Տնտեսագետները կարծում են, որ երկրում դրական փոփոխություններ են նկատվում, սակայն այժմ կարելի է խոսել միայն քանակական, այլ ոչ թե որակական փոփոխությունների մասին " />

Հայաստանի իշխանությունները հայտարարում են տնտեսական հեղափոխության մասին, փորձագետներն էյֆորիան վաղաժամ են համարում

Տնտեսագետները կարծում են, որ երկրում դրական փոփոխություններ են նկատվում, սակայն այժմ կարելի է խոսել միայն քանակական, այլ ոչ թե որակական փոփոխությունների մասին

ՀՆԱ, տնտեսական հեղափոխություն, ռազմական ծախսեր

Հայաստանում տնտեսական աճն այս տարի ակնկալվում է 7%-ից ոչ պակաս։ Այս մասին հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Թավշյա հեղափոխության» առաջնորդը կարծում է․ այս ցուցանիշը վկայում է, որ ավելի վաղ հայտարարված տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում։

Տնտեսական հեղափոխության մասին վարչապետը սկսեց խոսել 2018թ-ի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ հասկանալով, որ մարդիկ փողոց էին դուրս եկել և հեղափոխություն արել, նախևառաջ, կենսամակարդակի բարելավման ակնկալիքով։

Սակայն փորձագետներն այդքան լավատեսորեն չեն տրամադրված, որքան ինքը՝ կառավարության ղեկավարը։ Նրանք կարծում են, որ հաջորդ տարի արդեն ավելի դժվար կլինի աճի այսօրվա տեմպերն ապահովել։ Բոլոր մանրամասները՝ ստորև։

Հայաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության ծրագիրը, որը պետք է «տնտեսական հեղափոխության» հանգեցնի

Նիկոլ Փաշինյան. ընդդիմադիր, որը Հայաստանի վարչապետ դարձավ

Ի՞նչն է վկայում տնտեսական հեղափոխության մասին

Կառավարության անդամները ներկայացրել են 2020թ-ի պետբյուջեի նախագիծը։

Փաստաթղթի համաձայն՝ հաջորդ տարի Հայաստանի պետբյուջեի եկամտային մասը կկազմի 1,602 տրլն դրամ, ինչը 27,4%-ով կգերազանցի 2018թ-ի՝ հեղափոխության տարվա ցուցանիշը։ Դա կառավարությանը թույլ կտա ավելացնել մի շարք ոլորտների ֆինանսավորումը։

«Ծախսերը հիմնականում ուղղված կլինեն մարդկային ներուժի զարգացմանը։ Առողջապահության ոլորտում 2018 թվականի համեմատ ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում ունենք 41 տոկոս աճ, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում ունենք 21 տոկոս աճ։

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն իրենց ամբողջ ծավալով: Սոցիալական մասով կարևոր է արձանագրել, որ մոտավոր հաշվարկով շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում», – հայտարարել է վարչապետը:

2020թ-ին նախատեսվում է նաև 10 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները։

Փաշինյանը տվյալներ է ներկայացրել, որոնք խոսում են տնտեսության ընդհանուր մասնաբաժնում վերամշակող արդյունաբերության մասնաբաժնի աճի մասին․

 «2018թ-ի հունվար-մայիսին վերամշակող արդյունաբերության մասնաբաժինը կազմել է 62,8%, իսկ 2019թ-ի նույն ամիսներին՝ արդեն 64,6%։  Հանքաարդյունաբերական, հումքային ապրանքի մասնաբաժինը նվազել է 27,6%-ից մինչև 25%»։

Նախարարների կաբինետը կանխատեսում է նաև մոտակա տարիների ՀՆԱ աճը։ 2020-2022թթ-ին կառավարությունն իր առջև խնդիր է դրել ապահովելու ՀՆԱ համապատասխանաբար 7, 8 և 9% աճ։

2020 թ-ին զգալիորեն կաճեն ռազմական ծախսերը

Հաջորդ տարի, արդեն ավանդույթի համաձայն, զգալիորեն կաճեն պաշտպանական արդյունաբերության ծախսերը։ Դրանք կավելանան 25,3%-ով՝ 2018 թ-ի համեմատ։ 2019թ-ին պաշտպանության համար նախատեսված ծախսերը, նախորդ տարվա համեմատ, նույնպես աճել էին մեկ քառորդով, իսկ 2018թ-ին՝ 17 %-ով՝ 2017 թ-ի համեմատ։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ֆինանսավորման մի մասը պատրաստվում են ուղղել սպառազինության նոր տեսակների գնմանը․

«Մենք ունենք և հարձակողական և պաշտպանական զենքի ձեռքբերման պայմանագրեր, որոնք պետք է ստանանք 2019թ-ի վերջին և 2020թ-ի սկզբին»։

Ի՞նչ են խոսում փորձագետները

Հայաստանի տնտեսությունում դրական փոփոխություններ կան, սակայն տնտեսական հեղափոխության մասին դեռ վաղ է խոսել, կարծում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը․

«Հայաստանը մակրոէկոնոմիկայի տեսանկյունից լավ վիճակում է։ Աճի տեմպերը լավն են, տնտեսությունն առողջ է։ Սակայն մենք դեռևս կարող ենք խոսել քանակական աճի, քանակական փոփոխությունների մասին։ Որակական փոփոխությունների մասին դեռ վաղ է խոսել»։

Միքայելյանը կարծում է, որ հետագա տարիներին ավելի դժվար կլինի ապահովել ՀՆԱ աճի հայտարարված տեմպերը․

«Միջազգային ֆինանսական կազմակերպություններն ու Հայաստանի ֆինանսատնտեսական կառույցները շուրջ 4,5-5% տնտեսական աճ են կանխատեսում։ Իսկ կառավարությունը հայտարարում է գրեթե կրկնակի ավելի բարձր ցուցանիշ։ Սակայն դրանք պարզապես սպասումներ են։ Կարծում եմ, որ հաջորդ տարի ավելի դժվար կլինի ապահովել աճի նման տեմպերը»։


Կարդալ ավելին JAMnews-ում