Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում 2016-ին թուլացրեց հանրային դժգոհությունը, բայց իշխանությունները չօգտագործեցին ստացված հավելյալ ժամանակը " />

Հայաստանի գործող կառավարությունը «անվերջանալի թվով» խնդիրներ է թողնում իրեն հաջորդողին

Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում 2016-ին թուլացրեց հանրային դժգոհությունը, բայց իշխանությունները չօգտագործեցին ստացված հավելյալ ժամանակը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր վերջին վերջին անգամ կառավարության նիստ է վարել: Վարչապետի պաշտոնը 2016թ.-ին ստանձնած Կարապետյանը հրաժեշտի խոսքով է հանդես եկել և նախարարներին առաջարկել հաշվետվություն ներկայացնել հասարակությանը՝ կատարած աշխատանքի վերաբերյալ:

Մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանում տեղի կունենա վարչապետի ընտրության երկրորդ փուլը: Նոր վարչապետը կձևավարովի նոր կառավարություն: Մինչ այդ, մայիսի 1-ին՝ ընտրությունների առաջին փուլում, ժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ բավականաչափ ձայներ: Ազգային ժողովի մեծամասնությունը դեռ պատրաստ չէր զիջել իշխանությունը:

 

Անհնազանդության շարժումը կրկին փակեց ճանապարհները, ինչպես դա արվում էր ապրիլի 13-ին սկսված իշխանությունների դեմ պայքարի ընթացքում: Այս անգամ փակվեցին նաև միջպետական ճանապարհները, դադարեց աշխատել օդանավակայանը: Դրանից հետո խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել է, որ կաջակցի ժողովրդի թեկնածու Փաշինյանին:

JAMnews-ի հետ զրույցում տնտեսական Հայկ Բալանյանն ասաց, որ հասարակությանը հաշվետվություն ներկայացնելու կարիք արդեն նախկին գործադիր մարմինը չունի, վարչապետ Կարեն Կարապետյանի թողած ժառանգությունը գնահատվում է մեկ բառով՝ «վատ»:

Ըստ նրա՝ Կարապետյանը չլուծեց իր նախորդի թողած ժառանգությունը, կառավարման տարիներին նոր խնդիրներ առաջացրեց ու դրանք բոլորը միասին կփոխանցի հաջորդ վարչապետին.

«Կարեն Կարապետյանի կառավարությունը հաջորդ ղեկավարին է թողել մոտ 7 միլիարդի արտաքին պարտք: Այս կառավարությունը անվերջանալի խնդիրներ է թողել՝ բոլոր ոլորտներում: Սա իհարկե ոչ ամբողջությամբ Կարապետյանի մեղքն է, բայց ճգնաժամի ստեղծման մեջ նա ունի իր մեծ դերակատարումը:

Այն բոլոր խոստումները, հայտարարությունները, որոնք հնչեցրեց Կարապետյանը վարչապետ նշանակվելուց առաջ ու դրանից հետո, այդպես էլ իրականություն չդարձան: Նա պարզապես փրկեց իշխանությանը՝ 2016թ.-ի բավական լարված իրադարձություններից հետո [նկատի ունի ապրիլյան ռազմական գործողությունները Արցախի և Ադրբեջանի շփման գծում – JAMnews], իր դրական համբավով հանգստացրեց ժողովրդին [հաղթանակ բերելով 2017-ին խորհրդարանական ընտրություններին – JAMnews], բայց ժամանակը չօգտագործեծ ի օգուտ իրեն»:

Տնտեսագետը կարծում է. եթե իշխանությունները 2 տարի առաջ Կարեն Կարապետյանին չնշանակեին վարչապետի պաշտոնում, ներկայիս հանրային ընդվզումը կարող էր ավելի շուտ տեղի ունենալ: Նրա նշանակումը դրական սպասումներ առաջացրեց մարդկանց մոտ և հետաձգեց այս պայթյունը:

Սակայն, Հայկ Բալանյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները չօգտագործեցին Կարապետյանի նշանակմամբ ստացած time out-ը խնդիրները լուծելու համար:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատարը տվել է իր վերջին հանձնարարականը՝ բարեխղճորեն կատարել պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը:


Կարդալ ավելին JAMnews-ում