Մինչև եզրակացություն ստանալը Ռոբերտ Քոչարյանի գործը Հայաստանի Սահմանադրական դատարանում կկասեցվի" />

Հայաստանի նախկին նախագահի քրեական գործը կքննի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը

Մինչև եզրակացություն ստանալը Ռոբերտ Քոչարյանի գործը Հայաստանի Սահմանադրական դատարանում կկասեցվի

Հայաստանի Սահմանադրական դատարանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողով երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվություն ստանալու նպատակով։ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Սահմանադրական դատարանն այդ քայլին է դիմել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Հայաստանի երկրորդ նախագահի հայտարարությունների հիման վրա։ Դրանք վերաբերում են այն հարցին, թե արդյոք Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանքը (սահմանադրական կարգի տապալում) համապատասխանում է երկրի գլխավոր օրենքին։ Մինչև եզրակացություն ստանալը Ռոբերտ Քոչարյանի գործը Հայաստանի Սահմանադրական դատարանում կասեցվել է։

Նա շարունակում է կալանքի տակ մնալ։

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել է

Հայաստանի երկրորդ նախագահին նոր մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը

Գործի բոլոր մանրամասները

Հայաստանի երկրորդ նախագահն առաջին անգամ կալանավորվել է «Մարտի 1»-ի գործով 2018 թ-ի հուլիսի 28-ին։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ են արձակել։ Վերաքննիչ դատարանն ապօրինի է ճանաչել ավելի վաղ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա կալանավորվել էր։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։

Գործը վերաբերում է 2008թ-ի մարտի 1-ի իրադարձություններին, որոնցով ավարտվեցին 2009թ-ի փետրվարի 19-ին նախագահական ընտրություններին հետևած բողոքի ակցիաները։ Հայկական ընդդիմությունն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, որը թեկնածուներից մեկն էր, երկու շաբաթ շարունակ անդադար բողոքի ակցիաներ էր անցկացնում։ Ընդդիմադիրները վստահ էին, որ հաղթել է Տեր-Պետրոսյանը, և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին։

Ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, մարդիկ էին զոհվել։ Այն ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրված Սերժ Սարգսյանը դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ՝ ցույցը դաժանաբար ցրելու և սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է Քոչարյանը։

«Մարտի 1»-ի գործի հետաքննությունը մեռյալ կետից սկսեց շարժվել հայկական «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նոր կառավարությունը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միանգամից սկսեց զբաղվել դրանով։

2018 թ-ի օգոստոսին Քոչարյանին ազատ արձակելուց հետո՝ նոյեմբերի 15-ին, Վճռաբեկ դատարանը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան նոր քննություն իրականացնելու համար։ Եվ 2018թ-ի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։ Այդ օրվանից Հայաստանի երկրորդ նախագահը կրկին բանտում էր մինչև 2019թ-ի մայիսի 18-ը։

Այդ օրը, քննելով Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, դատավոր Դավիթ Գրիգորյանը նրան կալանքից ազատ արձակելու որոշում էր կայացրել։ Նա հաշվի էր առել Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը։ Նրանք դատարանին իրենց պատասխանատվության տակ խնդրել էին Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխել՝ հաշվի առնելով նրա ավանդը ղարաբաղյան պատերազմի տարիներին, նաև հայկական երկու հանրապետությունների և հայկական բանակի կայացման գործում։

Բացի այդ, դատավորը Քոչարյանի գործն ուղարկել էր Սահմանադրական դատարան սահմանադրական կարգը տապալելու մեջ նախկին նախագահին առաջադրված մեղադրանքի սահմանադրական լինելու հարցը պարզելու, ինչպես նաև, ըստ Սահմանադրության, նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը սահմանելու համար։

Դրանից հետո Հայաստանի Գլխավոր դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում, որը հունիսի 25-ին որոշել էր կրկին կալանավորել երկրի նախկին ղեկավարին։

Քոչարյանն իր դեմ առաջադրված մեղադրանքը չի ընդունում և համարում է Հայաստանի ներկայիս իշխանությունների կոմից քաղաքական պատվեր և վենդետա։

Քոչարյանը 2008թ-ի անկարգությունների համար մեղադրում է վարչապետին

Հունիսի 24-ին, երբ Քոչարյանը դեռ ազատության մեջ էր, տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր․

«Հայաստանի ներկայիս վարչապետն ուղիղ պատասխանատվություն է կրում 2008թ-ի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների համար և ցանկանում է վերանայել պատմությունն ու մեղավորների գտնել։ Նրա պատկերացմամբ մեղավորը ես եմ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ կարիերայի ընթացքում մոլի ընդդիմադիր էր։ 2008թ-ի նախագահական ընտրություններին նա ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Նա ակտիվորեն մասնակցում էր նաև բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքների պատճառով։

2010թ-ի հուլիսի 1-ին Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նրա վրա տարածվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը։ Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին դիմել միջազգային կառույցների ճնշման տակ։

Վարչապետի հայտարարությունը

Վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Ազատություն ռադիոկայանին և հայտարարել, որ նախկին նախագահը քաղբանտարկյալ չէ․

«Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան և ցանկացած ընդդիմադիր դրսևորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»։

Կարծիք՝ Սահմանադրական դատարանից

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողով դիմելու որոշումը հետևյալ կերպ է բացատրել․

«Մենք դեռ վերջնական չենք կողմնորոշվում: Մեզ պետք է ունենալ նաև այդ կազմակերպությունների կարծիքները: Իսկ ո՞վ է ասում, որ էս պահին որևէ դատարան կարող է կողմնորոշվել, մինչև բոլոր կողմ և դեմ հարցերը չպարզաբանի իր համար»։

Ինչ վերաբերում է այդ ողջ գործի քաղաքական համատեքստին, Ալվինա Գյուլումյանը նշել է, որ «Սահմանադրական դատարանը միշտ վեր է կանգնած եղել քաղաքական ենթատեքստերից»։


Կարդալ ավելին JAMnews-ում