Սակայն ոչ ի վնաս սեփական ազգային շահերի. ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյան " />

Հայաստանը պատրաստ է բարեկամական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ

Սակայն ոչ ի վնաս սեփական ազգային շահերի. ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյան

Պաշտոնական Երևանը պատրաստ է երկխոսության գնալ և կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն չի պատրաստվում դա անել Հայաստանի ազգային շահերի հաշվին:

«…Ի վերջո, աշխարհագրությունը չի փոխվում, առանց նախապայմանների, բայց նաև շատ լավ հստակ գիտենք, որ կան իրողություններ: Մենք չենք անում դա ի վնաս մեր շահերի և պատրաստ չենք դա անելու ի վնաս մեր շահերի: Բանաձևը բարիդրացիական հարաբերություններն են հարևանի հետ տարածաշրջանի կայունության համար՝ ի շահ բոլոր հարևանների, բոլոր անդամների այս տարածաշրջանում, բայց ոչ ի վնաս մեր շահերի», – հայտնել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշել է, որ  Հայաստանը եղել և մնացել է այն սկզբունքների մեջ, որ պատրաստ է ունենալ բարիդրացիական հարաբերություններ հարևանի հետ: Նախարարն ընդգծել է նաև, որ երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակի մեղքը հենց Թուրքիայինն է.

«Ներկա դրությամբ, …ես չեմ լսել որևէ հայտարարություն, որը հուսադրիչ լինի, որ մենք կարող ենք որևէ հիմքեր ունենալ ենթադրելու, որ կա [խնդրի լուծումներ գտնելու] պատրաստակամություն մյուս կողմից»:

Հայ-թուրքական հարաբերությունները մոտ ապագայում զգալի փոփոխություններ չեն կրի, JAMnews-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանը: Նրա կարծիքով՝ Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգն այնքան հագեցած է, որ Հայաստանը դրանում հազիվ թե տեղ գտնի.

«Կողմերի միջև շփումներ հնարավոր են՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանում վերջերս տեղի ունեցած իշխանափոխությունն ու Հայաստանի վերաբերյալ Էրդողանի որոշ հայտարարություններ: Սակայն ասել, որ հայտարարությունները կարող են փոխել ներկայիս իրադրությունը, մենք չենք կարող: Թուրքիայի համար գլխավորը հիմա Մերձավոր Արևելքն է: Քանի դեռ Թուրքիան այնտեղ առաջնահերթ շահեր ունի և դրանք պաշտպանելու անհրաժեշտություն, Հայաստանը չի կարող Անկարայի արտաքին քաղաքականությունում որևէ կարևոր տեղ զբաղեցնել»:

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանն ու Թուրքիան այդպես էլ դիվանագիտական հարաբերություններ չհաստատեցին: Ավելին, 2 հարևան երկրների միջև սահմանը փակ է 1993թ-ից Թուրքիայի նախաձեռնությամբ:

2008թ-ին Հայաստանի այն ժամանակվա գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստորագրվեց «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն» և «Երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն», որոնք պետք է վավերացվեին երկու երկրրների խորհրդարանների կողմից: Սակայն դա տեղի չունեցավ: Այս մասին ավելի մանրամասն՝ JAMnews-ի «Հայաստան-Թուրքիա՝ սահմանը փակ կմնա. Երևանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները» հոդվածում


Կարդալ ավելին JAMnews-ում