Խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել օրենքի ընդունմանը, որը դատարանի անդամներին կապահովի ցմահ բարձր կենսաթոշակով նրանց վաղաժամ հրաժարականի դեմքում " />

Հայաստանի իշխանությունները գնում են Սահմանադրական դատարանի կազմի փոփոխման` ցանկացած գնով

Խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել օրենքի ընդունմանը, որը դատարանի անդամներին կապահովի ցմահ բարձր կենսաթոշակով նրանց վաղաժամ հրաժարականի դեմքում

Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան, Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրական դատարանի անդամների այսպես կոչված «վաղաժամ կենսաթոշակային համակարգի մասին օրենքը»։ Իշխող կուսակցությունը հույս ունի, որ նման կերպ կհաջովի փոխել բարձր դատարանի կազմը։

Սակայն «թավշյա» հեղափոխությունից հետո իշխանության եկած կառավարությունն առավելապես հետաքրքրված է Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանի հրաժարականով։ Նա ասոցացվում է «նախորդ իշխանությունների» հետ։ Վարչապետը կարծում է, որ նա ի վիճակի չէ ընդունել արդար և օրինական որոշումներ նոր, հետհեղափոխական իրականությունում։

Ավելի վաղ «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորները դիմել էին Սահմանադրական դատարան դրա նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Սակայն դատարանը հրաժարվել էր նույնիսկ դիտարկել Ազգային ժողովի դիմումն այն հիման վրա, որ դրանում «պահպանված չէ ընդունված կանոնակարգը»։

Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի 15-ամյակի կապակցությամբ քննարկում են, թե արդյոք պաշտպանված են մարդու իրավունքները

Հայաստանում շարունակվում է իշխող կուսակցության պայքարը Սահմանադրական դատարանի ղեկավարի դեմ

Ի՞նչ է ենթադրում կենսաթոշակային օրենքը

Սահմանադրական դատարանի անդամների վաղաժամ կենսաթոշակային համակարգի մասին օրենքը նրանց հետևյալ պայմաններն է առաջարկում․ եթե դատավորները հրաժարական տան օրենքն ընդունելուց հետո երկու ամսվա ընթացքում, կստանան կենսաթոշակ, որը հավասար է նրանց ներկայիս աշխատավարձին։ Խոսքն ավելի քան երկու հազար դոլար գումարի մասին է։

Օրենքի հեղինակները կարծում են, որ նման կերպ դատավորները ֆինանսապես շահագրգռված կլինեն և կլքեն զբաղեցրած պաշտոնները։

Ինչո՞ւ է դա կարևոր իշխանությունների համար

Հայաստանում Սահմանադրական դատարանի համար պայքարը սկսվել է 2018 թ-ի դեկտեմբերին նոր խորհրդարանի կազմի ընտրությունից անմիջապես հետո։ Այն ժամանակ խորհրդարանական մեծամասնություն դարձավ «Իմ քայլը» քաղաքական ուժը, որի առաջնորդը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Հայաստանի նոր իշխանությունները կարծում են, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը նախորդ իշխանության «դրածոն» է և ունակ չէ արդար և օրինական որոշումներ կայացնել։

Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը չդիտարկեց իր նախագահի լիազորություների դադարեցման մասին «Իմ քայլը» խմբակցության դիմումն, իշխող էլիտան Թովմասյանին պաշտոնանկ անելու այլ հնարավորություններ էր փնտրում։

Այն մասին, որ Թովմասյանը չպետք է Սահմանադրական դատարանի ղեկավարը լինի, դեկտեմբերի 10-ին կրկին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

 «Ուզո՞ւմ եք մեզ հետ։ Վստահ եմ, որ ուզում եք նոր ժողովրդավարական Հայաստան։ Պետք չէ ամեն անգամ հասնել առվին ու ասել՝ վայ չէ, կթրջվենք, չի կարելի։ Այո, ՍԴ-ի շուրջ կա ճգնաժամ: ՍԴ-ն շատ մեղքերի մեջ մեղավոր է, և այս ճգնաժամը պետք է լուծվի, որովհետև դա մեր երկրի կարևորագույն ինստիտուտներից մեկն է։ Բավական է ասել, որ վերջնական արդարադատությունը մարդիկ ակնկալում են գտնել այնտեղ»։

Այնուամենայնիվ, ընդդիմությունը կողմ չքվեարկեց «կենսաթոշակային օրինագծի» ընդունմանը։

Ընդդիմությունը դեմ է

Օրինագծին կողմ է քվեարկել խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխող խմբակցության պատգամավորները։

Օրինագծին դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները։ Այս քաղաքական ուժերը կարծում են, որ  իշխանությունները սխալ ուղի են ընտրել, իսկ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու փորձերն անվանում են հակասահմանադրական և քաղաքական ենթատեքստ ունեցող։ Օրինագիծն անգամ անվանվում է «օրինական կաշառք դատավորներին»։

«Այսինքն՝ հանցագործներին, որոնք նվազագույնը պետք է այրվեն որպես հերետիկոսներ, մենք պարգևատրում ենք, որպեսզի նրանք դառնան էլիտար թոշակառո՞ւ։ Որպեսզի ամսական գլխավոր հերետիկոս Թովմասյանը ստանա 1.3 մլն դրամ էլիտար կենսաթոշա՞կ, իսկ մնացած մանր հերետիկոսները՝ մեկական միլիո՞ն։ «Բարգավաճ Հայաստանը» նախագծին դեմ է քվեարկելու», – հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Օրինագծի երկրորդ ընթերցումը կկայանա առաջինից 24 ժամ անց, և հիմքեր չկան կասկածելու, որ այն կընդունվի․ իշխող կուսակցությունն ունի դրա համար բավականաչափ ձայներ։

Ինչո՞վ է հայտնի Հրայր Թովմասյանը 

Հայաստանում ոչ միայն իշխող կուսակցությունն է ասոցացնում Հրայր Թովմասյանին նախկին իշխանության հետ, այլև շատ հասարակ քաղաքացիներ։

Թովմասյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ էր և մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել։

Նա հայտնի է որպես 2015թ-ին սահմանադրական փոփոխությունների տեքստի հեղինակ։ Եվ դեկտեմբերին հանրաքվե կայացավ, որի արդյունքում Հայաստանը կառավարման նախագահական համակարգից անցավ խորհրդարանականի։

Այն ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր չէ այլևս երկրի բարձրագույն պաշտոններին հավակնել։ Սակայն արդեն 2018թ-ի ապրիլին, երբ խորհրդարանական մեծամասնությունն իր առաջնորդ Սերժ Սարգսյանին ընտրեց որպես նոր վարչապետ, հաստատվեց կրկին իշխանությունում հայտնվելու նրա ցանկությունը։

Սահմադրությունում ներառված փոփոխություններից առաջ նա արդեն երկու ժամկետ նախագահի պաշտոնն էր զբաղեցրել և չէր կարող երրորդ անգամ դա անել։ Սահմանադրական փոփոխությունները նրան հնարավորություն տվեցին իշխանության վերադառնալ՝ այժմ արդեն որպես վարչապետ, այսինքն՝ կրկին երկրի կառավարման բարձրագույն պաշտոնում։

Նա հրաժարական տվեց իր ընտրվելուց մի քանի օր անց մարդկանց ճնշման տակ, որոնք փողոց էին դուրս եկել 2018թ-ի գարնանը տեղի ունեցող «թավշյա հեղափոխության» օրերին։

Դրա առաջնորդ Փաշինյանի խոսքով՝ Թովմասյանը Սահմանադրության տեքստը գրել էր «Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելով․․․, որպեսզի Սահմանադրական դատարանի նախագահ մնա մինչև 2035թ․»։

«Մեզ պետք է ուրիշ Սահմանադրական դատարան։ Ստացվում է, որ․․․ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի [ՍԴ նախկին ղեկավար – JAMnews] օգնությամբ սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը ինչպես մի նոտարական գրասենյակ։ Եվ այսօր մենք ունենք իրողություն, որ ունենք 2019 թվականի Հայաստան, բայց, ըստ էության, ունենք 1995-ի Սահմանադրական դատարան», – հայտարարել էր Փաշինյանը։


Կարդալ ավելին JAMnews-ում