Որոշ անցումային դրույթներ ուժի մեջ կմտնեն հենց այս պահից, իսկ փաստաթուղթն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի Եվրամիության բոլոր երկրների վավերացումից հետո " />

Հայաստանը դարձավ ԵԱՏՄ միակ անդամը, որը Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիր վավերացրեց

Որոշ անցումային դրույթներ ուժի մեջ կմտնեն հենց այս պահից, իսկ փաստաթուղթն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի Եվրամիության բոլոր երկրների վավերացումից հետո

Այսօր Հայաստանի Ազգային ժողովում միաձայն վավերացվեց Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այն ստորագրվել էր 2017 թվականի  նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Վավերացված համաձայնագիրը կանոնակարգելու է համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում:

Իշխանությունները հայտարարում են, որ այս համաձայնագիրը պատմական նշանակություն ունի Հայաստանի համար, այն երկրի արտաքին քաղաքականության առանցքային դրվագներից մեկն է: Հատուկ մատնանշվում է այն փաստը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության առաջին երկիրն է, որը վավերացրել է Արևմուտքի հետ նման կարևորության փաստաթուղթ:

«Սա մի քաղաքականության արտացոլում է, որը գրեթե ոսկերչական ճշգրտությամբ է իրականացվել: Հայաստանն այսօր Արևելյան գործընկերության միակ պետությունն է, որը լիարժեք անդամակցելով անվտանգության մեկ այլ բևեռի՝ ՀԱՊԿի հետ, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, նման ամբիցիոզ համաձայնագիր է ստորագրել»,-ասել է իշխող «Հանրապետական» կուսակցության  պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Ընդդիմադիր որոշ պատգամավորներ նշում են, որ Հայաստանի իշխանությունները չափազանցնում են, երբ հայտարարում են, որ հաջողել են վարելով «և՛ Արևմուտքի հետ, և Ռուսաստանի հետ» քաղաքականություն:

Ըստ նրանց, Հայաստանն ուներ ավելի մեծ շանս` Եվրոպայից ավելին ստանալու, բայց զրկվեց դրանից, 2013 թվականին ձախողելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: Դա տեղի ունեցավ, որովհետև հայկական կողմը հայտարարեց Ռուսաստանի առանցքի շուրջ ստեղծված Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին:

Ընդդիմությունն ու մի շարք փորձագետներ հայտարարում են. այժմ չափազանց կարևոր է, որ Հայաստանը կամք դրսևորի Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրով սահմանված բարեփոխումներն իրականացնելու համար:

«Խաղը սկսվում է համաձայնագրի վավերացումից հետո, թե արդյոք Հայաստանը կստեղծի՞ հակակոռուպցիոն մարմին՝ վստահելի մարդկանցով, ովքեր կպայքարեն այդ երևույթի դեմ: ՀՀն կունենա՞  անկախ դատական համակարգ, տնտեսական մրցակցության հանձնաժողով, որը չլինի այնպիսին, ինչպիսին այսօր է»,- շեշտել է ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար այն պետք է վավերացնեն նաև Եվրամիության բոլոր անդամ-երկրները: Սակայն այն պարունակում է անցումային դրույթներ, որոնք կարող են ուժի մեջ մտնել Հայաստանի խորհրդարանի վավերացումից հետո՝ չսպասելով վավերացմանը Եվրամիության բոլոր երկրների կողմից:


Կարդալ ավելին JAMnews-ում