Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այս նախագիծը հետընթաց են համարում " />

Հայաստանի կառավարությունը հրաժարվում է թափանցիկ աշխատաոճից և կողմ է նիստերը դռնփակ անցկացնել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այս նախագիծը հետընթաց են համարում

Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծին: Ըստ դրա, կառավարության նիստերի ներկայիս բաց ձևաչափը փոխարինվելու է փակով: Դա նշանակում է, որ լրատվամիջոցները հնարավորություն չեն ունենա լուսաբանել նիստերի ընթացքը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով փոփոխությունները, միաժամանակ ասաց, թե կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը:

Փորձագետները, սակայն, կարծում են, որ դռնփակ նիստերով որևէ կերպ հնարավոր չէ ապահովել գործադիր մարմնի աշխատանքի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Ավելին, ըստ նախագծի, կառավարության անդամները՝ նախարարները, իրավունք չեն ունենա առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի մասին:

«Չգիտեմ՝ ի՞նչ ունի կառավարությունը թաքցնելու հասարակությունից, լրատվամիջոցներից: Վա ՞տ է, որ լրագրողները մասնակցում են նիստերին, հասարակությանը ներկայացնում են ընդունված որոշումները: Եթե խոսում ենք ժողովրդավարական երկիր լինելու մասին, որը սահմանադրությամբ է ամրագրված, պետք է հանրությանը ներկայացվի կառավարության աշխատանքը:

Ի՞նչ է նշանակում՝ նախարարներին արգելվում է տեսակետ հայտնել: Սա շատ վատ է: Սա նմանվում է ԽՍՀՄ տարիներին Կոմունիստական կուսակցության աշխատաոճին, երբ չկար բազմակարծություն, հակընդեմ տեսակետ հայտնողներին վտարում էին երկրից»,- կարծում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նախագծի առընչությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ չնայած նախագծում նշվում է, որ վարչապետի որոշմամբ նիստերը կարող են ընթանալ և բաց ֆորմատով:

«Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը նշել է, որ ներկայիս վարչապետի սրտով է փակ գործելաոճը, իշխանության որևէ ներկայացուցիչ առանձնապես շատ հրապարակայնության կողմնակից չէ, նախարարները խուսափում են լրագրողների հարցերից՝ «ճողոպրելով կառավարության ետնամուտքից»:

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ նշել է, որ այս մոտեցումը պայմանավորված է վարչապետի առաջիկա փոփոխությամբ: Նա հիշեցրել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը որդեգրել է խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը նշանակում է, որ երկրի ղեկավարը լինելու է ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը: Բադալյանի համոզմամբ՝ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո վարչապետ, ամենայն հավանականությամբ, կդառնա հենց Սերժ Սարգսյանը, ով չի սիրում հրապարակային շփումներ ունենալ լրագրողների հետ:

«Երբ կառավարության նիստեր տեղի ունենան Սերժ Սարգսյանի վարչապետության ժամանակ, նա թույլ կտա որոշակի արտահայտություններ, որոնք կհիշվեն: Սերժ Սարգսյանի ցանկացած հրապարակային ոչ նախատեսված հարցազրույց կամ մեկնաբանություն հենց այդպիսին էլ դարձել է: Թույլ չտալու համար այդ ամենը, կառավարության նիստերը որոշվել է դռնփակ անցկացնել»,- համարում է Արմեն Բադալյանը:

Կառավարության հավանությանն արժանացած նախագիծը կներկայացվի Ազգային ժողով: Ընդունվելու պարագայում՝ այն ուժի մեջ կմտնի, երբ Հայաստանը վերջնականապես անցնի խորհրդարանական կառավարման մոդելին:


Կարդալ ավելին JAMnews-ում