Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք խորհրդարանի մեծամասնությունն են կազմում, դեռևս չեն արտահայտել իրենց դիրքորոշումը" />

Հայաստանի խորհրդարանական երեք ուժ հաստատել է, որ կողմ է քվեարկելու վարչապետի համաժողովրդական թեկնածուի օգտին

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք խորհրդարանի մեծամասնությունն են կազմում, դեռևս չեն արտահայտել իրենց դիրքորոշումը

Հայաստանի Ազգային ժողովի 3 խմբակցություններ կողմ են քվեարկելու վարչապետի միակ թեկնածու, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգտին։

Շուրջ 15 օր իշխանությունների դեմ փողոցային պայքար նախաձեռնած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է խորհրդարանական բոլոր 4 ուժերի պատգամավորներին և պատասխանել նրանց հարցերին: Հանդիպումներից հետո երեք քաղաքական ուժ հայտարարել է,  որ վաղը՝ մայիսի 1-ին, Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրություններում կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին։

Դեռևս որոշում չի կայացրել խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցության պատգամավորները։ ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ իրենց դիրքորոշման մասին տեղեկություն կտրվի քվեարկությունից առաջ։

Ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ հազարավոր մարդկանց փողոցային պայքարի արդյունքում: «Ելք» խորհրդարանական խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է համժողովրդական շարժման առաջնորդ, ընդդիմադիր՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Փաշինյանը հանդիսանում է «Ելք» խմբակցության ղեկավարը: Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ շարժման կողմնակիցներն իրենց համաձայնությունն են հայտնել, որ Փաշինյանի թեկնածությունը առաջադրվի խորհրդարանում որպես համաժողովրդական շարժման թեկնածու։

Նիկոլ Փաշինյանը կընտրվի Հայաստանի վարչապետ, եթե նրան կողմ քվեարկի 105 պատգամավորների բացարձակ մեծամասնությունը։ Իսկ եթե խորհրդարանում երկու անգամ տապալվի վարչապետի ընտրությունը, ապա, Ազգային ժողովը կցրվի և կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Դա հնարավոր է, եթե Հանրապետական մեծամասնությունը քվեարկի ձեռնպահ կամ չապահովի քվորում՝ նիստը գումարելու համար։

Ազգային ժողովում ընտրությունների ավարտից հետո վարչապետի նշանակման հրամանագիրը պետք է ստորագրի Հայաստանի նախագահը: Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ով էլ ընտրվի վարչապետի պաշտոնում, ինքը կստորագրի այդ հրամանագիրը:


Կարդալ ավելին JAMnews-ում