Մարդիկ մտահոգ են, որ ցածր գներով աշխատող «Երևան Սիթի» սուպերմարկետներում անօրինական գործունեության վերաբերյալ բացահայտումներից հետո մթերքը կթանկանա" />

Հայաստանի ամենախոշոր սուպերմարկետներից մեկը տարիներ շարունակ խուսափել է հարկերի վճարումից

Մարդիկ մտահոգ են, որ ցածր գներով աշխատող «Երևան Սիթի» սուպերմարկետներում անօրինական գործունեության վերաբերյալ բացահայտումներից հետո մթերքը կթանկանա

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բացահայտումներ իրականացնել: Պարզ է դարձել, որ երկրի ամենախոշոր սուպերմարկետներից մեկը՝ «Երևան Սիթին» տարիներ շարունակ խուսափել է հարկերի վճարումից:

Սուպերմարկետը «Ալեքս Հոլդինգ» ընկերության կազմում է և պատկանում է Հայաստանի նախկին իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններ ունեցող գործարար Սամվել Ալեքսանյանին: Նա պատգամավոր է ընտրվել երկրի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության կազմում:

Հարկերից խուսափելու նպատակով մշակվել է և տևական ժամանակ կիրառվել է մի մեխանիզմ. օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվան տակ հիմնադրված կեղծ ԱՁ-ներ։

ԱԱԾ հրապարակած տվյալներով, պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարության հետ ձեռք է բերվել համաձայնություն`գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով: Դրանց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

Այս ամենն արվել է տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով:

Այսպիսով, նախնական հաշվարկով, 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ: Այնինչ, օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:

Դեռևս հայտնի չէ, բացահայտման արդյունքում թանկանալո՞ւ է արդյոք տեղական գյուղմթերքը: Բնակիչները անհանգստացած են, որ տեղական բանջարեղենի ու մրգի գինը կբարձրանա:

Տնտեսագետներն ասում են, որ «Երևան Սիթի» սուպերմարկետներն, ըստ էության, մենաշնորհել են շուկան և գին թելադրողի դիրքերից հանդես եկել: Եվ այս պարագայում չի բացառվում գնաճի հավանականությունը: Սակայն գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանն հուսադրել է. «Երևան Սիթին» մենակ չէ, շուկան է գինը պայմանավորում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում