Այս տարի համալսարանների առաջարկած տեղերի կեսից ավելին թափուր է մնացել: Ինչո՞ւ պակասեց դիմորդերրի թիվը և արդյո՞ք սա ժամանակավոր երևույթ է " />

Հայաստանի բուհերը՝ փակուղում

Այս տարի համալսարանների առաջարկած տեղերի կեսից ավելին թափուր է մնացել: Ինչո՞ւ պակասեց դիմորդերրի թիվը և արդյո՞ք սա ժամանակավոր երևույթ է

Լուսանկարը ՝ Լուսի Սարգսյանի, JAMnews

Մեկնարկում է նոր ուսումնական տարին: 8266 առաջին կուրսեցի այս տարի ոտք կդնի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սակայն այս տարի բուհական համակարգում նկատվեցին գործընթացներ, որոնք արժանի են ուշադրության:

Թափուր տեղեր

Այս տարի բուհերն առաջարկում էին 20 հազար վճարովի ու անվճար տեղ, թափուր է մնացել կեսից ավելին՝ 11.375-ը, կամ 56%-ը:

9737 դիմորդ ենք ունեցել, որը 1500-ով պակաս է նախորդ տարվանից: Բացի Երևանի պետական բժշկական համալսարանից, բոլոր բուհերում և գրեթե բոլոր ֆակուլտետներում կան թափուր տեղեր:

ԲՈՒՀ Ֆակուլտետ / բաժին Սահմանված տեղերը Թափուր տեղերը
ԵՊՀ Տնտեսագիտություն 130 80
Անգլերեն 135 52
Իսպաներեն 40 36
Գերմաներեն 40 33
Սոցիոլոգիա 40 35
Ֆիզիկա 50 47
Քիմիա 26 24
Ռուսաց լեզու և գրականություն 40 40
Աստվածաբանություն 25 25
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
Լեզվաբանություն, իտալերեն 29 29
Միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու 20 20
Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն 49 49
Լրագրություն 34 34
Սերվիս 124 103

Հայկակական պետական մանկավարժական համալսարանում ընդամենը 2 հոգի է ցանկացել դառնալ շախմատի ուսուցիչ, մինչդեռ շախմատը դպրոցական առարկա է:  Եվ ոչ մի դիմորդ չի ցանկացել այս բուհում ուսումնասիրել օտար լեզուներ և բնագիտություն:

Հայաստանի կառավարությունը որոշումներ ու հայեցակարգ է ընդունում շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ, իսկ  պոլիտեխնիկական համալսարանի համապատասխան բաժնում սովորելու ցանկություն է հայտնել 1 հոգի:

Ակնհայտ է, որ բուհերը շուկայի, ժողովրդագրական վիճակի, երիտասարդության նախասիրությունների վերաբերյալ ուսումնասիրություն չեն կատարել, և իրենց սահմանած տեղերի թիվը այդ պատճառով օդից վերցրած է ստացվել:

Դիմորդների թվի նվազման պատճառները

Դիմորդների թվի նվազման մի շարք պատճառներ կան.

  • 2006 թվականին Հայաստանի կառավարությունը որոշեց անցնել 12-ամյա կրթության, բայց 11-ամյա տարբերակը դեռ պահպանվել էր: Ծնողները, հիմնականում գերադասեցին 11-ամյա կրթությունը: Աշակերտների թիվը կիսվեց. այս տարի ավարտեցին այն 30 հազար աշակերտները, որոնք 11-ամյա դպրոցում էին սովորում, հաջորդ տարի կավարտի փոքր մասը՝ այն 15 հազարը, որոնք պետք է 12 տարի սովորեին:
  • Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, վերջին 2 տարում Հայաստանից անվերադարձ գնացել է մոտ 11 հազար աշակերտ:
  • 18 տարեկանից բանակ տանելու պատճառով ոմանք անիմաստ են համարում բուհ ընդունվել մինչև զորակոչվելը, իսկ բանակից հետո ուսումը մղվում է հետին պլան:
  • Սոցիալական խնդիրների արդյունքում վարձը վճարելը էլ դժվարացել է:
  • Արտասահմանյան բուհերում հայաստանցի դիմորդների թվի աճ է նկատվում:
  • Մասնագիտությամբ աշխատանք չգտնելու վախ:
  • Հայաստանի դիպլոմները քիչ երկրներում են վավեր, իսկ ուսանողների մի մասն ավարտելուց հետո ցանկանում է մեկնել արտերկիր՝ ուսումը շարունակելու կամ աշխատելու նպատակով:

Այս և այլ պատճառները գումարվում են իրար և հանգեցնում դիմորդների պակասի: Իսկ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն «ավետում» է. «Մյուս տարի ավելի վատ վիճակ է լինելու և ավելի քիչ թվով դիմորդներ ենք ունենալու: Մեր համալսարանների համար բավականին բարդ շրջան է լինելու, քանի որ պետք է ելքեր գտնեն` ինչպես հաստիքները պահեն և գոյատևեն»:

Պահանջված մասնագիտություններ

Հայաստանցի դիմորդներն ունեին բուհ ընդունվելու լայն հնարավորություններ, քանի որ առաջարկը կրկնակի գերազանցում էր պահանջարկին:

Ամենապահանջված ուսումնական հաստատությունը շարունակում է մնալ ԵՊՀ-ն, որի մի քանի ֆակուլտետներում ավանդաբար բարձր մրցակցություն է լինում: Այդ պատճառով այս տարի Իրավագիտության, Ժուռնլիստիկայի ու Տնտեսագիտության ֆակուլտետներին հատկացված տեղերը նախորդ տարվա համեմատ շատացել էին 10-ական տեղով:

Բայց նույնիսկ առավել մեծ պահանջարկ ունեցող ֆակուլտետների դիմորդների թիվը այս տարի մի բան էլ նվազել էր: Մասնավորապես,

Իրավագիտության ֆակուլետում 3 անգամ (325-ից իջել է 102-ի),

Ժուռնալիստիկայի ֆակուլետում 1.5 ամգամ (114-ից իջել է 76-ի),

Տնտեսագիտության ֆակուլետում 2.5 անգամ (162-ից իջել է 64-ի):

Վերջին երեք տարիների ընդհանուր պատկերը ներկայացնում ենք նաև աղյուսակով.

Պահանջված մասնագիտությունները ԵՊՀ-ում Ուստարի 2017-18 Ուստարի 2016-17 Ուստարի 2015-16
Տեղեր Դիմորդների թիվ Տեղեր Դիմորդների թիվ Տեղեր Դիմորդների թիվ
Իրավագիտություն 140 227 130 258 130 325
Միջազգային հարաբերություններ 142 132 140 89 130 124
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա 207 267 192 264 192 229
Ժուռնալիստիկա 75 76 65 88 65 114
Տնտեսագիտություն 133 64 123 114 180 162
Հայոց լեզու և գրականություն 136 102 133 174 133 144

Հայաստանը, կարևորելով տնտեսագետների և իրավաբանների դերը, տարիներ շարունակ այս մասնագիտություններին զարկ տվեց՝ ամեն տարի պետական ու մասնավոր բուհերի միջոցով թողարկելով այս ոլորտների մոտ հազար մասնագետ: Սակայն նրանց մեծ մասը բուհ ընդունվելիս արդեն դատապարտված էր գործազրկության: Աշխատաշուկան չի կարող ընդունել այդքան իրավաբան և տնտեսագետ: Ուստի գնալով պահանջարկը նվազում է:

Այն, որ ժամանակին պահանջված մասնագիտությունները նահանջ են ապրում, փաստարկվում է նաև միավորներով: ԵՊՀ վճարովի համակարգում անցողիկ միավորը Միջազգային հարաբերություններ, Տնտեսագիտություն և կառավարում, Իրավագիտություն և այլ ֆակուլտետներում նախորդ տարվա ընդունելության քննությունների համեմատ 5-10 բալավ նվազել է:

15.25 միավորով կարելի էր ընդունվել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, 16 միավորով` ԵՊՏՀ զբոսաշրջություն բաժինը: 15.75 միավորով հնարավոր էր Հայկական պետական մանկավարժական համալսարանում սովորելով դառնալ անգլերենի ուսուցիչ:

Անցողիկ շեմի աճ է գրանցվել միայն Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Թարգմանչական գործի չինարեն և ֆրանսերեն բաժիններում ընդունելության ներքևի շեմն այս տարի բարձրացել էր համապատասխանաբար` 16 և 10 միավորներով: Ընդ որում, օտար լեզուներից միայն այս երկուսն են պահանջված եղել:

Չպահանջված մասնագիտություններ

Բոլոր բուհերում ի հայտ են եկել մասնագիտություններ, որոնք մեռնում են: Ներկայացնում ենք տվյալներ ԵՊՀ  երեք այդպիսի ֆակուլտետների դիմորդների թվի վերաբերյալ:

ԲՈՒՀ Ֆակուլտետ Տեղերի քանակը Դիմորդների թիվը
ԵՊՀ Քիմիա 33 3
Կենսաբանություն 53 16
Ֆիզիկա 77 33

Քիմիայի ֆակուլտետի շրջանավարտը բնավ հույս չունի աշխատանք ունենալ՝ հաշվի առնելով պետական քաղաքականությունը: Մեր երկրում, որտեղ քիմիական հսկաները՝ «Վանաձորի քիմպրոմը» և «Նաիրիտը» սննկանում են՝ գործազուրկ թողնելով հազարավոր աշխատողների, իմաստը ո՞ւնի արդյոք մասնագետ թողարկել և այդ մասնագիտությունն ընտրել:

Ընթացիկ տարվա առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ որևէ մասնագիտության նկատմամբ հետաքրքրության պակասը բացատրվում էր ընդհանուր առմամբ դիմորդների պակասով: Ինչը հարց է առաջ բերում. այդ մասնագիտություններն այլևս դո՞ւրս են գալիս շարքից, թե՞ դիմորդների թվի աճի պարագայում կրկին պահանջված կլինեն:

Ուսման վարձ

Հայաստանում բուհերի հիմնական ֆինանսավորումն ուսանողների ուսերին է:

Երևանում գործող պետական բուհերից ամենաբարձր ուսման վարձը Երևանի պետական բժշկական համալսարանում է՝ 1 մլն դրամ՝ Բուժական գործ և Ստոմատոլոգիա ֆակուլտետների համար:

Տարեկան ամենացածր ուսվարձով կրթություն է առաջարկում Հայկակական պետական մանկավարժական համալսարանը՝ 260 հազար դրամ վճար է սահմանված, օրինակ, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի համար:

Միակ բուհը, որտեղ բոլոր բաժիններում նույն՝ 400 հազար դրամ տարեկան վարձն է, Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն է:

Թեև 2017-18 թվականներին ուսման վարձի բարձրացում չի եղել, բայց դա եղավ նախորդ տարի:

ԲՈՒՀ Ուսման վարձի թանկացման չափը / հազ. դրամ
Երևանի պետական համալսարան 30-70
Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան 20-70
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան 100
Երևանի պետական բժշկական համալսարան 200
Ազգային ագրարային համալսարան 20-60

Ընդ որում, չկար որևէ հիմնավորում: Ոչ դասավանդման նոր մեթոդներ էին ներդրվել, ոչ ուսանողներին էին ուղարկել արտերկիր պրակտիկ աշխատանքների, ոչ էլ դրսից մասնագետներ էին հրավիրվել:

Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հաճախ միջինից ցածր գիտելիք ունեցողը կարողանում է ուսման բարձր վարձը բարեխղճորեն վճարել ու ստանալ «մասնագետի» որակավորում:

Բոլոր այս հանգանամաքներն ու գործոններն ազդում են կրթության գործընթացի վրա ու Հայաստանի բուհական համակարգը տանում փակուղի:


Կարդալ ավելին JAMnews-ում