Իրավիճակը ինչ-որ կերպ փոխելու համար փորձագետներն առաջարկում են բարձրացնել Սևանա լճի ջրի մակարդակն ու ժամանակակից մաքրման կայաններ կառուցել " />

Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լիճը ճահճանում է

Իրավիճակը ինչ-որ կերպ փոխելու համար փորձագետներն առաջարկում են բարձրացնել Սևանա լճի ջրի մակարդակն ու ժամանակակից մաքրման կայաններ կառուցել

Լուսանկարը՝ Արման Սուլեյմանյանի

Սևանա լճի՝ Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի ջուրը սկսել է «ծաղկել»։ Դա կարող է հանգեցնել դրա ճահճացմանը։ Իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու համար փորձագետներն առաջարկում են բարձրացնել լճի ջրի մակարդակը, ժամանակակից մաքրման կայաններ և ջրամբարներ կառուցել, որոնք կնվազեցնեն ջրի կորուստը։

Ֆոտոսեսիա․ Հայաստանը բարձունքից

Հեծանիվներով՝ Հայաստանի և Վրաստանի միջով

Ի՞նչ է կատարվել

Ամեն ինչ սկսվել է այս տարվա հունիսի վերջից։ Այդ ժամանակ բնապահպաններն ահազանգեցին, որ Սևանի ջուրը «ծաղկում» է։ Նրանց կարծիքով՝ այդ գործընթացը սկսվել է հետևյալ գործոնների ազդեցության տակ․

• լճի ջրի բացթողումներ,

• զբոսաշրջիկների մեծ թիվ,

• ափամերձ հանգստավայրերի կեղտաջրերի և կոյուղաջրերի դատարկում,

• ձկնաբուծական տնտեսությունների կողմից արհեստական կերերի օգտագործում, որոնք ազոտ և ֆոսֆոր են պարունակում,

• այդ նյութերի կուտակում Սևանի հատակին։

Կոյուղաջրերի բացթողումը լիճ հուլիսի 4-ին հաստատել է նաև Հայաստանի բնապահպանության նախարարը։ Սակայն, Էրիկ Գրիգորյանի կարծիքով՝ չնայած դրան Սևանի ջուրն «անգամ այդ վիճակում խմելու համար պիտանի է»։

«Գլոբալ տաքացումը, ջերմաստիճանը, կլիմայական վատ պայմանները նույնպես գործոններ են, որոնք ազդում են լճի վրա։ Բայկալ և Սև ծովերում նույնպես կապտականաչ ջրիմուռներ կան», – ասել է նախարարը։

Այդ առնչությամբ լրագրողները նախարարին հիշեցրել են այն դեպքի մասին, որը տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկի տնօրենի հետ 2018թ-ին։

2018թ-ի ամռանը կապտականաչավուն ջրիմուռների քանակի ավելացման պատճառով լճի ջուրը կրկին «ծաղկել» էր։ Եվ այն ժամանակ բնապահպանները կրկին ահազանգեցին լճում լողալու և դրա ջրի օգտագործման վտանգի մասին։ Այն ժամանակ ապացուցելու համար, որ Սևանի ջուրն անվտանգ է, պարկի տնօրեն Վահե Գուլանյանը լրագրողների աչքի առաջ լճից մեկ բաժակ ջուր խմեց։ Հայկական լրատվամիջոցները գրում էին, որ տնօրենը դրանից հետո հիվանդանոցում է հայտնվել։ Սակայն նախարարը չհաստատեց այդ տեղեկությունները․

«Ինչքան ես գիտեմ, չի հայտնվել: Ինֆորմացիոն հոսքերով միգուցե այդպես էր, բայց չեմ կարող ասել, կարծում եմ, չի հայտնվել»։

Ինչ վերաբերում է ջրի «ծաղկմանն», ապա Գրիգորյանը, վկայակոչելով փորձագետների կարծիքը, նշել է, որ լճի կանաչ գույնը կքայքայվի եւ կվերանա տասն օրում։

Նրա խոսքով՝ լճի ողջ ճահճային տեղանքն ուումնասիրվել է երկու պրոֆեսիոնալ խմբերի կողմից․

«Մոտ 770 հա տարածքի մասին է խոսքը, և այս տարի արդեն մաքրման մրցույթ է հայտարարված։ Կանենք ավելին, քան նախատեսված է։ 2020-2021 թվականներին այս ամբողջ տարածքը կմաքրվի»։

Նախարարը նաև վստահեցրել է, որ մոտակա երկու-երեք տարում լճի ջրի մակարդակը զգալիորեն կբարձրացվի։

Փորձագիտական կարծիք

Բնապահպանները կարծում են, որ Սևանի «ծաղկումը» կարող է վկայել ջրում թունավոր տարրերի առկայության մասին։

Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Ղամբարյանը կարծում է, որ ծաղկող ջրիմուռները լճում մշտապես թունավոր նյութեր են կուտակում․

«Նման ջուրը չի կարող օգտագործվել ոռոգման կամ ձկնաբուծության եւ խեցգետինների աճեցման համար, քանի որ վնասակար նյութերը կարող են հայտնվել օրգանիզմում ուտելիքի և ջրի հետ։ Առավել վտանգավոր է միկրոցիստինի առկայությունը։ Կարծիք կա, որ ծաղկումը կապված է գլոբալ ջերմացման հետ։ Այո, բայց ջերմաստիճանը պատճառներից մեկն է։ Գլխավոր պատճառը բիոգեն տարրերի առկայությունն է ջրում։ Դա հանգեցրել է ջրիմուռների շատացման, որոնք կլանում են մեծ քանակությամբ թթվածին»։

Հասարակական կազմակերպությունները նույնպես ահազանգում են

«S.O.S. Սևան» նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը կարծում է, որ Հայաստանը մոտ ապագայում կարող է զրկվել իր «մարգարիտից», եթե լճի խնդիրների հանդեպ վերաբերմունքը չփոխվի։

Ադամյանը դա բացատրում է նրանով, որ ջրի որակը վատանում է, ընդ որում՝ ավելի արագ, քան սպասվում էր։

Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Սևանի հանդեպ հանցավոր վերաբերմունքի է ականատես լինում։ Նրա կարծիքով՝ եթե հանցագործությունն ակնհայտ է, ապա կան նաև հանցագործներ, և նրանք պետք է պատժվեն․

«Բոլոր մասնագետները, որոնք դրական եզրակացություն են տվել Սևանի էկոհամակարգի վերաբերյալ, և բոլոր պաշտոնատար անձինք, որոնք որոշումներ են ընդունել, պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար:

Համընդհանուր մոբիլիզացիա է անհրաժեշտ, ցանկալի է վարչապետի կոչով այն մասին, որ անցկացվեն լայնածավալ մաքրման աշխատանքներ, որից հետո պետք է սկսել ջրի մակարդակի բարձրացման աշխատանքները: Դրանից բացի, չկա Սևանի վիճակի մասին տվյալների միասնական բազա: Չկա նաև հանրային վերահսկողություն, որը կարող է դառնալ լուրջ զսպող գործոն կրկնակի հանցագործությունների իրականացման համար»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում