Երդման արարողությունը և երդման տեքստը սահմանված են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքով" />

Հայաստանի նախարարներն առաջին անգամ երդում են տվել բարեխղճորեն կատարել պարտականությունները

Երդման արարողությունը և երդման տեքստը սահմանված են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքով

Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում են տվել:

Երդման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի նախագահի նստավայրում: Նախ երդում է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա գործադիր մարմնի մյուս անդամները:

 

Երդման արարողությունը նախտեսված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքով: Նույն օրենքով էլ սահմանվել է երդման տեքստը.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Կառավարության անդամները մինչ նախագահական նստավայր մուտք գործելը ասել են լրագրողներին, որ դեմ չեն երդման գաղափարին։

«Որքան պարտավորեցնող, այնքան լավ»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Իսկ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը երդումից առավել կարևորել է անձնական պատասխանատվությունը:


Կարդալ ավելին JAMnews-ում