Պատգամավորները կարծում են, որ դիվանագետն իրավունք չուներ հանդիպել պետության նախկին ղեկավարի հետ, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և կաշառակերության մեջ: Թարմացում. դեսպանին կանչել են ԱԳՆ" />

Հայաստանի խորհրդարանում դժգոհ են նախկին նախագահ Քոչարյանի հետ Ռուսաստանի դեսպանի հանդիպումից

Պատգամավորները կարծում են, որ դիվանագետն իրավունք չուներ հանդիպել պետության նախկին ղեկավարի հետ, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և կաշառակերության մեջ: Թարմացում. դեսպանին կանչել են ԱԳՆ

Թարմացում

Հայտնի է դարձել, որ Ռուսաստանի դեսպանին կանչել են Հայաստանի արտգործնախարարություն: Այդ մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է իշխող կուսակցության պատգամավոր, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողոի նախագահ Ռուբեն Ռուբինյանը.

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Խորհրդարանի պատգամավորները բացահայտ դժգոհություն են հայտնել հանդիպման փաստի կապակցությամբ և անգամ պահանջել են Հայաստանի արտգործնախարարության արձագանքը: ԱԳՆ ներկայացուցչի պատասխանը կարճ էր. այդ հանդիպման մեջ դատապարտելի ոչինչ չկա:

Պատմում ենք, թե ինչ է հայտնի երկրորդ նախագահի և Ռուսաստանի դեսպանի հանդիպման մասին, և ինչու է այն առաջ բերել պատգամավորների դժգոհությունը:

• Հայաստանի նախկին նախագահը հրաժարվել է գործող վարչապետի դեմ հայցից

Հայաստանի վարչապետը մեծ քաղաքականության, ադրբեջանցիների հետ ուղիղ զրույցի, շաբաթօրյակի և ընտանիքի մասին

Ինչու են հանդիպել դեսպանն ու Քոչարյանը

Սերգեյ Կոպիրկինի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին տեղեկատվությունը շատ չէ: Հայտնի է, որ դեսպանը եկել է նախկին նախագահի գրասենյակ: Տեղի է ունեցել դեմ առ դեմ հանդիպում: Թե ինչ հարցեր են քննարկվել՝ կողմերը չեն հայտնում:

Հանդիպումից մեկ օր անց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում կարճ ասվում է.

«Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ. Ս. Քոչարյանի հետ»:

Դրանից հետո մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ կողմերը պայմանավորվել են Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի հանդիոման մասին, որը տեղի կունենա աշնանը Ռուսաստանի նախագահի աշխատանքային այցի շրջանակում:

Ինչով է պայմանավորված դժգոհությունը

Բանն այն է, որ նախկին նախագահը որպես մեղադրյալ անցնում է «մարտի 1»-ի աղմկոտ գործով:

2018թ. հուլիսին Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանք առաջադրվեց սահմանադրական կարգի տապալման մեջ՝ կապված 2008թ. մարտի 1-ի գործի հետ: Այդ ժամանակ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկողների ցույցը ցրելիս օգտագործվել է մարտական զենք, 10 մարդ զոհվել է, որից երկուսը՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են եղել:

Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը միակը չէ Քոչարյանի նկատմամբ: 2019թ.փետրվարից նրա դեմ առաջ է քաշվել ևս մեկ մեղադրանք՝ 927 մլն դրամ [մոտ 3 մլն դոլար] կաշառք վերցնելու համար: Այդ մեղադրանքն առաջադրվել է 2018թ. նոյեմբերին նրա դեմ ձեռնարկատեր Սիլվա Համբարձումյանի հայտարարությունից հետո:

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է և բանտում անցկացրել մոտ 5 ամիս: Այժմ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, նա գտնվում է ազատության մեջ, բայց նրա դեմ գործը շարունակվում է:

Քոչարյանի և դեսպանի հանդիպումից դժգոհությունն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ նա կապեր ունի Ռուսաստանի քաղաքական էլիտայի հետ: Հայկական մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ Քոչարյանը ընկերական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահի հետ:

Ինչպես է արտահայտվել դժգոհությունը

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանի նախկին նախագահը երկրի հասարակական-քաղաքական շրջանակի ներկայացուցիչ չէ.

«Ես չեմ ողջունում Ռուսաստանի Դաշնության դեսպանի այդ հանդիպումը: Ի վերջո, որևէ երկրի դեսպան կարող է հանդիպել քաղաքական դաշտի ամբողջ սպեկտրի ներկայացուցիչների հետ, բայց այստեղ այլ բան կա: Մեղադրանքները, որոնք առաջադրված են այդ անձին, մի փոքր նրան դուրս են մղում մաքուր քաղաքական դաշտից»:

Հարցին՝ կարող է արդյոք Ռոբերտ Քոչարյանի և Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումն ազդել իրավիճակի և նախկին նախագահի նկատմամբ մեղադրանքի վրա, Միրզոյանը պատասխանել է, որ դա բացառվում է.

«Երբեք: Որևէ երկրի նախագահի, մեր երկրի վարչապետի կամ որևէ այլ անձի հետ հարաբերությունները չեն կարող ազդել մեղադրանքի վրա, և հույս ունեմ, որ կլինի արդար դատավարություն և վճիռ»:

Երկրի ԱԳՆ-ն այլ կերպ է նայում իրավիճակին

Երկրի արտգործնախարարությունում ենթադրում են, որ Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ դուրս չի գալիս դիվանագիտական էթիկայի շրջանակից: Գերատեսչությունը պատճառ չի տեսնում դեսպանին կանչել բացատրություն ստանալու համար: Այդ մասին հայտարարել է փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը.

«Դեսպանի հանդիպումը դուրս չի եկել դիվանագիտական արարողակարգի սահմաններից: Իհարկե, մենք բոլորս լսեցինք քաղաքական և հասարակական գործիչների կարծիքը, տեսանք տարբեր արձագանքներ: Ինչ վերաբերում է արտգործնախարարությանը, ապա դա չի կարող դատապարտվել կամ դառնալ մեր կողմից հատուկ ուսումնասիրության առարկա»:

Այդ հայտարարությունը զարմացրել է ընդդիմադիր պատգամավորներին, որոնք բարձրացրել էին հարցը խորհրդարանում, իսկ հետո նաև՝ Արարատ Միրզոյանին: Նա ճշտել է՝ փոխնախարարներից ով է նման հայտարարություն արել, իսկ հետո եկել է եզրակացության, որ Հովհաննիսյանը, հնարավոր է, արտահայտել է իր անձնական տեսակետը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում