Այսպիսով էլեկտրաէներգիյաի ներկրման և արտահանման բոլոր գործընթացները կլինեն մի ընկերության ձեռքերում, որը ղեկավարում է ռուսաստանահայ գործարարը" />

Հայաստանի էներգետիկ համակարգի հիմնական օղակը կառավարման հանձնվեց «Տաշիր կապիտալ» ընկերությանը

Այսպիսով էլեկտրաէներգիյաի ներկրման և արտահանման բոլոր գործընթացները կլինեն մի ընկերության ձեռքերում, որը ղեկավարում է ռուսաստանահայ գործարարը

Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը 5 տարով հավատարմագրային կառավարման հանձնել «Տաշիր կապիտալ»-ին:

«Տաշիր կապիտալ»-ը պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին, ով, ի դեպ, անցյալ տարի ձեռքբերեց նաև «Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը» («ՀԷՑ»):

  • «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը («ԲԷՑ») Հայաստանի էներգետիկ համակարգի հիմնական գործառույթն է կատարում՝ էլեկտրաէներգիան արտադրողից ստանում և փոխանցում է «ՀԷՑ»-ին,
  • «ՀԷՑ»-ն էլ էլեկտրաէներգիան բաշխում է բնակիչներին:

Էլեկտրաէներգիան արտադրողի ու բաշխողի միջև «ԲԷՑ»-ը կապող օղակ է, դրա միջոցով է կատարվում նաև Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան էներգետիկ կապը:

Ընդունված որոշումը կառավարությունից բացատրեցին հետևյալ կերպ. «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը կբարձրանա:

«ԲԷՑ»-ի կառավարման հանձնումը «Տաշիր կապիտալ»-ին մի շարք առավելություններ ունի, մասնավորապես` ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյուններից»,-  ասել է գործադիր մարմնում հարցը ներկայացնող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը:

Սակայն, քաղաքական-փորձագիտական որոշ շրջանակներ կարծում են, որ այսպիսով էներգիան ներկրելու և արտահանելու գործառույթը վերահսկվելու է ռուսաստանահայ մի գործարար, որի բիզնեսի մեծ մասը ՌԴ-ում է, այսինքն  ռուսական բիզնեսի ներկայացուցիչ:

Երեք շաբաթ առաջ կառավարությունը հաստատեց Դեբեդ գետի վրա խոշոր ՀԷԿ կառուցելու վերաբերյալ «Տաշիր կապիտալ»-ի ներդրումային ծրագիրը, իսկ ամիսներ առաջ այդ ընկերությունը ձեռք էր բերել նաև Հրազդանի ՋԷԿ-ը:

«Սամվել Կարապետյանը ցանկանում է իր ազդեցությունը տարածել Հայաստանի էներգահամակարգի բոլոր օղակների՝ արտադրության, հաղորդման-տրանսֆորմացման և բաշխման համակարգերի վրա… Այդպիսով՝ Հայաստանը գնալով խրվում է Ռուսաստանի էներգետիկ ճիրանների մեջ: Եվ ՌԴ-ն էլ ավելի է ընդլայնում ՀՀ էներգետիկ համակարգի վրա իր ազդեցության լծակներն արտադրողից, բաշխողից մինչև ներկրող և արտահանող օղակները: Եվ որևէ փորձ այդ ցանցից դուրս գալու, կարծես թե, դատապարտվում է ձախողման»,-  գրել է 1in.am կայքը:

2006 թվակաինց «ՀԷՑ»-ի սեփականատերն էր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ռուսական ընկերությունը: 2015-ին ռուսական ընկերությունը հայտարարեց էլեկտրաէներգիայի գինը բաևձրացնելու մասին իր որոշման մասին: Դա առաջացրեց Հայաստանում բողոքի լուրջ ալիք: Լրատվամիջոցներն ու մարդիկ այն անվանեցին #ElectricYerevan: Թանկացումը կասեցվեց:

Դրանից հետո  «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ն իր 100 տոկոս բաժնետոմսերը վաճառեց Սամվել Կարապետյանի ընկերությանը՝ պատճառաբանելով, որ կան խնդիրներ, որ ընկերությունն աշխատել է վնասով ու կուտակել պարտքեր: Այդ ժամանակ Հայաստանում  ոմանք կարծում էին, որ երկրի էներգետիկ համակարգն որոշ չափով ազատվեց ռուսական վերահսկումից: Բայց նաև հնչում էին պնդումներ, որ սա ռուսական նախագիծ էր՝ բեմադրություն, որի արդյունքում «ՀԷՑ»-ի սեփականատեր դարձավ մեկը, ում շնորհիվ ռուսական ազդեցությունը չի թուլանա:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում