«Բացառում եմ այն հնարավորությունը, որ առանց Հայաստանի համաձայնության կարող է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվել»․ պաշտպանության նախարար" />

Հայաստանը շարունակում է պաշտպանել իր իրավունքները հետխորհրդային ռազմական դաշինքում

«Բացառում եմ այն հնարավորությունը, որ առանց Հայաստանի համաձայնության կարող է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվել»․ պաշտպանության նախարար

«Բացառում եմ այն հնարավորությունը, որ առանց Հայաստանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի, քանի որ այդ կառույցում բոլոր որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության հիման վրա», – հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հայաստանը Ռուսաստանից չորս կործանիչ է գնել

Ի՞նչ է ՀԱՊԿ-ը

ՀԱՊԿ-ը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Ռուսաստանի հովանու ներքո գործող տարածաշրջանային միջազգային կազմակերպություն է։ Ինչպես նշված է ՀԱՊԿ կանոնակարգում, կազմակերպության նպատակները «խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումն է, հավաքական հիմքի վրա անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը»։

Կազմակերպությունը ստեղծվել է նախկին ԽՍՀՄ տարածքում 1992թ-ին: Վրաստանն, Ադրբեջանն ու Ուզբեկստանը շատ շուտ լքեցին կազմակերպության շարքերը, և այժմ ՀԱՊԿ 6 անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Հարցի նախապատմությունը

Դեռ բոլորովին վերջերս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը։ Սակայն նրան այդ պաշտոնից հետ կանչեցին, երբ 2018թ-ի հուլիսին Երևանում հետաքննություն սկսվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձություններին Խաչատուրովի մասնակցության կապակցությամբ։ Այն ժամանակ ցույցը ցրելիս տասը մարդ էր զոհվել, իսկ Յուրի Խաչատուրովը Զինված ուժերի երևանյան կայազորի պետն էր։ Ըստ քննության վարկածի՝ նա էր ղեկավարում ցուցարարներին ցրելու գործընթացը։

Միաժամանակ Երևանը չէր պատրաստվում կորցնել գլխավոր քարտուղարի պաշտոնը և դրա իրավունքն ուներ․ կազմակերպության կանոնադրության համաձայն՝ մանդատը դեռ մեկ տարի պետք է Հայաստանինը լիներ։ Եվ միայն 2020թ-ին այն պետք է անցներ Բելառուսին։

Սակայն ՀԱՊԿ մյուս անդամներն այն կարծիքին են, որ պետք է գլխավոր քարտուղարի լիազորությունները հանձնել Բելառուսի ներկայացուցչին արդեն հիմա։

Երևանը համաձայն չէ

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը լուրջ հարց է, խոսքն ինչ-որ օպերատիվ-մարտավարական մակարդակի որոշում կայացնելու մասին չէ։ Գլխավոր քարտուղարի հարցը ռազմավարական քայլ է․

«Անհասկանալի է, թե ինչպես կարելի է առանց կազմակերպության մասնակիցներից մեկի գլխավոր քարտուղար նշանակել։ Կանոնադրությունը թույլ չի տալիս գլխավոր քարտուղարին նշանակել սահմանափակ կազմով»։

Տոնոյանը հաղորդել է նաև, որ Հայաստանի ԱԳՆ-ն այժմ այդ հարցի ուղղությամբ համապատասխան աշխատանք է տանում։

Մինսկի շահերը

Բելառուսում չեն բացառում, որ եթե Երևանն այնուամենայնիվ համաձայնի Բելառուսի ներկայացուցչի նշանակմանն, ապա այդ հարցի վերաբերյալ որոշումը կընդունվի սահմանափակ կազմով։

«Կանոնադրությամբ նախատեսված է սահմանափակ կազմով որոշում ընդունելու հնարավորությունը։ Սակայն դա ամենալավ տարբերակը չէ։ Նման որոշումները պետք է փոխզիջման եղանակով ընդունվեն», – հայտարարել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը։ Նա էլ հենց գլխավոր քարտուղարի՝ Բելառուսի թեկնածուն է։

Փորձագիտական կարծիք

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ Երևանն այդ հարցի լուծումը ձգձգելու է մինչև 2020թ-ը, երբ պաշտոնապես լրանա Հայաստանի՝ գլխավոր քարտուղարի մանդատի ժամկետը։ Ըստ փորձագետի՝ Երևանն այդպիսով արտահայտում է իր բացասական վերաբերմունքը ոչ միայն նոր գլխավոր քարտուղարի նշանակման փաստի առնչությամբ, այլև կազմակերպությունում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Հայաստանի շահերը բավարարված չեն։ Իսկ այդ շահերը չեն սահմանափակվում միայն գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ ինտրիգով։ Ակնհայտ է, որ Բելառուսը չի ուզում Հայաստանին ընդառաջ գնալ, սակայն միաժամանակ ցանկանում է ստանալ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Հայաստանն ուզում է հասկացնել, որ նման բան տեղի չի ունենալու, քանի դեռ իր շահերն ու իրավունքները բավարարված չեն։

Ես տեղեկություններ ունեմ, որ այդ խնդիրները չեն սահմանափակվում միայն գլխավոր քարտուղարի շուրջ անորոշ իրավիճակով։ Վարչապետը խոսել է ավելի ընդլայնված համատեքստի մասին։ Օրինակ, դա Հայաստանի դաշնակիցների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցն է։ Այդ և բոլոր մնացած առումներով Հայաստանը ոչինչ չի ստացել։ Եթե ինչ-որ բան ստանար, գլխավոր քարտուղարի հարցում կզիջեր»։

Հայաստանի իշխանությունները բազմիցս վրդովմունք են արտահայտել այդ կազմակերպությունում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Մասնավորապես, 2018թ-ի նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային գործընկերները ստիպված կլինեն հարմարվել Հայաստանի հետ այլ՝ «իրապես գործընկերային» հարաբերություններ ունենալուն․

«Բոլոր միջազգային գործընկերները պետք է հիշեն․ այնպիսի հարաբերություններ Հայաստանի հետ, որոնց նրանք սովոր են, այլևս չեն լինելու։ Մենք լուռ լսողի դերում չենք լինելու»։


Կարդալ ավելին JAMnews-ում