Երկիրը նշում է անկախության 28-րդ տարեդարձը։ Եվ չորս երիտասարդներ բացատրում են, թե ինչ է դա նշանակում անձամբ իրենց համար " />

Հայաստանի անկախության հասակակիցները

Երկիրը նշում է անկախության 28-րդ տարեդարձը։ Եվ չորս երիտասարդներ բացատրում են, թե ինչ է դա նշանակում անձամբ իրենց համար

Հայաստան, անկախություն, Անկախության օր, независимость, День нещависимости, Армения

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, որին մասնակցեց ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 95 տոկոսը, և ավելի քան 99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախ, ազատ և ինքնիշխան պետության հռչակմանը:

1991 թվականին ծնված չորս երիտասարդ պատասխանել են JAMnews-ի հարցին, թե ինչ նշանակում իրենց համար անկախությունը։

 

Սոնա Մելիքջանյան, սոցիոլոգ

Ամեն տարի, երբ մոտենում է անկախության օրը, հպարտությամբ հիշում եմ, որ երկիրս ունի ճիշտ նույն տարիքը, ինչ և ես: Անկախությունն ինձ համար նույնականացվում է ազատության հետ: Ինձ դուր է գալիս ապրել ազատ. անել այն ամենն, ինչ ճիշտ է ինձ համար և ինչը չի խախտում այլոց իրավունքները:

Ուրախանում և հպարտանում եմ, որ ես ծնվել եմ անկախ Հայաստանում և ունեմ անկախ ապրելու, մտածելու և գործելու հնարավորություն: Ինչպես ասել է Էյնշտեյնը, «հասարակության բարոյական առաջընթացը բացառապես կախված է մարդու անկախությունից»:

Միքայել Մալխասյան, պատմաբան

Հայոց պետականության վերականգնումը մի քանի հարյուրամյակ շարունակ մեր ազգի տասնյակ սերունդների գերագույն փափագն ու նվիրական նպատակն է եղել, քանի որ հենց անկախ պետականությունն է դիտարկվել՝ որպես ազգի շարունակական գոյության և ուղղորդված զարգացման երաշխիք:

Ինձ համար ևս «անկախություն» հասկացությունն ասոցացվում և նույնացվում է «պետականություն» հասկացության հետ, որը հնարավորություն է տալիս կայուն զարգացում ապահովել: Անկախությունն ինձ հնարավորություն է տալիս զգալ միաժամանակ և՛ սեփական ազգային հասարակության, և՛ գլոբալիզացվող աշխարհի մասնիկը:

Մարիամ Մելքումյան, հոգեբան

Ինձ համար անկախությունը ազատ ապրելու, կրթվելու ու ստեղծագործելու հնարավորթյույուն է, և այն սկսվում է ինձ համար ծննդավայրիցս՝ սահմանամերձ Բերդ քաղաքից:

Անկախությունը պահպանելու համար բոլորիցս պահանջվում է պարտաճանաչություն, պատասխանատվություն ու սեր սեփական երկրի ու անձի նկատմամբ:

Սեփական դեմքն ու արժեքները պահպանելու համար գիտակցված անկախ է պետք ապրել: Ես երջանիկ եմ, որ ապրում եմ անկախ երկրում:

Արմեն Սիմոնյան, աշխարհագետ

Երբ ունես հայրենիք ու ազատ ապրում ես անկախ հայրենիքումդ, պետք է առաջնորդվես այն պարզ գիտակցությամբ, որ պարտավոր ես, քո սուրբ պարտքն է ապահովել նրա պաշտպանութունը, նոր շունչ հաղորդել նրա զարգացմանը և լինել նրա արժանի զավակը:

Հայրենիքի անկախության և դրա զարգացման գրավականը, իմ կարծիքով, նոր սերնդի գիտելիքի աստիճանն է: Պետք է գնալ գիտության հետևից և ցանկացած մասնագիտություն ծառայեցնել հայրենիքի շահերին: Իմ մասնագիտությունը երկրաբանությունն է, և այն նպաստել է, որպեսզի լավ ճանաչեմ և ըստ արժանվույն գնահատեմ երկիրս, զգամ ինձ ամեն քարի ու թփի տերը:

Շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ և մաղթում խաղաղություն Մայր Հայաստանին ու հայ ժողովրդին:


Կարդալ ավելին JAMnews-ում