Վարչապետի այս հանձնարարությունը շատերն ընկալեցին որպես երկրում կոշտ գրաքննություն մտցնելու փորձ" />

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պայքարում է ֆեյքերի դեմ

Վարչապետի այս հանձնարարությունը շատերն ընկալեցին որպես երկրում կոշտ գրաքննություն մտցնելու փորձ

Հայաստանում Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ պայքար է սկսել ֆեյքերի դեմ։

Ինչո՞ւ է ֆեյքերի դեմ պայքար սկսվել

Վարչապետը հայտարարել է, որ հանցավոր շրջանակները միլիոններ են ծախսում հասարակական կարծիքը սոցցանցերի և լրատվամիջոցների միջոցով մանիպուլացնելու համար, և դա ազգային անվտանգության հարց է։ Արդյունքում նա ԱԱԾ ղեկավարին հանձնարարել է լուծել այս խնդիրը․

«Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, որևէ ձևով կասկածի տակ չդնելով խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը»։

Առաջին արդյունքները

Ֆեյքերի դեմ պայքարի առաջին արդյունքների մասին հայտնի է դարձել հաջորդ իսկ օրը։ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ վարչապետի հանձնարարությունը կատարվել է։ ԱԱԾ-ն Ֆեյսբուքի մի օգտատերի է բացահայտել, որը կեղծ էջի միջոցով ստահոդ տեղեկություններ էր տարածում Հայաստանի իշխանությունների գործունեության վերաբերյալ․

«Ֆեյսբուքում հայտնի ֆեյք կա, որն ապատեղեկատվություն է տարածում։ Խոսքը «Դուխով Հայաստան բաց ընկերություն» էջի մասին է։ Այդ էջի տակ թաքնվող անձը․․․ ձերբակալվել է»։

ԱԱԾ ղեկավարը հաղորդել է, որ էջի ադմինի հանդեպ քրեական գործ է հարուցվել «ռասայական, կրոնական և ազգային ատելություն տարածելու հատկանիշներով»։

Փորձագետները գրաքննություն մտցնելու մտավախություն ունեն

Հայ փորձագետներն անհանգստացած են պետական մակարդակով ֆեյքերի դեմ պայքարի առնչությամբ։ Շատերը դա ընկալեցին որպես գրաքննություն մտցնելու փորձ՝ չնայած այն պնդումներին, թե պայքարը պետք է իրականացվի՝ «ոչ մի դեպքում կասկածի տակ չդնելով խոսքի ազատությունը»։

Իրավիճակին առանձնահատուկ սրություն է տալիս այն փաստը, որ վարչապետի հանձնարարությունը կատարում է հենց ԱԱԾ-ն։ «Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը կարծում է․

«Մտավախություններ կան, որ ներկայիս պայմաններում մանիպուլյացիայի դեմ պայքարն ԱԱԾ ուղղակի մասնակցությամբ սուբյեկտիվ է մեկնաբանվելու և գրաքննության մթնոլորտ է ստեղծելու, որի դեպքում լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դադարելու են արձագանքել և քննադատել իշխանությունների գործունեությունը՝ խուսափելով հետևանքներից»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համոզված է, որ սոցցանցերում մանիպուլյացիաների հարցերով նույնիսկ ատելության, ռասիզմի և խտրականության միտումնավոր արտահայտման դեպքում պետք է զբաղվեն մամուլի ծառայությունները, հատուկ հանձնաժողովներն, այլ ոչ թե ԱԱԾ-ն։

«ԱԱԾ-ն առանց այդ էլ շատ գործառույթներ ունի, և այն պետք է զբաղվի իր գործով, իսկ պետական համակարգում բազմաթիվ այլ կառույցներ կան, որոնք կարող են պայքարել մանիպուլյացիաների դեմ և հակազդել դրանց»։

Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վստահ է, որ աշխարհում ֆեյքերի և պրոպագանդայի դեմ պայքարի հաջողված փորձ դեռ չկա։ Այդ կապակցությամբ նա կարծում է, որ Հայաստանն ավելի լավ է պարզապես հետևի արտասահմանում տեղի ունեցող գործընթացներին․

«Իհարկե, կարելի է օրենսդրությունում փոփոխություններ կատարել, այսօր շատ երկրներ են այդ ճանապարհով գնում։ Սակայն դա վատ ճանապարհ է, քանի որ ոչ ոք դեռ արդյունավետ օրենք չի ընդունել, որի շնորհիվ կարելի է ճնշել ֆեյքերին և պրոպագանդիստական աղբյուրներն՝ առանց նորմալ լրատվամիջոցնրին դիպչելու։ Սովորաբար հետևանքները վատ են լինում, և այս ամենն ազդում է խոսքի ազատության վրա»։

ԱԱԾ ղեկավարի պատասխանը

Ապրիլի 10-ին ԱԱԾ ղեկավարը, պատասխանելով ֆեյք էջերի օգտատերերին պատասխանատվության ենթարկելու մասին լրագրողների հարցին, ասել է․

«Անանունությունը մարդու իրավունքներից մեկն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտել։ Այլ բան է, երբ ուրիշի անվան տակ հանդես գալիս մարդը փորձում է համացանցում կամ հասարակությունում տեղեկություններ տարածել, որոնք հանցակազմ են պարունակում»։


Կարդալ ավելին JAMnews-ում