Մոնիթորինգի արդյունքում պարզվել է․ գյուղի դպրոցների մեծ մասի զուգարանները բակում են, տաք ջուր չկա, ծորակները չեն աշխատում" />

Հայաստանի դպրոցներում և մանկապարտեզներում բացակայում են տարրական հիգիենայի պայմանները

Մոնիթորինգի արդյունքում պարզվել է․ գյուղի դպրոցների մեծ մասի զուգարանները բակում են, տաք ջուր չկա, ծորակները չեն աշխատում

Հայաստանի դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ իրավիճակը մտահոգիչ է և անհանգստություն է առաջացնում։ Այս մասին են խոսում հետազոտության արդյունքները, որոնք Հայաստանում առաջին անգամ են անցկացվել անկախ կառույցների կողմից՝ բժիշկների մասնակցությամբ։ Մոնիթորինգն անցկացվել է երկրի բոլոր մարզերում և մայրաքաղաքում՝ 121 դպրոցներում և 80 մանկապարտեզներում։ Դրանք ընտրվել են պատահականության սկզբունքով։

Դպրոցականները պատերազմում

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները՝ հեռավոր գյուղերում

Ի՞նչ է ցույց տվել մոնիթորինգը

Հետազոտությունը ցույց է տվել, որ դպրոցների 86%-ում բացակայում է տաք ջուրը։ Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա տաք ջրով ապահովված է դրանց միայն 44%-ը։

Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանն իրավիճակը մտահոգիչ է անվանել․

«Մի շարք դպրոցներում ջուրն ընդհանրապես անհասանելի է ծորակների անսարքության, կամ դրանց բացակայության պատճառով։ Հետազոտության ընթացքում դեպքեր են գրանցվել, երբ ողջ դպրոցում աշխատել է մեկ ծորակ»։

Մարդու իրավունքերի պաշտպանը ուշադրություն է դարձնում դպրոցների շենքերում տիրող հակասանիտարական վիճակին․

«Շատ դեպքեր են եղել, երբ շատ վտանգավոր իրավիճակ է դիտվել երեխաների՝ տարբեր վարակներով հիվանդանալու տեսանկյունից»։

Պարզվել է, որ երեխաները ստիպված են ջուր խմել հենց ծորակից կամ ընդհանուր բաժակով։ Բացի այդ, մոնիթորինգի ընթացքում բացայատվել է, որ գյուղական դպրոցների մեծ մասի շենքերում սանհանգույցներ չկան, դրանք բակում են։ Գյուղական դպրոցների 41%-ում զուգարանակոնքեր ընդհանրապես չկան։ Շատ են օրինակները, երբ զուգարանակոնքերը միմյանցից բաժանված չեն իրարից պատերով։

«Մի շարք դեպքերում՝ նույնիսկ առանձին սանհանգույցների առկայության պարագայում, դրանց դռները կամ չեն փակվում, կամ այնպես են փակվում, որ երեխաները չեն կարողանում օգտվել դրանցից», – հայտարարել է օմբուդսմենը։

Մոնիթորինգին մասնակցող բժիշկները ցնցված են դպրոցում հիգիենայի տարրական միջոցների բացակայությունից։ Դպրոցական զուգարանների մեծ մասում օճառ չի եղել, 76%-ում զուգարանի թուղթ չի եղել, առավելևս՝ ձեռքերի չորացուցիչներ կամ սրբիչներ։

Օմբուդսմենը հայտարարել է նաև, որ 121 դպրոցից միայն 8-ում և 80 մանկապարտեզից միայն 2-ում են հոգ տարել, որ սանհանգույցներից կարողանան օգտվել հաշմանդամություն ունեցող երեխաները։

Ընդհանուր առմամբ, իրավիճակն ամենավատն է երկրի երկու մարզերի՝ Շիրակի և Վայոց Ձորի դպրոցներում։

Արդյո՞ք փոփոխություններ կլինեն

Բոլոր հայտնաբերված խնդիրներն Արման Թաթոյանն արդեն քննարկել է կրթության և գիտության նախարարի հետ։ Մոնիթորինգի արդյունքներն ուղարկվել են նաև Երևանի քաղաքապետին և տարածքային կառավարման ու զարգացման նախարարին։

«Մենք պայմանավորվել ենք, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու այս խնդիրների լուծման համար», – ասել է օմբուդսմենը։

Մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ ավելի վաղ դպրոցների տնօրեններն իրենք են դիմել այդ բոլոր խնդիրները լուծելու խնդրանքով, սակայն պատասխան չեն ստացել։


Կարդալ ավելին JAMnews-ում