Շարքը կներառի երեք հոդված: Այս մեկում՝ ամեն ինչ նոր ձևավորված կառավարության մասին: Երկրորդ հրապարակումը կներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարը: Երրոդն էլ կպատմի ընտրական օրենսգրքում բարեփոխումների մասին" />

Հայաստանի «հեղափոխական» կառավարության կազմը: JAMnews-ի նոր շարքը նորացված Հայաստանի առաջին քայլերի մասին

Շարքը կներառի երեք հոդված: Այս մեկում՝ ամեն ինչ նոր ձևավորված կառավարության մասին: Երկրորդ հրապարակումը կներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարը: Երրոդն էլ կպատմի ընտրական օրենսգրքում բարեփոխումների մասին

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2018 թվականին կատարվեց իշխանափոխություն՝ թավշյա հեղափոխության արդյունքում: Մայիսի 8-ին ՀՀ ազգային ժողովը վավերացրեց երկրում իրականացված հեղափոխության արդյունքները՝ վարչապետ ընտրելով Նիկոլ Փաշինյանին:

JAMnews-ը սկսում է նոր շարք, որը կանդրադառնա հեղափոխական վարչապետի առաջին քայլերին: Այս հոդվածում՝ բոլոր մանրամասները Հայաստանի 15-րդ կառավարության մասին, որը ձևավորեց Փաշինյանը:

 Ս

ահմանադրությունը հնարավորություն էր տալիս նոր վարչապետին ձևավորել իր կաբինետը 15 օրում, բայց նշանակումներն արվեցին մեկ շաբաթում: Մայիսի 21-ին կառավարության նոր կազմը երդում տվեց և անցավ պարտականությունների կատարմանը:

Կառավարության կազմում են 3 փոխվարչապետ և 17 նախարար:

Կադրային լուծումները

Նիկոլ Փաշինյանը դեռ ընտրված չէր վարչապետ, երբ հայտարարեց կաբինետի ձևավորման իր սկզբունքները.

  • Կադրային ջարդ չենք անելու
  • «Ձերոնքականներ-մերոնքականներ» խնդիր չենք դնելու
  • Մեծ պոտենցիալ ունեցող աշխատողներին չենք ազատի
  • Ծանոթ-բարեկամ-խնամիական սկզբունքը կվերանա: 

Դատելով մասսայական պաշտոնանկություններից, կարելի է ենթադրել, որ նախկին կառավարությունում մեծ պոտենցյալ ունեցող մարդիկ շատ չէին:

Կառավարության տարբեր օղակների ղեկավարների մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են, այսինքն՝ «մերոնքականները», նրանց ընկերները, բարեկամները:

Երիտասարդների կառավարություն

Գործադիրից երկուսը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ամենաերիտասարդներն են: Ավինյանը 29 տարեկան է, Հայրապետյանը՝ 28:

Նախարարներից 9-ը՝ մինչև 40 տարեկան է, իսկ ամենատարեցն արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն է՝ 52 տարեկան:

Վարչապետ Փաշինյանը 43 տարեկան է:

Երիտասարդացումը վերաբերում է ոչ միայն նախարարներին, այլև փոփոխված բոլոր օղակներին: Լուսաշող գյուղի նորանշանակ ղեկավարն, օրինակ, 25-ամյա ուսանողուհի Նարինե Գալստյանն է:

Այս կապակցությամբ անհարմար իրավիճակներ էլ են ստեղծվել: Սփյուռքի նախարարի խորհրդական էր նշանակվել 27 տարեկան Վաղարշակ Հակոբյանը: Հայկական մեդիան գրեց. ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, նա իրավունք չունի ևս երեք տարի՝ մինչև 30 տարեկանը, խորհուրդ տալ:

Նախարարությունից պատասխանեցին, որ տարիքի առումով օրենքի խախտում չկա, Հակոբյանը համապատասխանում է պաշտոնի անձնագրով պահանջվող չափանիշներին: Սակայն նրան ազատեցին խորհրդականի պաշտոնից և օգնական նշանակեցին:

Հեղափոխական կառավարություն

Գործադիր մարմնի անդամներ նշանակվեցին, առաջին հերթին, նրանք, ովքեր մասնակցել էին հեղափոխական գործընթացներին, մասնավորապես,

  • երկու փոխվարչապետները;
  • կրթության և գիտության,
  • սփյուռքի,
  • տարածքային կառավարման և զարգացման նախարարները;
  • վերահսկողական կոմիտեի ղեկավարը;
  • անվտանգության խորհրդի քարտուղարը և այլք:

Ընդդիմադիրներն անմիջապես արձագանքեցին. պարգևատրվել են «չարչարանքների» համար:

Ուսյալ կառավարություն ՝ մաքուր անցյալով և փորձի պակասով

Կառավարության 20 անդամից 12-ը կրթություն են ստացել կամ դասընթացների են մասնակցել արտասահմանում. Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Ռուսաստանում:

Կառավարությունն առանձնանում է նաև նրանով, որ նախարարներից ոչ մեկն աչքի չի ընկել վատ վարքով և կասկածելի անցյալով:

Նոր կառավարությունն ունի աղքատ և ազնիվ թիմի համբավ: Կան անդամներ, որոնց եկամուտների հայտարարագիրը զրոյական է: Օրինակ, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանինը:

Կառավարությունը նաև անփորձ է, ինչը բխում է տարիքից: Սակայն նոր կառավարության շուրջ այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ մարդիկ միտումնավոր վայր են դնում թերահավատությունը և արդյունավետ աշխատանք մաղթում:

Տարակուսելի նշանակումներ

Այդուհանդերձ, նոր նշանակումներից ոչ բոլորը միանշանակ ընդունվեցին:

Տարակուսանք առաջացրեց, օրինակ, ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշամակումը: Նախկին իշխանությունների ժամանակ նա զբաղեցնում էր ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալի պաշտոնը: Եվ նա անձամբ էր վերահսկում իրավիճակը նախկին իշխանության որոշումների դեմ բողոքի ակցիաների ընթացքում:

Վարչապետ Փաշինյանն անձամբ բացատրեց մարդկանց, թե ինչու է նշանակել Օսիպյանին՝ ֆեյսբուկյան իր էջում ուղիղ միացման ընթացքում.

«Վալերի Օսիպյանը կոռումպացված չէ, և սա ոստիկանական համակարգում քիչ պատահող երևույթ է։ Նա նաև որևէ կլանի անդամ չէ, այդ թվում՝ ոստիկանական»։

Սակայն անհասկանալի մնացին ոստիկանությունում և ՊԵԿ-ում՝ նախկինում չարաշահումներ թույլ տված անձանց նշանակումները:

Հին կառավարությունից՝ նոր կառավարություն

Հին կառավարությունից նախարարի պորտֆելը պահպանեցին երեքը, բայց ոչ մեկը չմնաց իր այդ պահին զբաղեցրած պաշտոնին: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշանակվեց պաշտպանության նախարար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը գնաց ԱԻՆ, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգաման և ներդրումների նախարարություն:

Նախկին իշխող ՀՀԿ-ից ոչ ոք չմնաց կառավարությունում: ՀՀԿ-ն որոշել էր, որ իր անդամը կարող է սառեցնել կուսակցական անդամությունը և աշխատել կառավարությունում: Այդ հնարավորությունից օգտվեց միայն բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

Քաղաքական համաձայնություններ

Առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է կոալիցիա՝ առանց թղթային ձևակերպման: Իշխանության մեջ բացի «ԵԼՔ»-ից, որը ներկայացնում է Փաշինյանը, ընդգրկվել են «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներն ու անկուսակցականներ:

ԲՀԿ-ին բաժին են հասել մեկ փոխվարչապետի և չորս նախարարական պորտֆել` ԱԻՆ, տրանսպորտի և կապի, սպորտի և երիտասարդության հարցերի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, նաև Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի, Արմավիրի մարզպետների պաշտոնները: ՀՅԴ-ն երկու մարզպետ ունի՝ Գեղարքունիքում և Արագածոտնում, և երկու նախարար՝ տնտեսական զարգացման և ներդրումների և գյուղատնտեսության:

Կառավարությունն ու զինծառայությունը

Փաշինյանի տղան օրերս մեկնեց ծառայության: Մինչ այդ վարչապետը դիմել էր արտերկրում գտնվող հայրենակիցներին՝ վերադառնալ և իրենց պարտքը կատարել: Նրա կոչը տեղ հասավ. 320 երիտասարդ վերադարձավ այս ամառային զորակոչին:

Սակայն նոր կառավարությունում քիչ չեն բանակում չծառայած պաշտոնյաները: Դա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, տնտեսական  զարգացման  և  ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Զինծառայություն չի անցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս կապացությամբ նա ասել է.

«1991 թվականի օրենքով ինձ պետությունն ուղղակի բանակ չի տարել և ասել է՝ գնա զբաղվի ուրիշ գործով: Նաև ասել է. եթե երկու ավագ եղբայրները ծառայել են բանակում, երրորդին չենք տանում: Կա երկու ռեժիմ. մեկը, որ մարդը խնդիր է լուծել, որ բանակ չգնա, մյուսը, որ պետությունն ասել է. հարգելի քաղաքացի, այս իրավիճակում մենք ուզում ենք, որ դու ոչ թե գնաս բանակ, այլ զբաղվես ուրիշ գործով: Այսինքն սրանք տարբեր իրավիճակներ են:

Եթե պարզվի, որ կառավարության որևէ անդամ օրենքի խախտմամբ խուսափել է բանակից կամ օրենքով նախատեսված որևէ պարտավորությունից, ես ասում եմ, որ այդ անդամը տեղում կազատվի աշխատանքից»:

Հրաժարում նախկին հայտարարություններից

Այս կառավարությանը հիմնականում «երեսով են տալիս» այն, որ հետ են կանգնում նախկինում արտահայտած իրենց մոտեցումներից:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, որի ղեկավարած «ԵԼՔ» խմբակցությունը 2017թ. պահանջում էր դուրս գալ ԵԱՏՄ-ից, վարչապետ ընտրվելուց առաջ հայտարարեց, որ նոր կառավարությունը չի շեղվի Հայաստանի նախկինում որդեգրած քաղաքական ուղուց և չի հրաժարվի այս կառույցում անդամակցությունից:

Արտաքին քաղաքական կողմնորոշումը

Բազմիցս է քննարկվել հարցը՝ նոր իշխանությունն արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ: Վարչապետը մի քանի անգամ առիթ ունեցավ հայտարարելու, որ ինքը ոչ արևմտամետ է, ոչ ռուսամետ, այլ՝ հայամետ: Այնուամենայնիվ, Եվրոմիություն բազմիցս հայտարարեց, թե պատրաստ է օժանդակել կառավարությանն ամեն հարցում: Ռուսաստանն էլ, իր հերթին, ողջունում է նոր վարչապետի գործունեությունը:

Ինչ է սպասում հանրությունը և ինչ է տալիս կառավարությունը

Հանրության սպասելիքները նոր կառավարությունից գլխավորապես երկուսն են. սոցիալական վիճակի բարելավում և կոռուպցիսյի դեմ ռեալ պայքար:

Առաջինը՝ ժամանակ է պահանջում, և մարդիկ համբերատար սպասում են: Երկրորդ սպասելիքը կառավարությունն իրականացնում է զանազան կոռուպցիոն բացահայտումներով և աղմկահարույց ձերբակալություններով: Միաժամանակ պետբյուջե են վերդարձվում խոշոր գումնարներ: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է.

«Մենք պետբյուջե կվերադարձնենք լուրջ գումարներ, մինչև վերջ կվերականգնենք պետությանը հասցված վնասը և մտադիր չենք նահանջելու մեր խոսքերից»:

• Կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ JAMnews-ի այս նոր շարքի հաջորդ հոդվածում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում