Հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը և կրկին լուծում չի ստացել" />

Հայաստանը դեմ է, որ Ադրբեջանին զենք վաճառեն իր հետ միևնույն ռազմական դաշինքի անդամ երկրները

Հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը և կրկին լուծում չի ստացել

კოლექტიური უსაფრთხოების ხელშეკრულების ორგანიზაცია, სომხეთი, რუსეთი, აზერბაიჯანი, აზერბაიჯანისთვის იარაღაის მიყიდვა

Հայաստանում կրկին քննարկվել է Ադրբեջանին զենքի վաճառքն այն երկրների կողմից, որոնք անդամակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

Նոյեմբերի 5-ին Երևանում սկսվել է ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը։ Դա ռազմական դաշինք է, որը գործում է Ռուսաստանի առաջնորդությամբ, և Հայաստանը դրա մասնակից է։ Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական կողմը կազմակերպության անդամ պետությունների ղեկավարության առջև դնում է Ադրբեջանին զենք վաճառելու անթույլատրելիության հարցը՝ մի երկրի, որը ՀԱՊԿ-ի անդամ չէ և ռազմական հակամարտության մեջ է դաշինքի անդամ պետության հետ։

ՀԱՊԿ-ը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Ռուսաստանի հովանու ներքո գործող տարածաշրջանային միջազգային կազմակերպություն է։ Ինչպես նշված է ՀԱՊԿ կանոնակարգում, կազմակերպության նպատակները «խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումն է, հավաքական հիմքի վրա անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը»։ Կազմակերպությունը ստեղծվել է 1992թ-ին նախկին ԽՍՀՄ տարածքում, դրա փլուզումից հետո: Վրաստանն, Ադրբեջանն ու Ուզբեկստանը շատ շուտ լքեցին կազմակերպության շարքերը, և այժմ ՀԱՊԿ 6 անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Ներկայացնում ենք հարցի մանրամասներն ու ռազմական այս դաշինքի առաջնորդ՝ ռուսական կողմի պարզաբանումները։

«Հայաստանը միշտ բարձրացնում է Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցը»

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը միշտ բարձրացնում է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցն ու փորձում լուծել այն։

Ավելին, այն հարցին, թե արդյոք հայ պատգամավորներն իրենց ռուս և բելառուս գործընկերներին հարցնում են, թե ինչու են նրանց երկրները զենք վաճառում Ադրբեջանին, Սիմոնյանը պատասխանել է, որ ոչ մի հարց Հայաստանի պատվիրակությունն այնքան հաճախ չի քննարկում, որքան այս հարցը։ Սակայն լուծում դեռ չկա՝ չնայած, որ հարցը բարձրացրել է նաև Հայաստանի վարչապետը։

«Մեզ հայտարարում են․ եթե զենքը չվաճառեր Ռուսաստանը, կվաճառեր մեկ այլ երկիր, իսկ Հայաստանն այդ նույն զենքը Ռուսաստանից արտոնյալ գներով է ստանում։ Անձամբ ինձ համար դա պատասխան չէ», – հայտարարել է Սիմոնյանը։

Ադրբեջանին զենք վաճառելը «լուրջ խնդիր» է անվանել  պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը․

«Դա լուրջ խնդիր է, քանի որ ՀԱՊԿ հիմքում դրված է «սպառնալիքը մեկ պետությանը սպառնալիք է բոլորի համար» սկզբունքը։ Այդ պատճառով էլ պետությունները չպետք է քայլեր ձեռնարկեն, որոնք ուղղված են անդամ պետության անվտանգության դեմ»։

Նրա կարծիքով՝ «խնդիրը կա, դրա մասին անհրաժեշտ է խոսել և լուծում փնտրել»։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը «վատ երևույթ է»․

«Դա շատ վատ բան է, բայց մի մոռացեք, որ նմանատիպ զենքով նաև մեր Զինված ուժերն են հագեցած և խնդիրը խաղաղության հասնելն է: Զենքի հավասարակշռության խնդիրը մշտական խնդիր է, և հակառակորդը պիտի չունենա առավելություն զինատեսակի առումով:

Հիմա շատ է քննարկվում, որ նրանց բյուջեում [Ադրբեջանի բյուջեում – JAMnews] պաշտպանության ոլորտի հատկացումներն ավելի շատ են, մերը քիչ են, բայց մոռանում եք, որ նրանց Զինված ուժերն այլ կառուցվածք ունեն։ Չեմ կարծում, որ բալանսը խախտված է: Ադրբեջանը պարզապես ավելի շատ զինատեսակներ է գնում»։

Ռուսական կողմի պատասխանը

Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի խոսքով՝ այդ հարցը խորհրդարանական վեհաժողովի «լիազորությունների շրջանակում չէ», որն աշխատում է Երևանում․

«Մեզ մոտ անցկացվում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ։ Այսինքն՝ սա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հանդիպում է, և նման հարցերը մեր լիազորությունների շրջանակում չեն։ Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է դիմել ՀԱՊԿ անմիջական ռազմական ղեկավարությանը»։

Բացի այդ, ինչպես նշել է Լեոնիդ Կալաշնիկովը, Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ անհանգստություն է արտահայտվում ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում։ Ըստ նրա, դրա պատճառն այն է, որ Ռուսաստանը Հայաստանին ապահովում է ամենաժամանակակից սպառազինությամբ, որը հաճախ այլ երկրների չի տրամադրվում։

Քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների հարցը

Անցյալ շաբաթ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ լարվածության աճ էր նկատվում։

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը պատմել է, որ Խորհրդարանական վեհաժողովի նիստին այս հարցը քննարկվել է։ Զատուլինը հայտարարել է․ եթե Երևանն անհրաժեշտ է համարում քննարկել Ադրբեջանի կողմից իր տարածքի գնդակոծման խնդիրն, ապա նա այդ իրավունքն ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստի շրջանակում․

«Սակայն ես չեմ լսել, որ պաշտոնական Երևանն այս հարցը ներառի քննարկումների օրակարգում», – նշել է Պետդումայի պատգամավորը։

Զատուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես իր դաշնակից, և իրական սպառնալիքի դեպքում Մոսկվան պատրաստ է գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները նրան պաշտպանելու համար։

«Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որն այստեղ գեղեցկության համար չէ գտնվում», – հավելել է պատգամավորը։

Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ուժեղացումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի առջև ունեցած դաշնակցային պարտավորություններից։

Զատուլինի հայտարարությունը հնչել է այն խոսակցությունների ֆոնին, թե հայկական Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազնաբազայի հզորությունն ու մարտական ներուժն ավելանալու է գրեթե կրկնակի։ Այս թեման Երևանում քննարկվել է վերջերս՝ հոկտեմբերի 29-ին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Ըստ Զատուլինի՝ շատերը կարծում են, որ Գյումրիի ռուսական բազայի գործունեությունը Հայաստանի անվտանգության երաշխիքն է։

«Կարծում եմ, որ ռազմաբազայի ուժեղացման մասին պայմանավորվածության ստորագրմամբ մենք բոլորին ցույց ենք տալիս, որ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ իր պարտավորություններից։ Ինչպես և Սիրիայում անցկացվող գործողության դեպքում էր, որտեղ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել սիրիական Կամիշլի բնակավայրի հայկական բնակչության անվտանգությանը և Թուրքիայի հետ առանձին քննարկել ենք այդ հարցը», – ասել է պատգամավորը։

Ինչո՞ւ Հայաստանը սահմանի պաշտպանության համար դաշինքից աջակցություն չի պահանջում

Այն հարցին, թե ինչու հայկական կողմը չի պահանջում դաշինքի միջամտությունը, երբ Ադրբեջանի հետ սահմանին լարվածություն է առաջանում, պատասխանել է պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․

«ՀՀ  զինված ուժերի այսօրվա վիճակը թելադրում է, որ այսօր նա կարող է հենվել իր ուժերի վրա»։

Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները

Հայաստանի վարչապետն այժմ ՀԱՊԿ-ն անվանում է տարածաշրջանում կայունության և անվտանգության գլխավոր գործոն։ Այս մասին նա հայտարարել է նաև նոյեմբերի 5-ին Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում։ Փաշինյանը կազմակերպության շրջանակում համագործակցության երեք ուղղություն է նշել․

«Առաջին հերթին, դա արտաքին քաղաքական համակարգումն է, ռազմատեխնիկական համագործակցությունը և, իհարկե, անվտանգության ոլորտում մեր ընդհանուր մոտեցումը ընդհանուր սպառնալիքներին։ Սպառնալիքները փոխվում են, և մենք պետք է ադեկվատ արձագանքենք դրանց»։

Այս հայտարարությունը հետաքրքիր է այն առումով, որ երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր գործիչ էր, նա դեմ էր արտահայտվում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը։


Կարդալ ավելին JAMnews-ում