Հաջորդ տարվա ապրիլից, սահմանդարական փոփոխությունների համաձայն, Հայաստանը ղեկավարելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը " />

Հայաստանի իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում կարող է առաջադրել գործող նախագահին

Հաջորդ տարվա ապրիլից, սահմանդարական փոփոխությունների համաձայն, Հայաստանը ղեկավարելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը

Հայաստանում ակտիվ քննարկում են, թե 2018թ.-ին ով կստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը:

Հաջորդ տարվա ապրիլից Հայաստանում արդեն ամբողջապես կգործի խորհրդարանական կառավարման համակարգը, և երկիրը կկառավարի ոչ թե նախագահը, այլ վարչապետը:

Մինչ այժմ խոսվում էր վարչապետի հավանական երկու թեկնածուի մասին՝ երկուսն էլ իշխող Հանրապետական կուսակցությունից. գործող նախագահ Սերժ Սարգսյանի և գործող վարչապետ Կարեն Կարապետյանի:

Նրանց առաջադրման մասին մինչ օրս միայն տեսակետներ էին հնչում: Սակայն իշխող կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն առաջին անգամ հրապարակային հայտարարել է, որ ինքն անձամբ պատրաստ է 2018 թ.-ին վարչապետի պաշտոնում առաջադրել գործող նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Կարեն Կարապետյանի կամ այլ անձի թեկնածությունն առաջադրելու պատրաստակամության մասին որևէ մեկը չի հայտարարել:

Արմեն Աշոտյանը նշել է. հաշվի առնելով անվտանգության, արտաքին քաղաքական և տնտեսական մարտահրավերները, լավագույն լուծումը կլիներ շարունակել սկսված աշխատանքը հենց Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են 2018 թ.-ի ապրիլի 9-ին, հենց այդ ժամանակ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման:

Փորձագիտական և քաղաքական դաշտում շատերը կարծում են, որ վարչապետ կընտրվի հենց Սերժ Սարգսյանը, որովհետև նա քաղաքականությունից հեռանալու ցանկություն չունի: 2015թ.-ին էլ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին հենց իր իշխանության երկարաձգման համար: Արդեն 2 անգամ 5 տարի ժամկետով նախագահած Սարգսյանը չէր կարող 3-րդ անգամ ընտրվել:

Ընդդիմադիրներն էլ հիշեցնում են, որ 2014թ.-ին Սերժ Սարգսյանն անձամբ է հայտարարել, որ չի հավակնում վարչապետի պաշտոնը զբաղեցնել:

«Եթե Սերժ Սարգսյանը կրկին ղեկավար պաշտոն զբաղեցնի, ինքը, մեղմ ասած, իր խոսքի վրայով կանցնի»,- ասել է ընդդիմադիր «Ելք» կուսակցությունների դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը:

Իսկ Սերժ Սարգսյանն օրերս «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, խոսելով վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորության մասին, հստակ պատասխան չի տվել, թե ինչով է զբաղվելու հաջորդ տարվա ապրիլի 9-ից հետո.

«Չեմ սեթևեթում, չեմ ծանրացնում, չեմ թեթևացնում, ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ»:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը այս կապակցությամբ ասել է.

«Ես վստահ եմ, որ ամեն բան նախապես պլանավորված է եղել և հանրությանը մոլորեցնելու համար տարատեսակ ինտրիգներ են հյուսվել՝ ցույց տալու, թե Սերժ Սարգսյանը կարող է հեռանալ, բայց պետության շահը պահանջում է, որ նա մնա: Սերժ Սարգսյանի՝ սեփական խոսքերից հետ կանգնելու և իր իշխանությունը հավերժացնելու ձգտումը ամբողջությամբ համապատասխանում է հենց այն ավտորիտար տրամաբանությանը, որի մեջ գտնվում են ԵԱՏՄ երկրները, ի դեմս՝ ավտորիտար առաջնորդներ Լուկաշենկոյի, Նազարբաևի և Պուտինի»:


Կարդալ ավելին JAMnews-ում