Ծրագրի օգտին քվեարկել են իշխող կուսակցության պատգամավորներն, ընդդիմությունը դեմ է արտահայտվել։ Ներկայացնում ենք կառավարության ծրագիրն ու դրա մասին կարծիքները " />

Հայաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության ծրագիրը, որը պետք է «տնտեսական հեղափոխության» հանգեցնի

Ծրագրի օգտին քվեարկել են իշխող կուսակցության պատգամավորներն, ընդդիմությունը դեմ է արտահայտվել։ Ներկայացնում ենք կառավարության ծրագիրն ու դրա մասին կարծիքները

Հայաստանի Ազգային ժողովը հաստատել է կառավարության առաջիկա հինգ տարվա ծրագիրը։ Խորհրդարանի երկու ընդդիմադիր ուժերը փաստաթղթին դեմ են արտահայտվել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով ծրագիրը հանգեցնելու է «տնտեսական հեղափոխության»։ Փաստաթղթի քննարկումը երեք օր տևեց։ Իշխող կուսակցության  պատգամավորներն այդ ընթացքում վարչապետից փորձում էին պատասխաններ ստանալ, թե ինչպես է հետհեղափոխական Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրակաանցվելու։ Ընդդիմությունն այդ ողջ ընթացքում քննադատում էր ծրագիրը։

Ներկայացնում ենք կառավարության ծրագիրը կետերով, ինչպես նաև դրա մասին փորձագետների, իշխանական և ընդդիմադիր պատգամավորների կարծիքը։

Հայաստանում վարչապետի և խորհրդարանի միջև կոնֆլիկտը կրկին բազմահազարանոց ցույցերի է հանգեցրել  

Բիզնեսը տարանջատել իշխանությունից․ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսությունում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում

Տնտեսական հեղափոխություն

Մինչև 2023 թվականը կառավարությունը պլանավորում է ամբողջությամբ հաղթահարել ծայրահեղ աղքատությունն ու ընդհանուր առմամբ զգալիորեն կրճատել երկրում աղքատության մակարդակը։

Տնտեսական աճի միջին տեմպը պլանավորվում է տարեկան ոչ պակաս, քան 5%:

Կառավարությունը մտադիր է փոխել տնտեսական աճի կառուցվածքը, պայմաններ ստեղծել, որ շուկայում նոր խաղացողներ հայտնվեն։ Դա պետք է բերի արտահանման աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Այդ ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում արտահանման ավելացմանը։ Մինչև 2024 թվականը այն պետք է կազմի ՀՆԱ 43-45%-ը։

Փաստաթղթում ամրագրված է նաև միկրոբիզնեսն ամբողջությամբ հարկերից ազատելու մտադրությունը (տարեկան շրջանառությունը չպետք է գերազանցի 24 մլն դրամը՝ մոտ 50 հազար դոլարը)։

Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա այստեղ անսպասելին արևային էներգիայի արտադրության և սպառման ավելացման մտադրությունն էր։ 2022թ-ին այն պետք է հասնի 10%-ի։

Ծրագրում խոսվում է նաև աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների ավելացման մասին, սակայն հստակ թվեր չկան։

Արտաքին քաղաքականություն

Արտաքին քաղաքականությունում կառավարությունը բնականաբար անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին և ամրագրել, որ շարունակելու է այդ ուղղությամբ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։

Փաստաթղթում նաև առանձնահատուկ ընդգծվում է այն հարցը, որը «թավշյա» հեղափոխությունից անմիջապես հետո բարձրացրել էր վարչապետ Փաշինյանը՝ բանակցային սեղանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին։ Վարչապետը մեկ անգամ ևս պարզաբանեց իր մոտեցումը․ նա չի հրաժարվում Հայաստանի անունից բանակցություններ վարել։ Սակայն իրեն իրավունք չի վերապահում խոսել ԼՂ բնակիչների անունից, քանի որ նրանք իրեն չեն ընտրել։

Ցեղասպանության միջազգային ճանաչումը նույնպես կառավարության առաջնահերթությունների ցանկում է։

Առանձին խոսվում է Ռուսաստանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցությունը խորացնելու մասին։

Միաժամանակ վերահաստատվում է Եվրամիության, ԱՄՆ, Իրանի, Չինաստանի, Վրաստանի հետ համագործակցությունը խորացնելու մտադրությունը։

Պաշտպանության ոլորտը

Կառավարության ծրագրի զգալի հատվածը նվիրված է պաշտպանության հարցերին։ Մասնվորապես, ընդգծվում է նոր տեսակի զինամթերք գնելու անհրաժեշտությունը՝ բազմաֆունկցիոնալ ավիացիա, հակաօդային պաշտպանության ժամանակակից համալիրներ։

Կոռուպցիայի դեմ պայքար

Կառավարությունը մոտ ապագայում շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարը, որը սկսվել էր «թավշյա» հեղափոխությունից հետո։ Վարչապետը խոսել է կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին։

 «Մոտ ապագայում պետք է հայրենիքն ազատագրենք քրեաօլիգարխիկ վերջին բացիլներից և կոռուպցիոն կառավարումից», – հայտարարել է վարչապետը։

Կառավարությունը շարունակելու է աշխատել թալանվածը պետբյուջե և երկրից ապօրինի դուրս բերված կապիտալը Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Կարծիքներ՝ կառավարության ծրագրի մասին

Կառավարության ծրագիրը թեժ վեճեր է առաջացրել խորհրդարանում, հասարակությունում և փորձագետների շրջանում։

Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերն արդյունքում փաստաթղթին դեմ են քվեարկել։ Եվ այն ընդունվել է շնորհիվ այն բանի, որ իշխող կուսակցությունն Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում։

Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ կառավարության ծրագիրը հեղափոխական չի համարում․

 «Չեմ թաքցնի, որ երկու-երեք դրույթ կա, որոնց իրականացման դեպքում ժողովուրդը դրական փոփոխություններ կզգա։ Սակայն դա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ»։

 Խորհրդարանական մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, կառավարության ծրագիրն «աբստրակտ» է համարում։ Կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանն ասել է, որ ծրագրի հիմնական խնդիրը հստակ ժամկետների և համեմատելի ցուցանիշների պակասն է․

«Ես պարզապես թվեր էի փնտրում, նայում էի, թե ինչ նշաձողեր և ժամկետներ են նշված։ Ողջ 69-էջանոց ծրագրում ընդամենը 12 այդպիսի թիվ կա։ Իհարկե, դա քիչ է, որովհետև ծրագիրը պետք է ճանապարհային քարտեզ լինի այն բանի, թե ուր ենք մենք գնում, ինչի համար և ինչպես»։

Այն բանի հետ, որ փաստաթղթում որոշակիություն և հստակ նախանշված թվեր չկան, համաձայն է նաև իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը․

«Համաձայն եմ, թվերը քիչ են, հնարավոր է, որ այդ մասով հստակ չափանիշը բացակայում է, թե որքան թիվ պետք է լինի ծրագրում։ Ես կնախընտրեի, որպեսզի ավելի շատ թվերով արտահայտված նպատակներ լինեին, սակայն ծրագրում առկա նպատակները նույնպես առանցքային են։ Օրինակ, ՀՆԱ նվազագույն 5% տարեկան աճն ու արտահանման աճը․ դրանք շատ կարևոր ցուցանիշներ են։

 Բացի այդ, ներառվել են նաև նպատակներ կառավարության նախորդ ծրագրից [խոսքը Փաշինյանի կառավարության առաջին կազմի մասին է, որը ձևավորվել էր հեղափոխությունից անմիջապես հետո, և նրա ծրագրի մասին – JAMnews]՝ աղքատության մակարդակի նվազեցում 10 տոկոսային կետով, գործազրկության մակարդակի նվազեցում՝ հինգ կետով։ Դա բավական է, որպեսզի հինգ տարի անց հասարակությունը դատի, թե արդյոք հաջողվել է կատարել մեր առջև դրված խնդիրները, թե՝ ոչ»։

Փորձագիտական կարծիք

Հայաստանի գործատուների միության ղեկավար Գագիկ Մակարյանը ծրագիրը «շքեղ» է համարում․

«Անձամբ ինձ շատ է դուր եկել, որ շեշտը դրվել է գործող ձեռնարկությունների արդիականացման, այլ ոչ թե նորերի ստեղծման վրա։ Դրա համար գործիքներ են նախատեսված, այդ թվում հնարավոր են հարկային արտոնություններ և ֆինանսական հասանելիություն, ինչի համար Կենտրոնական բանկն ու կառավարությունը բոլոր միջոցները կձեռնարկեն»։

Միաժամանակ, ըստ Գագիկ Մակարյանի, այդ ամենում կա մի վտանգ․

«Ծրագիրը շատ հագեցած է բազմաթիվ նպատակներով և մտադրություններով։ Այն կարող է մարտահրավեր լինել հենց պետական ապարատի համար, որը չի կարողանալու այն իրականացնել։ Վարչապետը, լինելով մաքսիմալիստ, հնարավոր է, ձգտել է ծրագրում առավելապես ներառել լավ քայլերի անհրաժեշտություն, սակայն նրա թիմը պատրաստ չէ դրանց»։

Ըստ փորձագետի՝ դա կբերի կամ կառավարության կազմում լուրջ փոփոխությունների մոտակա ամիսների ընթացքում, կամ հետագա բացասական երևույթների, այդ թվում՝ բնակչության վստահության նվազման։

Վարչապետի եզրակացությունը

Ծրագրի եռօրյա թեժ քննարկումները վարչապետն ընդհանուր առմամբ գնահատել է որպես արդյունավետ և հաջող։ Իր ավարտական խոսքում Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց տնտեսական հեղափոխության մեկնանարկի մասին․

«Ես այսօր սկսում եմ իմ երկրորդ քայլարշավը: Այս մեկը քայլարշավ է դեպի տնտեսական հաղթանակ, և դեպի տնտեսական հեղափոխություն [«Թավշյա» հեղափոխությունը, որը 2018թ-ի գարնանը գլխավորեց Փաշինյանը, սկսվեց Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիից դեպի մայրաքաղաք։ Այդ ակցիան անցկացվում էր «Իմ քայլը» կարգախոսի ներքո – JAMnews]։ Եվ ով որ քայլ ունի անելու, թող անի իր քայլը, ով որ ուզում է անցնել այդ ճանապարհը, թող քայլի ինձ հետ, որովհետև մեր ճանապարհը անշեղելի է, մենք քայլում ենք դեպի ազատ, երջանիկ և հզոր Հայաստան։

Այո, այս տնտեսական հեղափոխությունը պետք է հաղթի։ Եվ կհաղթի։ Թող ոչ ոք չկասկածի։ Թողեք այդ բոլոր վատատեսական կանխատեսումները։ Քանի որ դա հին տրամաբանություն է՝ վատ է լինելու կամ ավելի վատ է լինելու։ Լավ է լինելու, ավելի լավ։ Սակայն դրա համար յուրաքանչյուրը պետք է իր մեջ կրի այդ գաղափարը»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում