Սոցիոլոգիական հարցման տվյալներով, ավելի շատ ձայներ է ստացել այս պահին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանը " />

Հայաստանի բնակիչները երկրի հաջորդ ղեկավարի դերում տեսնում են գործող վարչապետին և նախագահին

Սոցիոլոգիական հարցման տվյալներով, ավելի շատ ձայներ է ստացել այս պահին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանը

Հայաստանի բնակիչները երկրի ապագա ղեկավարի դերում իշխանական կուսակցության թեկնածուներից նախընտրում են գործող նախագահ Սերժ Սարգսյանին և գործող վարչապետ Կարեն Կարապետյանին: Այս մասին է վկայում Հայաստանում GALLUP International ասոցիացիայի լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ընկերության անցկացրած սոցիոլոգիական հարցումը:

2018թ.-ի ապրիլին Հայաստանը վերջնականպես անցում կկատարի խորհրդարանական կառավարման: Երկիրն այսուհետ կղեկավարի ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը: Ապրիլի 9-ին ավարտվում են գործող նախագահի լիազորությունները, և հետազոտության ընթացքում մարդկանց ուղղվել է հետևյալ հարցը. «Ո՞ւմ կուզենայիք տեսնել վարչապետի պաշտոնում ապրիլի 9-ից հետո»:

Հարցման մասնակիցների ձայները, մեծ հաշվով, կիսվել են երկու թեկնածուների միջև: Եվ փոքր-ինչ ավելի շատ ձայներ է ստացել գործող վարչապետը.

  • 27,3 տոկոսը ձայն կտար Կարեն Կարապետյանին,
  • 24,8 տոկոսը՝ Սերժ Սարգսյանին,
  • 8,1 տոկոսը՝ Վիգեն Սարգսյանին [ՀՀ պաշտպանության նախարար],
  • 17,2 տոկոսը այս պաշտոնում որևէ մեկին չի տեսնում

Լուսանկարը՝ azatutyun.am

Հարցման արդյունքներով, Սերժ Սարգսյանը առավել բարձր վարկանիշ ունի որպես երկրի ներքին և արտաքին քաղաքական հարցեր լուծող, իսկ Կարեն Կարապետյանն առավել բարձր է դիրքավորվում սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերի լուծման տեսանկյունից:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը JAMnews-ի հետ զրույցում նախ ասաց, որ Հայաստանում վստահություն ներշնչող սոցոլոգիական կազմակերպություն չկա, դրանք զբաղվում են «սոցիոնկարչությամբ»:

«Նման կազմակերպությունների կողմից հրապարակած որևէ հարցման արդյունքի մի հավատացեք: Դրանք քաղաքական ուղերձներ են, ոչ ավելին: Հարցման տվյալներով Սերժ Սարգսյանը զիջում է Կարեն Կարապետյանին, բայց ասվում է, որ նա մարդկանց կողմից ընկալվում է որպես առաջատար մի շարք կարևոր հարցերում. երկրի անվտանգության ապահովում, պաշտպանություն, ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Իսկ Կարեն Կարապետյանը առաջատար է տնտեսական ոլորտում, որը երկրորդ ֆոն է անվտանգության հետ համեմատ: Այսպիսով ցույց է տրվել, որ Սերժ Սարգսյանն ավելի կարևոր հարցեր է լուծում», –  ասում է քաղտեխնոլոգը:

Ըստ Արմեն Բադալյանի, իրականում Հայաստանի բնակչությունն ընդհանրապես հետաքրքրված չէ այս փոփոխությամբ: Սահմանադրության համաձայն էլ քաղաքացիները չեն այլևս ընտրելու երկրի ղեկավարին:

2015թ.-ի սահմանադրական փոփոխություններով քաղաքացին իրավունք ունի ընտրել պատգամավոր: Այնուհետև ձևավորված խորհրդարանի մեծամասնությունը ներկայացնում է վարչապետի իր թեկնածուին: Բաց քվեարկության միջոցով պատգամավորները ընտրում են երկրի ղեկավարին՝ վարչապետին:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում