Կլիմայական փոփոխությունների արդյունքում բնական աղբյուրները ցամաքել են, և մարդիկ տարիներով սպասում են ջրագծի անցկացման։ Թլիկ գյուղի պատմությունը" />

Հայաստանի անջուր գյուղերը դատարկվում են

Կլիմայական փոփոխությունների արդյունքում բնական աղբյուրները ցամաքել են, և մարդիկ տարիներով սպասում են ջրագծի անցկացման։ Թլիկ գյուղի պատմությունը

села без воды, питьевая вода, орошение, ոռոգում, խմելոի ջուր, անջուր գյուղեր, անապատացում,

«Ջրի պես երկար կյանք ունենաս» արտահայտությունը եզդիաբնակ Թլիկ գյուղում ոչ թե օրհնանքի, այլ անեծքի նման է․ այստեղ վերջին անգամ ծորակից ջուր հոսել է 25 տարի առաջ:

77-ամյա Խանում Ջանոյանը Թլիկում մնացած վերջին բնիկներից է: Նրա տունը գյուղի վերջին կանգուն կառույցն է՝ ամայի բակով, առանց կանաչի կամ կենդանիների:

Թլիկ գյուղում։ Լուսանկարը՝ JAMnews

Հայաստանում եզդիներն ինքնուրույն են լուծում իրենց խնդիրները

Կյանքը հայկական գյուղում, ուր նախկինում ադրբեջանցիներ էին ապրում

Կինը հիշում է, որ տարիներ առաջ Թուրքիայի հետ սահմանամերձ այս գյուղում 120 ընտանիք, ոչ թե յոթ, ինչպես հիմա։ Եվ ջուր էլ կար այստեղ՝ չորս բնական աղբյուրից։

«Աղբյուրները կան, ջուր չկա: Սովխոզը բաժանվեց, տեր-տիրական չկար, այդպես էլ եղավ: Արդեն 25 տարի է՝ խմելու ջուրն առնում ենք, իսկ մալի, անասունի, լվացքի համար տղամարդիկ գնում են, ձորից «կաչատ» անում, բերում օգտագործելու», – պատմում է կինը:

Խանում Ջանոյան։ Լուսանկարը՝ JAMnews

Խմելու ջրի մեքենան այս գյուղ գալիս է 10 օրը մեկ՝ լավագույն դեպքում: Խանե տատը ամեն անգամ ընդամենը 20 լիտր ջուր է գնում: Ջուրն օգտագործում է խնայողաբար ու պահում հնարավորինս հով տեղում, որ 10 օրվա մեջ այն չհնանա: 20 լիտր ջրի համար կինն ամեն անգամ վճարում է 350 դրամ: Միայնակ, հաշմանդամություն ունեցող կնոջ եկամտի միակ աղբյուրը 36000 դրամ թոշակն է։

«Քիչ-քիչ եմ ուտում, որ հերիքի», – ասում է տատը:

Տարեց կինն այս տարիներին տասնյակ խոստումներ է լսել՝ ջրի խնդրի լուծման մասին: Վերջին չիրականացած խոստումը, որ տվել են թլիկցիներին պաշտոնյաները, եղել է այս տարվա սկզբին։ Ասել են, թե սեպտեմբերի 6-ին գյուղում ջուր կլինի: Մարդիկ չեն հավատացել, բայց օրը հիշել են։

Իրավիճակը երկրում՝ թվերով

Հայաստանում 580 համայնք կա, որտեղ ընդհանրապես խմելու ջուր չկա: Համեմատության համար ուղղակի նշենք, որ երկրում խմելու ջրի միակ օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը սպասարկում է ընդամենը 355 բնակավայր:

Բոլոր ջրազուրկ բնակավայրերն էլ ժամանակին ապահովված են եղել ջրով՝ բնական աղբյուրների շնորհիվ։ Սակայն կլիմայական փոփոխությունների հետևանքով աղբյուրները ցամաքել են, արդյունքում, և բնակավայրերը մնացել են անջուր։

Խմելու ջուր չունեցող համայնքների խնդիրը լուծելու համար, ըստ պաշտոնական տվյալների, պետք կլինի 270-300 մլն եվրո, որը պետությունը դեռ չունի:

Բնապահպանի բացատրությունը

Բնապահպան Կարինե Դանիելյանը վստահ է՝ Հայաստանում ստորգետնյա և վերգետնյա ջրային պաշարների նվազման պատճառը ոչ միայն կլիմայական գլոբալ փոփոխություններն են, այլև մարդկանց անհեռատես որոշումները: Ըստ նրա, քաղցրահամ ջրերի պաշարի նվազման համար ճակատագրական դարձավ 2008 թվականի Հայաստանի կառավարության որոշումներից մեկը։

«2008 թ.-ին կառավարությունը պատվիրել էր մասնագետներին ուսումնասիրություն կատարել Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի վերաբերյալ: Այդ ուսումնասիրության արդյունքները ցույց էին տվել, որ մենք թույլատրելիից փոքր-ինչ շատ ենք ջուր օգտագործում և քաղցրահամ, խմելու ջրի պաշարները խնայելու համար պետք է կրճատել ջրօգտագործումը:

Բայց ի՞նչ որոշում կայացրեց կառավարությունը: Տրամագծորեն հակառակ որոշում: Որոշվեց զարկ տալ ձկնաբուծարաններին: Արդյունքում՝ արտեզյան ավազանի մակարդակը տարբեր տեղերում իջել է 3-15 մետրով: Որպես հետևանք՝ չորանում են խմելու ջրի աղբյուրները, գետերի վրա ենք զգում դրա ազդեցությունը և, իհարկե, անապատացման ռիսկերը խիստ աճել են», – ասում է բնապահպանը:

Հայտնի է, որ Հայաստանում գրանցված 319 ձկնաբուծարաններից 280-ը գործել է Արարատյան դաշտում, դրանց 99 տոկոսը՝ արտեզյան հորերի վրա: Արդյունքում, Մեծամոր գետի ավազանում 303 արտեզյան հորերից 120-ը չորացել է: 1984թ.-ի ինքնաշատրվանող տարածքը եղել է 32700 հեկտար, այժմ դարձել է 10700 հա, այսինքն` 3 անգամ պակասել է:

Անապատացման այս պայմաններում Հայաստանում կա 450.000 հեկտար վարելահող, սակայն ոռոգվում է դրանցից միայն 200.000 հեկտարը, այսինքն՝ 50 %-ից քիչ:

Կարինե Դանիելյանին հույս են ներշնչում Հայաստանի նոր կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Արդեն որոշում է ընդունված, որ ձկնաբուծարաններն այլևս չեն օգտագործի արտեղյան հորերի ջրերը, այլ կաշխատեն երկրորդային ջրօգտագործման սկզբունքով։ Բացի դրանից, առաջիկայում կփակվեն 37 չօգտագործվող հորեր, որոնց միջոցով ջուրն ուղղակի կորչում էր:

Սակայն, անգամ այս ամենը հաշվի առնելով, բնապահպանը վստահ է՝ ջրային պաշարներին հասցված վնասը վերականգնելու համար տասնամյակներ են պետք.

«Մենք միշտ պետք է հիշենք, որ ստորգետնյա և վերգետնյա ջրերը կապված են իրար հետ: Եթե մենք Սևանի մակարդակն ենք իջեցնում, չպետք է զարմանանք, որ աղբյուրներն են չորանում Հայաստանով մեկ։ Իսկ եթե արտեզյան ավազանին վնաս ենք տալիս, ապա չպետք է զարմանանք, որ գետերը սկսում են ցամաքել, որ մեր աղբյուրներն են ցամաքում:

Ազգային մակարդակում բնօգտագործման վերաբերյալ քաղաքական որոշումների կայացման ընթացքում պետք է հաշվի առնվեն կլիմայական փոփոխությունները: Ցավոք, մոլորակը քաոտիկ փոփոխությունների մեջ է: Բնությունը փորձեց մարդկությանը խելքի բերել՝ չհաջողվեց։ Եվ մտավախություն ունեմ, որ այն սկսել է ուղղակի վանել մարդուն՝ որպես մի տեսակ, որը խաթարում է իր ամբողջականությունը: Ցավոք, դա չեն հասկանում են որոշում կայացնող գործիցչները»:

Մանրամասներ Թլիկի կյանքից

Սուրեն Խալաթյան Թլիկի ամենատարեց բնակիչն է։ Գյուղում մնացած 7 ընտանիքներից երեքն իր որդիներինն են:

Սուրեն Խալաթյան։ Լուսանկարը՝ JAMnews

Սուրեն պապի այգում իրար կողքի շարված են դատարկ մեծ պղինձները: Միակ տարրան, որում դեռ ջուր է մնացել, ինքնաշեն, հին կաթիլային լվացարանի փոքրիկ դույլն է: Բակի կենտրոնում կանգնած է փոքրիկ ցիստեռնով բարձված հին քարշակը, որը տնային հոգսերի համար գետից ջուր հասցնելու միակ միջոցն է։

«Ջրի պատճառով մեր գյուղը դատարկվեց: Գյուղ չի մնացել, տուն չի մնացել: Դարձել է ավերակ: Եթե ջուր լիներ, մեր գյուղը տեղից չէր շարժվի: Մեր միջոցներով գնացքի մեծ վագոն ենք գնել, որի մեջ պոմպով գետից ջուր ենք բարձրացնում ու պահում: Այդ ջրով և՜ այգիներն ենք ջրում, և՜ կենդանիներին տալիս, և՜ լվացք անում: Նորմալ պայմաններում մարդ կզզվի այդ ջրի մեջ անգամ ձեռքերը մտցնի, իսկ մենք մեր նորածին երեխաներին ենք դրանով լողացնում», – ասում է Սուրեն պապը:

