Ուժային կառույցներում ծանոթ դեմքեր են մնացել" />

Հայաստանի կառավարությունը երիտասարդանում է. նոր վարչապետը նոր թիմ է ձևավորում

Ուժային կառույցներում ծանոթ դեմքեր են մնացել

Նոր դեմքեր կառավարության կազմում                    

Հայաստանի վարչապետ ընտրված թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արդեն ներկայացրել է իր կառավարության կազմի մի մասը: Նորանշանակ նախարարները երիտասարդ են, նրանց մեծ մասը նախկինում չի զբաղեցրել բարձր պաշտոններ:

Նշանակված պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են և հեղափոխության օրերին կանգնած են եղել նրա հետ մի հարթակում:

Նրանցից ամենաերիտասարդը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է, ով 28 տարեկան է: Նրան հաջորդում են 29-ամյա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, 32-ամյա տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Տարիքով առավել բարձր նախախարները չեն անցնում 40-ի շեմը: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը 39 տարեկան են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին կդառնա 43 տարեկան:

Այսպիսով, ըստ վերլուծաբանների, վարչապետ Փաշինյանը փորձում է արմատական փոփոխություններ կատարել երկրի կառավարման ոլորտում: Թեև դեռևս հայտնի չեն նոր կաբինետի բոլոր անդամների անունները, քաղաքական տեխնոլոգների կարծիքով, նրանք էլ կլինեն երիտասարդներ, ովքեր առնչություն չեն ունեցել կամ գոնե քիչ առնչություն են ունեցել նախկին իշխանությունների հետ և չեն ասոցացվում Սերժ Սարգսյանի թիմի հետ:

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կա համաձայնություն խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Ծառուկյան» խմբակցության հետ՝ կառավարությունում ներգրավված լինելու մասին: Գիտեք, որ նրանք ժամանակին Սերժ Սարգսյանի թիմի մաս են կազմել: Եվ եթե թափուր մնացած պաշտոնները տրվեն այնպիսի մարդկանց, ովքեր ժամանակին զբաղեցրել են դրանք կամ եղել են կառավարությունում, Նիկոլ Փաշինյանի կաբինետի պատկերն ամբողջությամբ կփոխվի:

Ամեն դեպքում, ներկայիս նշանակումները, ցույց են տալիս, որ վարչապետը բավական ռադիկալ կերպով վերանայելու է ամեն ոլորտ, բերում է նոր դեմքեր, որոնք չեն եղել գործադիրում: Փաշինյանը տրամադրված է կտրուկ փոփոխություններ անել»,- JAMnews-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Մեկ այլ քաղտեխնոլոգ, Կարեն Քոչարյանն էլ JAMnews-ին ասաց, որ Հայաստանի նոր իշխանությունները կառավարության այս անդամների նշանակմամբ առաջնորդվել են մեկ մոտեցմամբ՝ ներգրավվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին:

«Քաղաքական կուսակցությունը պայքարում է իշխանություն գալու համար: Գալուց հետո էլ իր թիմի անդամները լինում են կառավարության անդամներ: Այդպես էլ պետք է լիներ, իսկ ի՞նչ պետք է լիներ»,- նշեց Քոչարյանը:

Ըստ նրա՝ դժվար է ասել, թե արդյոք երիտասարդները կհաջողեն իրենց ոլորտների կառավարման հարցում:

«Ես կոֆե նայող չեմ, կաշխատեն, կտեսնենք: Վատ կաշխատեն՝ Նիկոլ Փաշինյանն ինքը նրանց կփոխի», – հավելեց Կարեն Քոչարյանը:

Հին դեմքեր ուժային կառույցներում

Փորձագետներն ասում են, որ մեկ այլ մոտեցում է գործել ուժային կառույցների պարագայում: Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության պաշտոններում, քաղտեխնոլոգների դիտարկմամբ, նշանակվել են ոչ թե նոր դեմքեր, այլ նախորդ իշխանությունների հետնորդները:

Պաշտպանության նախարար նշանակված Դավիթ Տոնոյանը եղել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիմի անդամ, զբաղեցրել է արտակարգ իրավիճակների նախարարի և պաշտպանության փոխնախարարի պաշտոնները: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշանակվել է ոստիկանության պետ, Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում նշանակված Արթուր Վանեցյանը նախկինում եղել է Ազգային անվտանգության Երևանի վարչության պետի տեղակալ:

«Ուժային կառույցներում նման ոչ կտրուկ փոփոխությունները նորմալ են: Պարտադիր չէ, որ ամեն ինչ քանդվի, զրոյից սկսվի, փոխվի: Ուժային բլոկում հաջորդակալություն կա, մեկը մեկին է փոխարինել: Եվ նման ոլորտների համար, կարծում եմ, որ դա նորմալ է», – մեկնաբանեց Վիգեն Հակոբյանը:


Կարդալ ավելին JAMnews-ում