Բոլոր մանրամասները երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի, գալիք ընտրությունների և դրանց հնարավոր մասնակիցների մասին" />

Հայաստանի խորհրդարանը վարչապետ չի ընտրել, որպեսզի ինքնալուծարվի

Բոլոր մանրամասները երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի, գալիք ընտրությունների և դրանց հնարավոր մասնակիցների մասին

Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին հավանություն չի տվել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու հարցին: Սա առաջին քայլն է խորհրդարանը ցրելու ճանապարհին: «Կողմ» չի քվեարկել ոչ ոք, «դեմ» է քվեարկել մեկ պատգամավոր, ձեռնպահ՝ 11-ը:

Դա ֆորմալ քվեարկություն էր, որի մեկնարկից առաջ վարչապետի միակ թեկնածուն հիշեցրեց իրեն չընտրելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին:

Նիկոլ Փաշինյանը, որը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, այժմ հանդես է գալիս որպես վարչապետի պաշտոնակատար:

Սահմանադրության համաձայն՝ եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, տեղի է ունենում խորհրդարանի ինքնալուծարում և  նշանակվում են արտահերթ ընտրություններ:

Հաջորդ շաբաթ սպասվում է այդ հարցով հաջորդ՝ երկրորդ քվեարկությունը: Թվում է, որ խորհրդարանական ուժերն այդ հարցի շուրջ վերջնական համաձայնության են եկել, և «անակնկալներ» չեն լինելու: Խորհրդարանը կլուծարվի:

Ինչո՞ւ են անհրաժեշտ արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ուժը, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, մեծամասնություն չունի խորհրդարանում:

Հեղափոխության առաջնորդ Փաշինյանը վարչապետ ընտրվեց: Եվ խորհրդարանական հանրապետություն դարձած Հայաստանում պետության ղեկավարը հենց վարչապետն է: Սակայն գործող խորհրդարանը, որտեղ մեծամասնություն են կազմում նախորդ իշխանությունների պատգամավորներն ու նրանց կողմնակիցները, կարող են ձախողել կառավարության որոշումներն ու նախաձեռնությունները: Ինչն արդեն մի քանի անգամ տեղի է ունեցել:

Երկրի բնակիչների զգալի մասի աջակցությունն ունեցող «հեղափոխական» իշխանությունն անհրաժեշտ է համարում անհապաղ արտահերթ ընտրություններ անցկացնել և մեծամասնություն ապահովել Ազգային ժողովում:

Նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները Փաշինյանը «սաբոտաժ» է անվանել

«Այս կառավարությունը ձևավոման օրվանից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում», -հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին: Այդ օրը խորհրդարանում պատգամավորները ձախողել էին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը: Չէր հաջողվել անհրաժեշտ քվորում ապահովել. քվեարկության համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի ներկայություն, սակայն ներկա էր 57-ը: Փոփոխությունների փաթեթը նախապատրաստվել էր կառավարության կողմից:

Եվ իրավիճակը կրկին ապացուցել է Փաշինյանին, որ խորհրդարանը ցրելու որոշումը ճիշտ է:

Սակայն, ինչպես ասում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ու Նիկոլ Փաշինյանը, դա ոչինչ չի փոխում, և ընտրությունները բոլոր դեպքերում կկայանան այս տարվա դեկտեմբերին:

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդարանն արտահերթ նիստում կրկին կփորձի քննարկել Ընտրական օրենսգրքի փոփխությունների հարցը: Սակայն, եթե այս անգամ էլ չհաջողվի դրանք ընդունել, ընտրությունները կկայանան գործող օրենսգրքի համաձայն:

Ի՞նչ է առաջարկում փոխել Ընտրական օրենսգրքում կառավարությունը

Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասում է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումը հետևյալ խնդիրներն է լուծում.

  • թեկնածուների տարածքային ցուցակների չեղարկում,
  • անցում պարզ համամասնական ընտրական համակարգի,
  • կոալիցիաներ ձևավորելու սահմանափակումների չեղարկում,
  • անցողիկ շեմի նվազեցում (կուսակցությունների համար 4% է սահմանված նախկին 5%-ի փոխարեն, իսկ դաշինքների համար՝ 6% նախկին 7%-ի փոխարեն),
  • ընտրական գրավի չափի նվազեցում 10 մլն դրամից մինչև 7,5 մլն դրամ,
  • նվազագույնը 4 քաղաքական ուժի ներկայացվածություն ԱԺ-ում ներկայիս 3-ի փոխարեն,
  • կանանց ներկայացվածության ավելացում (30% ներկայության սահմանում գործող 25%-ի փոխարեն):

Կարդացեք նաև. Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչ է կառավարությունն առաջարկում փոխել Ընտրական օրենսգրքում ընտրությունների նախաշեմին     

Ինչո՞ւ են պատգամավորները ձախողել փոփոխությունների ընդունումը

Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխությունները նպատակ ունեն ապագայում խորհրդարանում հավասարակշռություն ապահովել: Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժը չի կարող ստանալ մանդատների 2/3-ից ավելին, տեղերի մեկ երրորդը պետք է ստանա ընդդիմությունը:

Քչերն են կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» 67% ձայն կհավաքի: Պարզ չէ, թե ինչպես է բաշխվելու մնացած 33%-ը:

Եվ այստեղ կարևոր է, որ խորհրդարան անցնեն ոչ թե երեք, ինչպես հիմա է, այլ դրանից ավել կուսակցություններ: Քանի որ կուսակցություններից մեկը կարող է տեսականորեն ստանալ մինչև 25-28 % ձայն, ինչը ցանկալի չէր լինի իշխող մեծամասնության համար: Վերլուծաբաններն ասում են, որ կառավարությունն այս փոփոխությունները նախաձեռնել է այդ թվում նրա համար, որպեսզի մասնատի խորհրդարանում ապագա ընդդիմությունն ու թույլ չտա ընդդիմադիր ներուժի կենտրոնացում մեկ ուժի ձեռքերում:

Վերլուծելով փոփոխված Ընտրական օրենսգրքի ընդունման ձախողումը, հայկական լրատվամիջոցները գրում են, որ նախկին իշխող կուսակցության պատգամավորներին ու նրանց կողմանկիցներին ամենաշատը խանգարում է, այսպես կոչված, «ռեյտինգային» համակարգի, կամ տարածքային ցուցակների չեղարկումը:

Հենց այդ ցուցակներով են ներկայիս խորհրդարանում հայտնվել շրջանների տխրահռչակ դեմքերը: Իրենց ազդեցության և փողերի շնորհիվ նրանք կարողացել են իրենց կուսակցությունների համար հազարավոր ձայներ հավաքել և մանդատ ստանալ: Այդ համակարգը համարվում էր օլիգարխների և «հեղինակությունների»՝ խորհրդարանում հայտնվելու ալիքը: Այժմ այն առաջարկում են չեղարկել:

Փոփոխությունները նախատեսում են նաև պարտադիր բանավեճեր Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների ժամանակ, անվճար եթերաժամանակի ավելացում Հայաստանի Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ:

Իսկ Վենետիկի հանձնաժողովն, ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով փոփոխությունները, հորդորել է ապահովել, որ դրանք ուժի մեջ մտնեն մեկ տարուց, այլ ոչ թե հիմա:

Ֆորսմաժոր և սպասվող հանգուցալուծում

Հայաստանում իրադարձությունները սրընթաց և ֆորսմաժորային ռիթմով են զարգանում արդեն ամիսներ շարունակ: Խորհրդարանական ընտրությունները կարող են հանգուցալուծել սահմանադրական ճգնաժամն ու ազդարարել երկրի քաղաքական կյանքի նոր փուլի մեկնարկը:

Դեկտեմբերի 9-ին կամ 10-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հույս ունի խորհրդարանական մեծամասնություն ստանալու: Հայկական թավշյա հեղափոխության առաջնորդի կարծիքով՝ առանց խորհրդարանում մեծամասնություն կազմելու ժողովրդի իշխանությունը լիարժեք չէ:

Փաշինյանը մարդկանց կոչ է արել շարունակել աջակցել նոր իշխանություններին, որպեսզի հեղափոխությունը հասնի իր տրամաբանական ավարտին: Նա բացատրել է, որ քաղաքական իրավիճակի անորոշությունը խոչընդոտում է նաև ներդրումներին և երկրի տնտեսական զարգացմանը:

Որքանով է հավանական «պալատական հեղաշրջումը»

Խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցությունները՝ Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանն» ու «Դաշնակցությունը» համառորեն դիմադրում էին այս տարվա դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի մտադրությանը և պնդում էին, որ դրանք անցկացվեն 2019թ-ի մայիսին:

Հոկտեմբերի 2-ին այդ կուսակցությունները խորհրդարանի արտակարգ նիստ էին հրավիրել և քվեարկել կանոնակարգում փոփոխություններ անելու օգտին, որոնց միջոցով կարելի է տապալել խորհրդարանի ցրումը: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց իր կողմնակիցներին հավաքվել ԱԺ մոտ, և մոտ 50 հազար մարդ «պաշարեց» խորհրդարանը: Հենց փողոցում գիշերը Նիկոլ Փաշինյանը ստորագրեց «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունների նախարարներին և մարզպետներին պաշտոնանկ անելու մասին հրամանները:

Հաջորդ մի քանի օրվա ընթացքում խորհրդարանական բոլոր երեք կուսակցությունները հայտարարեցին, որ համաձայն են ընտրությունները դեկտեմբերին անցկացնել և վարչապետի իրենց թեկնածուին չառաջադրել:

«Բոլշևիկներին» ցրել են

Ըստ էության, Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջությամբ կազմալուծված է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը 2018թ-ի գարնանը տեղի ունեցած հեղափոխության արդյունքում վարչապետ դարձավ, դեռ ձևավորման փուլում է: Եվ, թեև լրատվամիջոցները պարբերաբար գրում են այդ կուսակցությանը Հայաստանի բնակիչների զանգվածային անդամակցության մասին, դա պաշտոնապես դեռ չի հաստատվել: Բացի այդ, քիչ բան է հայտնի դրա գաղափարական հայեցակարգի մասին:

Ինչ վերաբերում է գործող խորհրդարանական ուժերին, ապա 15 տարի երկիրը կառավարած Հանրապետական կուսակցությունը լիակատար լուծարման շեմին է: Պատգամավորները մեկը մյուսի հետևից լքում են կուսակցությունը: Սակայն մեծ է հավանականությունը, որ ընտրություններին կուսակցությունն այնուամենայնիվ կմասնակցի:

Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սեպտեմբերի վերջին ջախջախիչ պարտությունը կրեց Երևանի ավագանու ընտրություններում: Այնուհետև, միանալով «հակահեղափոխության» փորձին՝ այն կորցրեց նոր կառավարությունում իր նոր նախարարներին: Եվ այժմ փորձում է ուշքի գալ այդ հարվածներից: Գագիկ Ծառուկյանը ստիպված էր «խոնարհվել» Նիկոլ Փաշինյանի առաջ և «հեղափոխական կառավարությանն» աջակցելու մասին հուշագիր ստորագրել:

Ինչ վերաբերում է ամենաավանդական հայկական կուսակցություններից մեկին՝ «Դաշնակցությանը», ապա դրա 130-ամյա պատմության ընթացքում ամենատարբեր բարդություններով է անցել: Ու թեև «Դաշնակցությունը» հայտարարել էր, որ կմասնակցի ընտրություններին, նրա լիակատար ձախողումը չի բացառվում:

Ռոբերտ Քոչարյանին թույլ չտվեցին թափ հավաքել

Այս բոլոր կուսակցությունները կարող էին միավորվել և հակահեղափոխական ճակատ ստեղծել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Սակայն Նիկոլ Փաշինյանը կարողացավ հակահեղափոխությունը սաղմնային վիճակում ճնշել:

Այս տարվա օգոստոսին Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին՝ 2008թ-ի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելով: Այն ժամանակ՝ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրեց ընդդիմության ցույցը, 10 մարդ զոհվեց: Ռոբերտ Քոչարյանին մեղադրեցին արտակարգ դրություն մտցնելու մասին ապօրինի հրաման ստորագրելու և Երևան զորք մտցնելու համար:

Քոչարյանի կալանքը մոտ մեկ շաբաթ տևեց: Այնուհետ դատարանը նրան ազատ արձակեց՝ վկայակոչելով նրա՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիությունը, որն ամրագրված է սահմանադրությունում:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ քաղաքականություն է վերադարձել և մասնակցելու է գալիք խորհրդարանական ընտրություններին՝ իր շուրջ համախմբելով իր համախոհներին: Սակայն, սեպտեմբերին-հոկտեմբերին քննչական մարմինները կալանավորեցին գործարար Սամվել Մայրապետյանին, որը Ռոբերտ Քոչարյանի վստահված անձանցից է համարվում: Այնուհետև վերականգնվեց նրա մերձավոր շրջապատի մեկ այլ ներկայացուցիչ, Հայաստանի Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի դեմ գործը: Հայտարարարվեց, որ բացահայտվելու են Քոչարյանի բոլոր կոռուպցիոն սխեմաները:

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում հայտարարեց, որ մտադիր չէ մասնակցել դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին  և չի ձգտում հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնել:

Ո՞վ կարող է անցնել խորհրդարան

Փորձագետներն ասում են, որ խորհրդարան անցնելու շանսեր ունի «Ելք» դաշինքում Նիկոլ Փաշինյանի դաշնակից «Լուսավոր Հայաստանն», ինչպես նաև ներկայիս իշխող ՀՀԿ-ն և օլիգարխ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Չի բացառվում, որ խորհրդարան անցնի նաև «Սասնա ծռեր» արմատական կուսակցությունը: Հիշեցնենք, որ այդ կուսակցության անդամները 2016թ-ի հուլիսին Երևանում գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդն ու այն պահում էին երկու շաբաթվա ընթացքում: Նրանց պահանջն այն ժամանակվա գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն էր: Ժողովուրդն այն ժամանակ փողոց էր դուրս եկել՝ աջակցելու «Սասնա ծռերին», սակայն իշխանափոխություն այդպես էլ տեղի չունեցավ: Իսկ ՊՊԾ գունդը գրավածներն ինքնակամ հանձնվեցին, ինչպես իրենք, հայտարարեցին, արյունահեղությունից խուսափելու համար:

Կարդացեք նաև. Թե ինչ էր տեղի ունենում Հայաստանում 2016թ-ի հուլիսին

Երկու տարի նրանք ճաղերի հետևում անցկացրին և ազատ արձակվեցին միայն թավշյա հեղափոխությունից հետո, որի առաջնորդին հաջողվեց հասնել իշխանափոխության` ինչը չհաջողվեց իրենց:


Կարդալ ավելին JAMnews-ում