Հիմնական ուղղությունների վերլուծություն՝ ատոմակայան, ջերմային և հիդրոէներգետիկա: Տարածաշրջանային համագործակցության խնդիրներն և հեռանկարները " />

Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին

Հիմնական ուղղությունների վերլուծություն՝ ատոմակայան, ջերմային և հիդրոէներգետիկա: Տարածաշրջանային համագործակցության խնդիրներն և հեռանկարները

Հայաստանում շարունակվում են վեճերը կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքի՝ Մեծամորի ատոմակայանի շուրջ: Քննարկումների ակտիվացման առիթ է դարձել Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս փաստաթղթի Էներգետիկ համագործակցության և ատոմային անվտանգության վերաբերյալ բաժնի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվում է փակել ատոմակայանն և այն նոր արտադրամիավորներով փոխարինել:

Ճիշտ է, փաստաթղթում հստակ ժամկետներ նշված չեն: Իսկ համաձայնագրի ստորագրումը սպասվում է նոյեմբերի վերջին: Ընդ որում, Հայաստանի նախագահը հայտարարել է, որ ատոմակայանը կաշխատի դեռ 10 տարի, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետն արդեն երկարաձգվել է մինչև 2027թ-ը: Սակայն 2008թ-ին Սերժ Սարգսյանը խոսում էր նոր ատոմակայան կառուցելու մտադրության մասին: Բայց մասնագետները կարծում են, որ նախագիծը չափազանց ծախսատար է, և Հայաստանն այն չի կարող ինքնուրույն կյանքի կոչել:

Երկրի էներգետիկ անվտանգությունը ձևավորում են այդ համակարգի բոլոր օղակները: Այդ պատճառով էլ դիտարկենք ոչ միայն դրա հիմնական բաղադրիչն, այլ նաև մնացած օղակները: Սկսենք գլխավորից:

Ատոմային էներգետիկա

Հայկական, կամ Մեծամորի ատոմային էլեկտրակայանն արդեն 20 տարի է, ինչ հանրապետության էներգետիկ անվտանգության համակարգի առանցքային օղակն է: Այն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը:

Օբյեկտը շահագործման է հանձնվել 1977թ-ին, սակայն երկրի հյուսիսում 1988թ-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ԽՍՀՄ Նախարարների խորհուրդն ու Հայկական ԽՍՀ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց դադարեցնել ատոմակայանի աշխատանքը սեյսմիկ անկայուն գոտում դրա գործառնության մեծ վտանգի և հնարավոր ցնցումների հետ կապված:

5 տարի անց՝ 1993թ-ին, անկախ Հայաստանի իշխանությունները վերագործարկեցին ատոմակայանը: Էլեկտրաէներգիայի այլ իրական աղբյուրների բացակայության պայմաններում դա ԽՍՀՄ փլուզումից հետո երկիրը պատած էներգետիկ ճգնաժամից դուրս գալու միակ միջոցն էր:

Արդեն այն ժամանակ ատոմային էներգետիկան սկսեց առանցքային տեղ զբաղեցնել Հայաստանի ընդհանուր էներգետիկ համակարգում: Այսօր այդ ուղղությունը ռազմավարական է, թեև Մեծամորի ատոմակայանը բազմաթիվ հարցեր է առաջացնում Եվրամիության մոտ, որը պնդում է, որ այն պետք է կոնսերվացվի կամ արդիականացվի:

Տնտեսագետ Վահան Խաչատրյանը կարծում է.

«Ատոմակայանի հնարավոր փակումը մեծ խնդիր է Հայաստանի համար, քանի որ այն հսկայական դեր է խաղում երկրի էներգետիկ համակարգում: Այն Հայաստանի էներգետիկ անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ է»:

Ատոմային էներգետիկայի պահպանման անհրաժեշտության մասին խոսում են ինչպես իշխանական կառույցներն, այնպես էլ փորձագիտական համայնքը: ԵՄ կողմից ճնշման պայմաններում հանրապետության իշխանություններին անհրաժեշտ է այս խնդրին օպտիմալ լուծում գտնել:

Ջերմային և հիդրոէներգետիկա

Անկախության տարիներին ատոմային էներգետիկային զուգահեռ այլ ճյուղեր էլ նախանշվեցին, որոնք բավականին դինամիկ զարգացում ունեին: Մասնավորապես, ջերմային և հիդրոէներգետիկան: Հայաստանում գործում է երկու ջերմաէլեկտրակայան, որոնք միասին ապահովում են էրկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը: Ամենախոշորը Հրազդանի ՋԷԿ-ն է, որը Ռուսաստանի Դաշնության սեփականությունն է: 2012թ-ին շահագործման է հանձնվել ՋԷԿ-ի կարևորագույն հինգերորդ էներգաբլոկը: էլետրակայանն աշխատում է բնական գազով, որը գալիս է Իրանից։ Հիդրոէներգետիան ապահովում է երկրի էլետրաէներգիայի 20%-ը: Դրանք հիմնականում փոքր ՀԷԿ-եր են, որոնց թիվն, ըստ 2017թ-ի հունվարի 1-ի տվյալների, կազմում է 178: Հայաստանը հետաքրքրված էր նաև Իրանի  ետ տարածաշրջանում խոշորագույն Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության համատեղ նախագծի իրականացմամբ, սակայն դեռևս չի հաջողվում անցնել իրականացման ակտիվ փուլին:

Կապույտ վառելիքն ու Գազպրոմը  

Եթե էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված Հայաստանի գործերը վատ չեն, ապա բնական գազ երկիրը ստիպված է գնել: Ընդ որում, դա կարելի է անել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Իրանից: Եվ դա իշխանությունների թերևս գլխավոր ձեռքբերումն է երկրի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:

«Հայաստանը դիվերսիֆիկացման առումով բավականին բարձր մակարդակի է հասել: Չնայած հայկական էներգետիկ համակարդի առանձին ճյուղերի ճգնաժամային լինելուն՝ հանրապետության ընդհանուր էներգետիկ հատվածը կարելի է բնութագրել որպես դիվերսիֆիկացված հատապես արտաքին մատակարարումների տեսանկյունից», – նշում է քաղաքագետ, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը:

Հայաստանի կապույտ վառելիքի գլխավոր մատակարարը շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն «հյուսիսային» ուղղությունը շարունակում է ժամանակ առ ժամանակ պաշտոնական Երևանի անհանգստությունն առաջացնել:

Բանն այն է, որ Վրաստանը 2010թ-ին հանել է Մոզդոկ-Թբիլիսի գազատարը ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ցուցակից: Այդ օրվանից լուրեր են պտտվում, որ Ռուսաստանից Հայաստան գնացող գազատարը ցանկանում են ձեռք բերել ադրբեջանական կառույցները:

Եվս մեկ հարց, որը տեղական փորձագետների անհանգստություն է առաջացնում, ռուսական կապիտալի էքսպանսիան է: Գրեթե բոլոր խոշոր էներգետիկ ենթակառուցվածքները գտնվում են ռուսական ընկերությունների վերահսկողության տակ: «Գազպրոմ-Հայաստանը» հանրապետության տարածքում բնական գազի մատակարարման և իրացման մոնոպոլիստ է և «Գազպրոմ» ԲԲԸ 100% դուստր ընկերությունն է:

Կառույցին է պատկանում նաև Հայաստան-Իրան գազատարը և, ինչպես արդեն նշվեց, Հրազդանի ՋԷԿ-ը: Վահե Դավթյանն ընդգծում է, որ սա ռուսական կապիտալի և ոլորտի արդիականացման գինն է.

«Հայաստանն իր «էներգետիկ ինքնիշխանության» ոլորտում որոշակի զիջումների է գնացել ռուսական ներդրումների դիմաց: Եվ այդ առումով մենք որոշակի ռիսկեր ունենք: Ռիսկերը, մասնավորապես, վերաբերում են նրան, որ մենք այսօր, կառուցելով մեր էներգետիկ հարաբերությունները, էներգետիկ երկխոսությունն այլ պետությունների հետ, այսպես թե այնպես դա ստիպված ենք անել՝ հայացք գցելով Գազպրոմի վրա: Գլխավոր ռիսկերն, ընդհանրացնեմ, ինքնիշխանության կորուստն է, որին մենք գնացել ենք, կարծում եմ, միտումնավոր, զուտ տեխնիկական և տնտեսական տեսանկյունից Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացման նպատակով»:

Հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը

Խոսելով Հայաստանի  էներգետիկ քաղաքականության վրա ռուսական Գազպրոմի ազդեցության մասին՝ պետք է նկատի ունենալ այդ թվում Իրանը, որի հետ Երևանը մի քանի խոշոր նախագիծ ունի: Իրան-Հայաստան 140կմ երկարությամբ գազատարը շահագործման է հանձնվել 2007թ-ին:

Դեռ մշակման փուլում տվյալ նախագիծը կոչված էր Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Ուկրաինա-Եվրոպա էներգետիկ միջանցք կառուցել իրանական գազի տարանցման համար: Սակայն շինարարությանը Գազպրոմի ներգրավումից հետո որոշում է կայացվել գազատարի տրամագիծը 1,4 մետրից նեղացնել մինչև 711սմ: Այն ժամանակ շատերը համարեցին, որ այդ որոշումը կայացվել է հենց Գազպրոմի ճնշման տակ իրանական գազի մուտքը եվրոպական շուկա թույլ չտալու նպատակով:

Այժմ այդ գազատարով իրանական գազի տարանցման մասին խոսք չի գնում: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ անհրաժեշտության դեպքում հայկական իշխանությունները կարող են պայմանավորվել Գազպրոմի հետ, սակայն հարկ կլինի նոր գազատար կառուցել:

Իրան-Հայաստան գազատարն այժմ ողջ հզորությամբ չի աշխատում՝ ապահովելով երկիր մտնող կապույտ վառելիքի ընդհանուր ծավալի մոտ 20%-ը:

Հատկանշական է, որ Հայաստանում ժողովրդի մեջ ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ հանրապետությունը կարող է ավելի էժան գազ ստանալ Իրանից:

Վահե Դավթյանը կարծում է, որ գազի գնման ամենաօպտիմալ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը.

«Գոյություն ունի գազային շուկայի վերլուծություն, և գաղտնիք չէ, որ իրանական գազը սահմանին գնահատվում է 180-185 դոլար մեկ կուբամետրի դիմաց, իսկ ռուսական գազը մենք գնում ենք 150 դոլարով: Այլ հարց է, եթե հայկական շուկայի համար իրանական գազի արժեքի նվազեցման մասին քաղաքական որոշում կայացվի: Եվ երկրորդ պահն իրանական գազի որակն է, որն իր բնութագրերով զգալիորեն զիջում է ռուսականին»:

Այնուամենայնիվ, պաշտոնական Թեհրանը շարունակում է էներգետիկ ոլորտում Հայաստանի կարևորագույն գործընկերը մնալ: Արդեն երկար տարիներ երկրները բարտեր են անում՝ փոխանակելով էլեկտրաէներգիան և գազը: Հայաստանը նույնպես հետաքրքրված է «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքով, որը կոչված է միացնելու Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերը:

Տարածաշրջանային համագործակցություն

2017թ-ի հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Թեև այդ նախագիծն էներգետիկ չէ, այն Հայաստանը խոշոր տարածաշրջանային տնտեսական նախաձեռնություններից դուրս թողնելու հերթական փորձն է:

Ինչ վերաբերում է բացառապես էներգետիկ ոլորտին, ապա, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի համար կենսական կարևորություն է ներկայացնում Վրաստանին որպես գործընկեր պահպանելը, որի հետ նույնպես գործում է էլեկտրաէներգիայի բարտերային փոխանակման համակարգը:

Սխեմայի համաձայն՝ ամռանը Հայաստանը գնում է էժան էլեկտրաէներգիայի ավելցուկը, որն արտադրում են վրացական հիդրաէլեկտրակայանները: Ձմռանն, ընդհակառակը, էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին: 2017թ-ին պլանավորվում է 20%-ով ավելացնել հյուսիսային ուղղությամբ հայկական էլեկտրաէներգիայի արտահանումը: Մինչև 2018թ-ը նույնպես պլանավորվում է շահագործման հանձնել «Հայաստան-Վրաստան» էլեկտրահաղորդակցման չորրորդ գիծը:

Վրաստանը կոչված է կարևոր դեր խաղալ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի կառուցման գործում, որն ակտիվորեն զարգացնում է պաշտոնական Երևանը: Վահագն Խաչատրյանը մտածում է, որ այդ նախագծի հաջողության առանցքային բաղադրիչը կարող է Ռուսաստանի դիրքորոշումը լինել.

«Ռուսաստանը նույնպես շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա արդյունավետ օգտագործել իր էներգետիկ արտադրամիավորներն այդ ծրագիրն իրականացնելու համար: Էներգետիկ ցանցը, որն աշխատելու է տարբեր պետությունների միջև, դրական կազդի այդ երկրներից ցանկացածի էներգետիկ անվտանգության վրա»:

Հայ փորձագետները ենթադրում են նաև, որ Հայաստանի էներգետիկ համակարգը վրացականի համեմատ ավելի զարգացած է, և ժամանակի ընթացքում հանրապետությունն ունակ է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել հարևան երկիր:

ԱՄՆ-ն և «մաքուր» էներգիան Հայաստանում

Սակայն Հայաստանի էներգետիկ համակարգը կարող է զգալի փոփոխություններ կրել, եթե դրան ակտիվորեն ներգրավվի ԱՄՆ-ն: Բանն այն է, որ այդ Հայաստանում երկրի դեսպան՝ Ռիչարդ Միլզը, հայտարարել է, որ «ամերիկյան ներդրողներն ավելի քան հետաքրքրված են էներգետիկ ոլորտով, և 8մլրդ դոլարի ներդրումային համագորածկցության հնարավորություն կա»:

Խոսքն, առաջին հերթին, գնում է արևային էներգետիկայի մասին: Խոսքերից այնկողմ բանը դեռ գործին չի հասել, սակայն դեսպանի հայտարարությունը դժվար է անհիմն անվանել: Մասնագետները նշում են, որ Հայաստանն այդ ոլորտում մեծ ներուժ ունի: Այս տարի գործարկվել է առաջին արդյունաբերական հելիոկայանը: Սակայն հանրապետությունն այդ ուղղությամբ միայն առաջին քայլերն է անում:

Վահե Դավթյանը կարծում է, որ վերականգնվող, մասնավորապես, արևային էներգետիկայի զգալի զարգացման համար ժամանակ է պետք.

«Արևային, քամու էներգետիկայի զարգացման համար ներուժ ունենալը բավական չէ: Բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ: Եթե անգամ վերցնենք ամենաառաջատար երկրները, որոնցում այդ «մաքուր» կամ «կանաչ» բաղկացուցիչը գերակշռում է էներգահամակարգում, ապա նրանք զարգացման բավականին երկար ճանապարհ են անցել: Վերցնենք Դանիան, որը սկսել է այդ ոլորտը զարգացնել դեռևս 20-րդ դարի 60-ական թվականներին: Մեզ մոտ արևային էներգետիկայի զարգացման ոչ մի իրական ծրագիր մինչ այս չի եղել»:

Արևային էներգետիկայի զարգացման համար լուրջ խոչընդոտ է նաև դրա թանկ լինելը, ընդ որում, ոչմիայն արևային էներգիայի, որը Հայաստանում ի վիճակի չէ մրցակցել ատոմայինի հետ, այլ նաև արևային էներգիայի արտադրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների:

«Մենք այսօր արևային էներգետիկայի զարգացման համար իրական հնարավորթյուն չունենք: Դրա համար, նախևառաջ, պետական սուբսիդավորում է պետք: Պետությունն այսօր հազիվ թե կարողանա դա անել»,նշում է Վահե Դավթյանը:

Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանի էներգետիկ անվտանգության համար

Ինչ էլ լինի, էներգետիկան հայկական տնտեսության այն քիչ ոլորտներից է, որը զարգացման լուրջ ուղի է անցել և որոշակի հաջողություն գրանցել անկախության տարիներին: Առանցքային ձեռքբերումների թվում էներգետիկ լոգիստիկայի դիվերսիֆիկացիան է, ինչը թույլ է տալիս իշխանություններին պատրաստ լինել այնպիսի արտաքին էքսցեսների, ինչպիսին 2008թ-ի վրաց-ռուսական ճգնաժամն էր:

Հաջողություն կարելի է համարել նաև այն փաստը, որ հանրապետությունն ունակ է ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը: Չնայած Հայկական ատոմակայանի հետ կապված որոշակի խնդիրներին՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտը նույնպես բավականին դիվերսիֆիկացված է:

Զուգահեռաբար Հայաստանը կորցրել է վերահսկողությունը կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքների հանդեպ, ինչը զգալիորեն բարդացնում է երկրի տարանցման ներուժի իրացումը և այն Գազպրոմից կախվածության մեջ է գցում: Վառ օրինակ է Իրան-Հայաստան գազատարը, որն, ըստ էության, դարձել է բացառապես միջպետական նախագիծ:

Մոտակա տարիներին Հայաստանի իշխանությունների համար էներգետիկայի ոլորտում գլխավոր խնդիրն էներգետիկ միջանցքի ստեղծումը կլինի, որը կմիացնի Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերը, ինչը թույլ կտա չեզոքացնել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ տանդեմից կրած կորուստները:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:


Կարդալ ավելին JAMnews-ում