Հաղորդվում է, որ Գեորգի Կուտոյանը ինքնասպան է եղել անձնական շարժառիթներով։ Նրա կինը խնդրել է չհրապարակել դրանք " />

Քննությանը հայտնի է Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավարի ինքնասպանության պատճառը։ Թարմացում

Հաղորդվում է, որ Գեորգի Կուտոյանը ինքնասպան է եղել անձնական շարժառիթներով։ Նրա կինը խնդրել է չհրապարակել դրանք

Հունվարի 28

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանն ինքնասպանություն է գործել անձնական շարժառիթներով։ Այս մասին հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Գործի այլ մանրամասներ Գրիգորյանը չի կարողացել հաղորդել․

«Գեորգի Կուտոյանի կինը` Հասմիկ Բիշարյանը, դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի մենք առանց իրենց համաձայնության ինքնասպանության շարժառիթի մասին որևէ ինֆորմացիա չհայտնենք… Այս պահին ուղղությունը տարվում է ինքնասպանության վարկածով։ Հաշվի առնելով Հասմիկ Բիշարյանի դիմումը՝ ես կարող եմ ասել, որ ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: Թույլ տվեք չբացահայտել չակերտներ, որովհետև կա տուժողի իրավահաջորդի դիմում»։

Նա ասել է նաև, որ քննությունն այլևս չի դիտարկում Կուտոյանի սպանության վարկածը։ Ինչպես հաղորդվում էր Կուտոյանի մահվանից հետո առաջին օրերին, մարմնի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել։ 10 դատաբժշկական փորձաքննություն է անցկացվել, հարցաքննվել է ավելի քան 90 վկա, լսվել են մուտքային և ելքային զանգերը։ Արդյունքում՝ այժմ քննությունը դիտարկում է միայն ինքնասպանության վարկածը։

Հունվարի 20

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվանից երեք օր անց Հայաստանի Քննչական կոմիտեն ներկայացրել է կատարվածի մանրամասները։ Մասնավորապես, հայտարարվել է, որ Գեորգի Կուտոյանի մարմնի վրա բռնության հետքեր չկան։ Դա ամրապնդում է այն վարկածը, որ նա ինքնասպանություն է գործել։

Սակայն նրա մահվան առաջին իսկ օրը խոսվում էր այն մասին, որ քննությունը դիտարկում է նաև ինքնսպանությամբ քողարկված սպանության վարկածը։ Իսկ քրեական գործը հարուցվել է «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։

Բոլոր մանրամասները պարզելու համար, ինչպես հաղորդել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ուսումնասիրվելու են բոլոր փաստերն ու հնարավոր փորձաքննությունների արդյունքները։

Սակայն արդեն հունվարի 19-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին հայտարարել էր, որ քննությունը բավականաչափ տեղեկություններ ունի ինքնասպանության վարկածի վրա կանգ առնելու համար։

Ի՞նչ է հայտնի տվյալ պահին

Քննչական մարմինը հաղորդել է, որ Գեորգի Կուտոյանը բնակվում էր հայրական տանն՝ այլ հասցեում։ Բնակարան, որտեղ նա մահացած էր գտնվել, նա հազվադեպ էր գալիս։ Մահվանից մեկ օր առաջ՝ հունվարի 16-ին, Կուտոյանն իր հայրական տնից տաքսիով ուղևորվել է իր բնակարան՝ տիկնոջը նախազգուշացնելով, որ ուզում է մի քանի օր այնտեղ հանգստանալ։

Հունվարի 17-ին՝ չկարողանալով նրա հետ հեռախոսակապ հաստատել, հարազատները մեկնել են այդ բնակարան, որտեղ հայտնաբերել են Կուտոյանի դին բազմոցին։

Քննչական կոմիտեի աշխատակիցները գրանցել են Կուտոյանի քունքի շրջանում հրազենային վնասվածքն, իսկ մարմնի մոտ հայտնաբերել Glock տեսակի ատրճանակ, որ պատկանում էր ԱԱԾ նախկին ղեկավարին։ Բացի այդ, հայտնաբերվել է մոտ 40 պարկուճ և 10 փամփուշտ։ Դա բռնության և սպանության վարկած էր առաջացնում։

Սակայն շուտով տեղեկություններ հայտնվեցին, որ 2019 թ-ի դեկտեմբերին այդ նույն բնակարանում, որտեղ Կուտոյանին մահացած են գտել, նա ալկոհոլ օգտագործելուց հետո շուրջ 40 անկանոն կրակոց է կատարել հյուրասենյակի և խոհանոցի միջև գտնվող պատին։ Եվ նրա խնդրանքով կինը հավաքել է այդ բոլոր պարկուճներն ու դրել հյուրանոցի բազմոցի դիմաց դրված սեղանին։ Այդպիսով, տպավորություն է ստեղծվել, որ հայտնաբերված պարկուճներն ու փամփուշտները դեկտեմբերին արձակած կրակոցների հետևանք են, այսինքն՝ դրանք մահվան հետ կապ չունեն։

Ո՞վ էր Գեորգի Կուտոյանը

Գեորգի Կուտոյանը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորն էր։ 2011 թ-ին նա նախագահի օգնական էր նշանակվել։ Հինգ տարի անց զբաղեցրել էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Նա պաշտոնավարել էր մինչև 2018 թ-ի «թավշյա» հեղափոխությունն ու իշխանափոխությունը։

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործը դատարան է ուղարկվելու

• Կոռուպցիայի դեմ պայքար Հայաստանում։ Միֆ և իրականություն

Հայտնի է, որ աշխատանքից ազատվելուց հետո Կուտոյանը Մեծ Բրիտանիա էր մեկնել, որտեղ Քեմբրիջի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում էր սովորել։

Ինչո՞ւ է նրա սպանությունն մեծ արձագանք առաջացրել

Գեորգի Կուտոյանը գլխավորում էր Ազգային անվտանգության ծառայությունը երկու տարի և, իհարկե, շատ տեղեկությունների էր տիրապետում։

Վերջին ամիսներին սա Հայաստանի ուժային կառույցների նախկին բարձրաստիճան պաշտոնյաների երրորդ սպանությունն է։

2019 թ-ի սեպտեմբերին մահացած էր գտնվել Հայաստանի ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը։

Նա որպես վկա էր ներգրավված «Մարտի 1»-ի գործում։ Խոսքը 2008 թ-ին ընդդիմադիրների ցույցը ցրելու մասին է, որի հետևանքով 10 մարդ էր զոհվել։ Այդ գործով այժմ դատում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը մեկ տարուց ավելի է՝ բանտում է։

Հարությունյանը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր 2003-2008 թթ-ին, այսինքն՝ 2008 թ-ի ցույցերի ժամանակ դեռ համակարգում էր։ Նրա մահվան փաստով քրեական գործ էր հարուցվել ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Հայաստանում շատերը կարծում են, որ նախկին ոստիկանապետի մահը կարող է կապված լինել նրա պրոֆեսիոնալ գործունեության և «Մարտի 1»-ի գործի հետ։

Դրանից երկու ամիս անց Ռուսաստանում՝ Պյատիգորսկում գտնվող գարեջրի մասնավոր գործարանի շենքում, գազի պայթյունի հետևանքով մահացել էր Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Նա Հայաստանի ոստիկանությունում էր աշխատել 1993 թ-ից, գեներալ-մայորի կոչում ուներ, մայրաքաղաքի ոստիկանապետի պաշտոնն էր զբաղեցրել 2013-2016 թթ-ին։

Հայաստանի հատուկ ծառայությունների  նախկին աշխատակից Վլադիմիր Պողոսյանը կարծում է, որ մահերի այս շղթան պատահականություն չէ։

«Կարծում եմ, որ այստեղ պետք է ավելի խորը նայել։ Սերժ Սարգսյանի աշխատակազմում Կուտոյանը «հետևում էր» հենց դատական համակարգին։ Նա չափազանց շատ բան գիտեր։ Չի բացառվում նաև, որ նրա մահը կարող է կապված լինել Բաղրամյան 26-ից [նախագահական նստավայրը Երևանում – JAMnews] արխիվային փաստաթղթերի անհետացման հետ։ Հավանաբար հիշում եք, որ նախագահականից արխիվային փաստաթղթերի կորստի մասին լուրեր կային»։

Այն մասին, որ ԱԱԾ-ից առևանգվել և ոչնչացվել են որոշ գաղտնի փաստաթղթեր, 2019 թ-ի մայիսին հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ՝ օգոստոսին, այն ժամանակ դեռ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հաղորդել էր, որ փաստաթղթերը վերաբերում են «Մարտի 1»-ի գործին, դրանց մեծ մասն արդեն հայտնաբերվել և վերադարձվել քնչական մարմնին։

«Եկեք մանրամասների մեջ չխորանանք, պարզ ասեմ, որ, այո, այնտեղ շատ հետաքրքիր փաստաթղթեր կային», – հայտարարել էր Արթուր Վանեցյանը


Կարդալ ավելին JAMnews-ում