Իշխող կուսակցությունում կարծում են, որ նախկին նախագահի թիմը խոսում է հետապնդման մասին, քանի որ առաջադրված մեղադրանքի դեմ իրավական փաստարկներ չունի" />

Հայաստանի նախկին նախագահը հանցագո՞րծ է, թե՞ քաղաքական հետապնդման զոհ։ Փաստաբանները հայտարարում են Սերժ Սարգսյանի գործում կոպիտ խախտումների մասին

Իշխող կուսակցությունում կարծում են, որ նախկին նախագահի թիմը խոսում է հետապնդման մասին, քանի որ առաջադրված մեղադրանքի դեմ իրավական փաստարկներ չունի

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործի նյութերը նրա հանցանքը չեն ապացուցում։ Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել նրա փաստաբանները։

Խոսքը Սերժ Սարգսյանին առաջադրված այսպես կոչված «դիզելի» գործի մասին է։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և ավելի քան մեկ միլիոն դոլար բյուջետային միջոցների վատնման մեջ։

Նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությունով փոխանցվել է դատախազին։ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը կարծում է, որ գործն արդեն կարելի է դատարան ուղարկել։

Մինչ դեռ, Սերժ Սարգսյանի փաստաբանները հայտարարում են իրենց վստահորդի գործում կոպիտ խախտումների մասին և այն քաղաքական հետապնդում են համարում նոր իշխանությունների կողմից։

Պատասխանը չուշացավ։ Իշխող կուսակցությունից հայտարարել են, որ պետության նախկին ղեկավարի պաշտպանները պարզապես առաջադրված մեղադրանքի դեմ իրավական հիմքեր չունեն։

Ինչի՞ համար է մեղադրվում Սերժ Սարգսյանը․ բոլոր մանրամասները

Ինչո՞ւ են նստեցրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին

 Փաստաբանների հայտարարությունը

Նախկին նախագահի փաստաբանների թիմը հունվարի 21–ին հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է, որ Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ Քրեական օրենսգրքի կոպիտ խախտումներով։ Գործում բավականաչափ ապացույցներ չկան հանցագործության կատարման մասին։ Ավելին, Սարգսյանի պաշտպանները պնդում են, որ «հավաքված տվյալներն ակնհայտորեն վկայում են ընդհանրապես հանցակազմի բացակայության մասին»։

Նախկին նախագահի փաստաբանները պնդում են նաև, որ չկան ապացուցված փաստեր, որոնց հիման վրա կարելի էր որոշում կայացնել Սարգսյանի ունեցվածքի վրա կալանք դնելու մասին։

Բացի այդ, փաստաբանները մատնանշում են, որ քննչական մարմինը մերժել է իրենց միջնորդությունը գործն անաչառ և համակողմանիորեն հետաքննելու և գործի համար կարևոր ապացույցներ ստանալու վերաբերյալ։

«Դա հաստատում է մեր համոզմունքը, որ քրեադատավարական գործի փաթեթավորմամբ Սերժ Սարգսյանի դեմ քաղաքական հետապնդում է քողարկված», – ասված է հայտարարությունում։

Եվ ամենագլխավորը՝ փաստաբանները հիշեցնում են, որ, Հայաստանի Սահմանադրության համաձայն, նախագահն անձեռնմխելիություն ունի և չի կարող քրեական հետապնդման ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

Իշխող կուսակցության պատասխանը

«Իմ քայլն» իշխող խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի փաստաբանների հայտարարությանը։

Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի թիմը հարցը տեղափոխում է քաղաքական հարթություն, քանի որ մեղադրանքի դեմ իրավական փաստարկներ չունի․

«Եթե որևէ կերպ իշխող քաղաքական ուժը նպատակ ունենար քաղաքական ճնշումների գնալու, դա կաներ մեկ տարի առաջ, դա կաներ երկու տարի առաջ, ուղիղ հեղափոխությունից հետո և այդ իրավիճակում, չունենալով անգամ բավարար իրավական հիմքեր և բացառապես անգամ ելնելով տրամաբանությունից զուտ հեղափոխության և փիլիսոփայությունից, ինչը տարբեր երկրներում իրականացվել է։ Բայց մենք այդ ճանապարհով չենք գնացել, և էստեղ բացառապես այս ամենը, այս բոլոր գործերը պետք է դիտարկել իրավական դաշտում։ Իրավական դաշտից դուրս են բերում միայն իրենք՝ տանելով քաղաքական դաշտ, որովհետև իրենց դա ձեռնտու է, որովհետև միակ պաշտպանությունը էնտեղ կարող են ստանալ»։

Պատգամավորը մեկնաբանել է նաև նախագահի անձեռնմխելիության փաստը։

«Այն, ինչի համար այս պահին իր դեմ մեղադրանք է առաջադրված, որևէ կերպ չի բխել իր գործառույթներից և որևէ կերպ իր գործունեության շրջանակում չի եղել»։


Կարդալ ավելին JAMnews-ում