«Բաժակը կիսով չափ լի է, բայց լրիվ լցված չէ»՝ այսպես է գնահատել իրավիճակը ԵԽ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գլխավոր քարտուղարը " />

GRECO: Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որոշ առաջընթաց է արձագանգրել

«Բաժակը կիսով չափ լի է, բայց լրիվ լցված չէ»՝ այսպես է գնահատել իրավիճակը ԵԽ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գլխավոր քարտուղարը

Լուսանկարը` Գևորգ Ղազարյան, JAMnews

Հայաստանի կառավարությունը որոշ առաջընթաց է արձանագրել դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում. նման գնահատական է տվել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ GRECO-ն, որը Երևանում ամփոփել է իր հանձնարարականների կատարման ընթացքը:

2 տարի առաջ այս կառույցը, ուսումնասիրելով կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում, 18 հանձնարարական էր տվել կառավարությանը։

GRECO-ի գլխավոր քարտուղարը ողջունել է, որ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, հիմնական ուշադրությունն ուղղվել է դատական համակարգի վրա, քանի որ հենց այս ոլորտին են առավել անհրաժեշտ բարեփոխումները։

«Այս պահի դրությամբ այդ քայլերը ճիշտ ուղղությամբ են գնում: Դատական համակարգում կատարվող փոփոխությունները շատ կարևոր են: Կարևոր է, որպեսզի հանրությունն իմանա և վստահի, որ ունի այնպիսի մի համակարգ, որը զերծ է ցանկացած տեսակի ճնշումներից: Բաժակը կիսով չափ լի է, բայց լրիվ լցված չէ»,- ասել է GRECO-ի գլխավոր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոն: 

Որպեսզի դատական համակարգում կոռուպցիան նվազի, Էսպոսիտոն կարևորել է իրենց հանձնարարականներից երկուսը. դատական գերագույն մարմնի և պաշտոնյաների գույքի նկատմամբ վերահսկողություն սահմանող հանձնաժողովի ստեղծումը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ այս կառույցի հանձնարարականները կատարելու համար տրամադրվում է ֆինանսական աջակցություն:

«Կարծում ենք, որ GRECO-ի կատարած աշխատանքը Հայաստանում շատ կարևոր է նաև մեր տեղական ծրագրերի համար: Վերջին ամիսներին Հայաստանը մի շարք կարևոր քայլեր է կատարել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ և օրենսդրական հիմքի ամրապնդման համար, օրենք է մշակվել նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին, որը պաշտպանում է ազդարարներին և ընդլայնում հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների ցանկը: 

Եվրամիությունը ողջունում է այս զարգացումները, բայց ինչպես գիտենք, առանցքայինն այս մոտեցումները կյանքի կոչելն է: Հակակոռուպցիոն մարմինը շուտով կսկսի գործել, և օրենսդրական բարեփոխումները քննության կենթարկվեն իրենց կիրառության միջոցով: Հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացիները կզգան տարբերությունը», – ասել է ԵՄ դեսպանը:

Ընդ որում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ GRECO-ի հանձնարարականների ուղղությամբ արդյունքների մի մասը դեռևս տեսանելի չեն կարող լինել՝ ժամանակ է պետք:

«Մասնավորապես՝ հայտարարագրումը, կամ ենթադրենք մենք մտցրեցինք այս տարվա ընթացքում կանխիկ ձևով կատարվող գործարքների սահմանափակում պետական պաշտոնյաների համար: Ավելին, մենք նախատեսել ենք նաև շատ լուրջ պատասխանատվության միջոցները: Այս տարիների ընթացքում այդ գործիքը՝ այսինքն լուրջ մի հնար, ինչպես կարելի է շրջանցել օրենսդրությունը, մենք կարողացել ենք փակել», ֊ ասել է Հարությունյանը:

Արդարադատության նախարարի խոսքով, դատական նոր օրենսգիրքը լուծում կտա համակարգում առկա խնդիրներին, իսկ ապրիլից կգործի նաև կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը։


Կարդալ ավելին JAMnews-ում