցում, Քոչարյանն իր գործով դատարանի որոշման հրապարակման վերաբերյալ, որը պետք է հրապարակվեր 2019թ-ի հունիսի 25-ին, ասել է, թե իր համար դրական վճիռ չի սպասում։ Նրա խոսքով, գործի լսումների ժամանակ «արվել է ամեն ինչ, որ պաշտպանությունը չկարողանա ներկայացնել իր դիրքորոշումը»։

Ռոբերտ Քոչարյանը բացահայտ և ոչ առաջին անգամ արտահայտել է իր վերաբերմունքը երկրի գործող իշխանությունների հանդեպ․

«Ակնհայտ է, որ ես այս իշխանությանը դեմ եմ լինելու։ Քաղաքական գործընթացները ցույց կտան՝ հիմնական, թե ոչ հիմնական և թե ինչ դեր ես կխաղամ ընդդիմադիր դաշտում»։

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է վերադառնում կալանքից հետո

Միաժամանակ Հայաստանի երկրորդ նախագահն ուղիղ պատասխան չի տվել լրագրողի այն հարցին, թե որդյոք նա պատրաստվում է կրկին իշխանության գալ․

«Եթե լինեն ավելի երիտասարդ, աշխույժ, խորը գիտելիքներով մարդիկ, որոնց մեջ ուժ տեսնեմ, որն ունակ կլինի երկիրն առաջ տանելու, խնդիր չեմ տեսնում, ընդհակառակը, ես կուրախանամ՝ տեսնելով այդ մարդկանց։ Բայց․․․ այս հարցը դեռ բաց թողնենք»։


Կարդալ ավելին JAMnews-ում