Հիմնադրամը փոխհատուցում է վճարում զոհված և տուժած զինծառայողների ընտանիքներին Հայաստանի բոլոր բնակիչների աշխատավարձերից ամսական փոխանցումների շնորհիվ" />

Հայաստանի զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կօգնի ավելի մեծ թվով տուժածների

Հիմնադրամը փոխհատուցում է վճարում զոհված և տուժած զինծառայողների ընտանիքներին Հայաստանի բոլոր բնակիչների աշխատավարձերից ամսական փոխանցումների շնորհիվ

Հայաստանի զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ընդլայնում է իր գործունեությունը։ Այս տարվա ապրիլի մեկից հատուցումներ կստանան 2008-2014 թվականներին զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները։ Ավելի վաղ հիմնադրամը փոխհատուցում էր վճարում միայն 2015-2016 թվականներին տուժած զինծառայողների ընտանիքներին։

Հայաստանում իր գործունեությունն է սկսել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը

Թե ինչպես են Հայաստանում և Ադրբեջանում պատերազմ-պատերազմ խաղում

Որոշման մանրամասները

Հիմնադրամի խորհրդի նիստի ընթացքում միաձայն որոշում է կայացվել ապրիլի մեկից փոխհատուցում վճարել զինծառայողների ընտանիքներին, որոնք զոհվել կամ հաշմանդամություն են ստացել 2008-2014թթ-ը։ Այս որոշումը նշանակում է, որ հիմնադրամից օգնություն կստանա ավելի շատ մարդ, քան պլանավորվում էր անցյալ տարի։

Եվ հաջորդ տարվանից պլանավորվում է էլ ավելի ընդլայնել օգնության շահառուների թիվն ու փոխհատուցում տալ այն դեպքերի համար, որոնք ավել մեծ վաղեմություն ունեն՝ տեղի են ունեցել մինչև 2008թ-ը։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը նշել է, որ տվյալ պահին հիմնադրամի հավաքագրած գումարը գերազանցում է 14 մլրդ դրամը ($28 մլն), իսկ վճարումների ընդհանուր գումարը հիմնադրամի գործելու ընթացքում կազմել է արդեն 941 մլն դրամ ($1,9 մլն)։

Հիմնադրամի մասին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր աշխատանքը սկսել է Հայաստանի դեռ նախորդ իշխանությունների ժամանակ՝ 2017թ-ից։ Գաղափարի հեղինակը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էր։ Հիմնադրամի ստեղծումը ժամանակային առումով համընկավ հայկական բանակի 25-ամյակի հետ։ Դրա նպատակը զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելն է։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում զինծառայողների առողջությանը կամ կյանքին հասցված վնասի փոխհատուցման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2017թ-ի հունվարի 9-ից, Հայաստանի բոլոր բնակիչների աշխատավարձերից ամսական 1000 դրամ է փոխանցվում հիմնադրամի հաշվին։ Հիմնադրամը համալրվում է նաև անհատական նվիրատվություններով՝ ավելի խոշոր գումարներով։

Արդյունքում՝ զոհվածների ընտանիքներին և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողներին 10մլն դրամ է վճարվում, իսկ երկրորդ խմբի հաշմանդամներին՝ հինգ միլիոն դրամ։

Ժամանակին հիմնադրամի ստեղծումը ոչ միանշանակ արձագանք էր առաջացրել հասարակությունում։ Հայաստանի բնակիչները միշտ շատ ջերմ են վերաբերվել Հայաստանի սահմանները պաշտպանող երիտասարդությանը։ Հասարակությունում միշտ պատրաստակամություն է եղել բանակին օգնելու։ Բացասական արձագանքի պատճառն այն էր, որ երկրի բնակիչները չէին վստահում նախորդ իշխանություններին և հավաքված միջոցների օգտագործման թափանցիկության մասին խոստումներին։

Ներկայիս իշխանությունների մոտեցումը

Այն մասին, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից օգնություն կստանան ավելի շատ մարդիկ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարել էր զոհված զինծառայողների մայրերի հետ 2018թ-ին իր հանդիպման ժամանակ։

Այն ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ մոտ ապագայում, հիմնադրամի հնարավորությունները հաշվի առնելով, օգնության ժամանակային շեմը կավելանա։ Եվ որքան շատ փող լինի հիմնադրամում, այդքան մեծ կլինի ժամանակային շեմն ու այդքան ավելի շատ զինծառայողների ընտանիքներ ֆինանսական օգնություն կստանան։

«Խնդիրը միայն նպաստների նշանակումը չէ, խնդիրը նաև այդ գումարները ժամանակին վճարելու հնարավորությունն է։ Մենք չենք կարող խոստանալ, իսկ հետո չկատարել մեր խոստումն ու դրանով վիրավորել այդ մարդկանց», – ասել է վարչապետը։

Կես տարի անց՝ մարտի 22-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1000 դրամների հիմնադրամը 2019 թ-ի ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ և 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Սա չափազանց կարևոր որոշում է, չափազանց կարևոր սփոփանք՝ բոլորիս համար»։


Կարդալ ավելին JAMnews-ում