Թլիկ գյուղում։ Լուսանկարը՝ JAMnews

Պատմում է, որ տարիներ առաջ իր ունեցած պաշարներով գյուղը ոռոգում էր 72 հեկտար հարթավայրային հողերը և 35 հեկտար տնամերձ տարածքները: Բայց բոլոր աղբյուրները համարյա միաժամանակ չորացան: Եվ արդեն 25 տարի է, ինչ գյուղի բնակիչները ստիպված են խմելու ջուր գնել, իսկ կենցաղային օգտագործման և ոռոգման համար ջուրը բերում են Ախուրյան գետից։ Իսկ դրա համար բնակիչներին ամեն անգամ հատուկ թույլտվություն է պետք ստանալ տարածքում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարներից:

Թլիկ գյուղում։ Լուսանկարը՝ JAMnews

Փորձագետի կանխատեսումը

Հողագետ Աշոտ Խոյեցյանը վերջին 2-3 տարիներին շրջում է Հայաստանի տարբեր համայնքներում և ուսումնասիրում կլիմայական փոփոխությունների հետևանքով տեղի ունեցող երևույթները, այդ թվում՝ համայնքների աղքատացումը և ներքին միգրացիան: Նրա կարծիքով՝ անապատացման դեմ պայքարը Հայաստանի առաջնային խնդիրներից մեկն է, որը, ցավոք, արժանի վերաբերմունքի չի արժանանում պետության կողմից.

«Անապատացումը համարվում է գլոբալ, համամոլորակային հիմնախնդիր, որը Հայաստանում շատ խիստ է արտահայտված, իր առանձնահատկություններն ունի: Հայաստանի տարածքի ավելի քան 80%-ը անապատավտանգ տարածք է: Մոտավորապես 30%-ը խիստ անապատացված տարածքներ են: Այսօր Հայաստանի տարածքի միայն 8 %-ն է անտառածածկ: Սա նշանակում է, նախ և առաջ, հողերի դեգրադացիա, ինչը խոսում է հողերի բնական բերրիության նվազման մասին»:

Գիտնականը անապատացման խնդիրը համարում է երկրի ռազմավարական մարտահրավերներից մեկը: Նա նշում է, որ պարենային ապահովման, սոցիալական ու բնապահպանական ամենատարբեր խնդիրների առումով Հայաստանը դասվում է ամենաանապատավտանգ երկրների շարքին:

Հողագետը կարծում է․ եթե ոչ մի քայլ չձեռնարկվի, մի քանի տասնյակ տարիներ հետո Հայաստանի տարածքը բառի բուն իմաստով կհողազրկվի, չեն լինի մարդուն կերակրող բնահողային տարածքներ։

«Եթե այս խնդրի վերաբերյալ տիրող քար անտարբերությունը չփոխվի, մի քանի տարի հետո հողերի այսօրինակ դեգրադացիան կբերի ուղղակի սովի», – զգուշացնում է գիտնականը:

Մինչև գլոբալ խնդիրների լուծումը

Թլիկ գյուղ ջուր հասցնելու համար ընդամենը 4 կմ խողովակ և խնդիրը լուծելու ցանկություն: Շրջակա բոլոր գյուղերն ապահովված են ջրով, իսկ Թլիկում 25 տարվա ընթացքում խնդրի լուծման առաջընթաց չի գրանցվել:

Թլիկ գյուղում։ Լուսանկարը՝ JAMnews

Գյուղում մնացած մարդկանց ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է: Օրը բացվելուն պես կովերն ու ոչխարները արոտ են գնում ու վերադառնում միայն մայրամուտին: Մինչ տուն հասնելը կովերի խմբերը ուղղվում են դեպի գյուղի ծայրին գտնվող կանաչ ցիստեռնը՝ ջուր խմելու: Երբ կենդանիները հագեցնում են ծարավը, յուրաքանչյուր հովիվ անպայման փակում է ջրի ծորակը, իրենից հետո հաջորդների համար ջուր խնայելու համար: Այստեղ մարդիկ գնահատում են ջրի ամեն կաթիլը։

Թլիկ գյուղում։ Լուսանկարը՝ JAMnews

Իսկ մայրամուտին Սուրեն պապը շրջում է հարևանների բակերով, որոնց դատարկ տները հսկում է արդեն քանի տարի՝ հույսով, որ մի օր նրանք կվերադառնան: Բայց գիտի․ նախ պետք է ջուրը բերադաչձնել գյուղ։

Թլիկ գյուղում։ Լուսանկարը՝ JAMnews


Կարդալ ավելին JAMnews-ում