Հայաստան ներմուծվող իրանական գազը այժմ 30 դոլարով ավելի թանկ է, քան ռուսականը" />

Հայաստանը իրանական գազը կգնի ավելի էժան գնով՝ ենթադրում են հայ փորձագետները

Հայաստան ներմուծվող իրանական գազը այժմ 30 դոլարով ավելի թանկ է, քան ռուսականը

Վլաֆիմիր Իվանով, REUTERS

Իրանական գազը Հայաստան ավելի էժան գներով ներմուծելու հնարավորություն է առաջացել: Հայաստանի Ազգային ժողովը պաշտոնապես հայտնել է դեռ միայն այն, որ Հայաստանի և Իրանի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ իրանական գազի գնման հարցով: Դրա գնի վերաբերյալ որևէ բան պաշտոնապես դեռ չի հաղորդվում:

Ներկայումս Հայաստանի համար 1000 խորանարդ մետր իրանական գազը սահմանին արժե 180 դոլար: Այսինքն այն 30 դոլարով ավելի թանկ է, քան ռուսականը: Մինչ դեռ, իրանական գազն իր որակով զիջում է ռուսականին: Այս պատճառով էլ փորձագետներն ենթադրում են, որ բանակցությունների ժամանակ այս հարցի վրա է շեշտադրումն արվել:

«Ակնհայտ է, որ բանակցային ողջ գործընթացը պետք է տարվեր Իրանից գնվող գազի գնի իջեցման շուրջ: Տնտեսական առումով իրանական գազի ներկայիս գինն այդքան էլ նպատակարահմար չէ Հայաստանի համար, մեր գազատրանսպորտային համակարգի համար, ուստի ես հույս ունեմ, որ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել քաղաքական որոշում՝ իրանական գազի սակագինը նվազեցնելու ուղությամբ»,- ասում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

Հայաստանը զրկված է այլընտրանքից

Վերջերս հաստատվեց, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կմնա անփոփոխ մինչև 2018 թ. ավարտը: Ռուսական գազը Հայաստանի սահմանում գնվում է 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով: Սակայն Հայաստանի քաղաքացիները գազի համար վճարում են համարյա կրկնակի ավելին: Դա «Գազպրոմ Արմենիայի» որոշումն է՝ ընկերության, որը պատկանում է ռուսական պետական «Գազպրոմին» և հանդիսանում ռուսական գազի մատակարարը Հայաստանում:

Այլ կերպ ասած, Ռուսաստանը գազ է վաճառում 150 դոլարով իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շատ ավելի թանկ գնով վաճառում է հայաստանցի սպառողներին:

Փորձագետները նշում են, որ իրանական գազի պարագայում կարող է կրկնվել նույնը, որովհետև իրանական գազը Հայաստան է ներկրվում ռուսական խողովակներով: Իրանից Հայաստան ներմուծվող գազի ենթակառուցվածքները պատկանում են «Գազպրոմին»: Հետևաբար, իրանական գազի գինը հաստատվելու է ռուսական «Գազպրոմի», այսինքն՝ Ռուսաստանի կողմից, կամ առնվազն՝ Ռուսաստանի համաձայնությամբ:

«Իրանական գազի ներմուծումը չի կարելի դիտարկել էներգետիկ անվտանգության իրական դիվերսիֆիկացիա, այլընտրանք: Կարևորն այն չէ, թե ինչ ծագման է գազը, որտեղի է այն, որ երկրից է այն արտահանվել: Կարևորը ենթակառուցվածքներն են, որոնց միջոցով գազը փոխանցվում է: Իրանական այլընտրանք չի կարող լինել, որովհետև իրանական գազը «Գազպրոմի» ենթակառուցվածքներով է մտնում: Եվ ցանկացած որոշում, որը մենք կայացնում ենք Իրանից-Հայաստան գազը ներմուծելու ուղությամբ, կայացվում է նաև Ռուսաստանի համաձայնությամբ»,- ասել է Վահե Դավթյանը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում