Ուղիղ եթերն ապահովել են այլ մեդիաների ներկայացուցիչներ, քանի որ շենքում անջատել են էլեկտրականությունը " />

Հայաստանի ընդդիմությունը ներխուժել է Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր

Ուղիղ եթերն ապահովել են այլ մեդիաների ներկայացուցիչներ, քանի որ շենքում անջատել են էլեկտրականությունը

Ընդդիմադիր պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մոտ 100 համախոհների հետ կարողացել է մուտք գործել Հայաստանի Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով իրեն ուղիղ եթեր տրամադրել: Անվտանգության աշխատակիցը փորձել է խոչընդոտել, բայց չի կարողացել դիմակայել ընդդիմադիր շարժման ակտիվիստների ճնշմանը:

Սա Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության «վերարտադրության» դեմ ակցիայի շարունակությունն է: Ակցիան սկսվել է երեկ երեկոյան Ազատության հրապարակում: Մանրամասները՝ JAMNews-ի հրապարակման մեջ:

Ереван: оппозиция начала круглосуточные акции против продолжения власти Сержа Саргсяна

Հանրային ռադիոյի շենքում Նիկոլ Փաշինյանը փորձել է հանդիպել դրա ղեկավար Մարկ Գրիգորյանի հետ, որպեսզի ուղիղ եթերի հնարավորություն ստանա: Սակայն չհասնելով ո՛չ հանդիպման, ո՛չ Հանրային ռադիոյում ուղիղ եթերի՝ Փաշինյանը սկսել է խոսել մամուլի այլ ներկայացուցիչների առաջ: Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանը ուղիղ եթերով հեռարձակել է այն, ինչ տեղի էր ունենում շենքում:

Այնուհետև Փաշինյանը խնդրել է լրագրողներին իրեն մի քանի րոպե մենակ թողնել և թույլ տալ պատրաստվել ելույթին: Ելույթը կարճ էր: Մասնավորապես, Փաշինյանը կոչ է արել ժողովրդին դուրս գալ փողոց, միանալ իրենց, բողոքի ակցիային, որն այսօր կշարունակվի Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում: Նախապես հայտարարված շուրջօրյա ակցիայի նպատակն է թույլ չտալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին դարձյալ դառնալ երկրի ղեկավար:

Նիկոլ Փաշինյանը կրկին մեջբերել է Սերժ Սարգսյանի այն խոստումը, որ նա չի առաջադրվի նախագահի պաշտոնում և չի հավակնի վարչապետի պաշտոնին: Եվ քանի որ Սարգսյանը դրժել է խոստումը, ընդդիմադիր գործիչը և նրա համախոհները իրենց պարտքն են համարում անել ամեն բան, որ նա պարզապես չկարողանա դարձյալ կանգնել իշխանության ղեկին՝ այս անգամ որպես վարչապետ, որը երկրի՝ խորհրդարանական կարգի անցումից հետո դարձել է գլխավոր պաշտոնը:

Իր ելութը Փաշինյանն ավարտել է հետևյալ բառերով. «Կատարե՛ք ձեր քայլը, և Սերժ Սարգսյանը կանի իր հետ քայլը… Մեր երեխաները պետք է ապրեն ազատ երկրում»:

Շարունակական ակցիայի նպատակը հետևյալն է. փողոց դուրս բերել հնարավորինս շատ մարդ, շրջափակել խորհրդարանի շենքը ապրիլի 17-ին (հենց այդ օրն է նշանակված վարչապետի ընտրությունը) և թույլ չտալ քվեարկություն: Համաձայն սահամանդրության՝ եթե վարչապետի ընտրությունը երկու անգամ տապալվի, գործող խորհրդարանը կզրկվի իր լիազորություններից, և կնշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ: Այդպիսով, ըստ ընդդիմադիրների, կփոխվի խորհրդարանական մեծամասնությունը, և չի շարունակվի Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Նիկոլ Փաշինյանը վերջին բոլոր օրերին հայտարարում է, որ եթե չհաջողվի հասնել այս շարժման նպատակին, ինքը կհեռանա քաղաքականությունից:

Իսկ շարժումը նա սկսել է երկու շաբաթ առաջ՝ «Իմ քայլը» նախաձեռնությամբ: Նա իր կողմնակիցների հետ անցել է երկրի խոշոր համայքներով՝ Գյումրիից մինչև մայրաքաղաք՝ մոտ 200 կմ՝ կոչ անելով մարդկանց դեմ հանդես գալ Սերժ Սարգսյանի «վերարտադրությանը»: Երեկ Երևանում սկսվել է բազմամարդ հանրահավաք, որից հետո մասնակիցները փակել են քաղաքի կենտրոնական հատվածում երթևեկությունը և գիշերել այնտեղ:

Հենց Փաշինյանի խոսքով՝ գիշերն իրենք շատ չեն եղել՝ մոտ 200 մարդ: Ուստի նա տեղին է համարում օգտագործել բոլոր հնարավորությունները՝ փողոց դուրս գալու իրենց կոչը հնարավորինս շատ մարդկանց հասցնելու համար:

Իշխող Հանրապետական կուսակցությունը այսօր առավոտյան արդեն առաջադրել է Սերժ Սարգսյանի  թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Կուսակցության նիստը տեղի է ունեցել մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ծաղկաձոր քաղաքում:


Կարդալ ավելին JAMnews-ում