Ինչպես են իրավիճակը գնահատում փորձագետները, հատուկ կարիքներով երեխաների ծնողները։ Նաև պաշտոնական մոտեցումն ու միջազգային փորձը" />

Համընդհանուր ներառական կրթություն Հայաստանում՝ բարեփոխո՞ւմ, թե՞ անորոշ փորձարարություն

Ինչպես են իրավիճակը գնահատում փորձագետները, հատուկ կարիքներով երեխաների ծնողները։ Նաև պաշտոնական մոտեցումն ու միջազգային փորձը

համընդհանուր ներառական կրթություն, Գյումրի, հաշմանդամություն ունեցող երեխա, ծնողներ, հանրակրթական դպրոց, ներառականություն, հատուկ դպրոց, երգոթերապևտ, ֆիզիոթերապևտ, սոցիալական աշխատող, միջազգային փորձ, Հայաստան, Армения, всеобщее инклюзивное образование, Гюмри, ребенок с инвалидностью, родители, общеобразовательная школа, инклюзивность, специальная школа, эрготерапевт, физиотерапевт, социальный работник, международный опыт

Հայաստանն անցնում է համընդհանուր ներառական կրթության՝ փուլ առ փուլ ըստ մարզերի։ Ենթադրվում է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել բացառապես հանրակրթական ուսումնական հաստատություններում և առանց երեխային ընտանիքից կտրելու։

Գործընթացը սկսվել է 2016 թվականին և կավարտվի 2025-ին, մինչև 2019-ը համակարգը ներդրվել է չորս մարզերում։ Այս տարի անցումը կատարվում է Երևանում, Շիրակի ու Արագածոտնի մարզերում։

Ընթացքում հատուկ դպրոցները, որտեղ մինչ այս բարեփոխումը սովորում ու շաբաթվա մեծ մասն ապրում էին հաշմանդամություն ունեցող երեխաները, պետք է փակվեն կամ վերակազմավորվեն տարածքային մանկավարժական և հոգեբանական աջակցման կենտրոնների։

Ընդ որում, հատուկ դպրոցների աշակերտներնը հանգստյան օրերին ունեցել են և հիմա էլ ունեն հնարավորություն վերադառնալ ընտանիք։ Սակայն այժմ առաջ է քաշվում երեխաներին ընդհանրապես տնից և ընտանիքից չկտրելու գաղափարը և բոլոր երեխաների հետ միասին հանրակրթական դպրուցում ուսում ստանալու հնարավորությունը։

Հայաստանում շատերը կասկածում են, որ սա ճիշտ ու խորապես մտածված ճանապարհ է։ Մասնավորապես, հատուկ դպրոցների աշխատակիցները, փորձագետներն ու հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները միանշանակ չեն գնահատում այս գործընթացը։

Այս հետազոտության ընթացքում փորձ է կատարվել ծանոթանալ բոլոր կողմերի կարծիքներին, մտավախություններին և առաջարկներին, ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը։

Հաշմանդամություն ունեցող երեխաների մասին՝ սեփական և որդերգրված

Աշխատանք հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Ֆոտոռեպորտաժ թանկ, բայց սիրված սրճարանից Հայասատանում

• Միասին՝ մեկ դպրոցում․ սովորականներն ու առանձնահատուկները

 Համընդհանուր ներառական համակարգը Հայաստանում

«Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու իրավունք, և յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Բերեք այս երկու իրավունքները դնենք իրար կողքի ու տեսնենք՝ ի՞նչ է դուրս գալիս:  Ստացվում է, որ պարտավոր ենք յուրաքանչյուր երեխայի համար ապահովել իրեն մոտ գտնվող  դպրոցում սովորելու հնարավորություն», – ներառական կրթության բանաձևը այսպես է մեկնաբանում Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:

Նրա հավաստմամբ՝ Հայաստանում ներդրված փորձը նման չէ ոչ մի երկրի կրթական համակարգի: Սեփական փորձով են առաջնորդվել ու ՅՈւՆԵՍԿՕ-ի խորհրդին հետևել՝ գիտակցելով, որ հեշտ ճանապարհ չեն ընտրել.

«2017 թ. Տավուշի մարզում համընդհանուր ներառման փորձնական ծրագիրը ներդրեցինք ու նոր հաստիք՝ ուսուցչի օգնական: Այն գումարը, որ մենք տալիս էինք միայն մի քանի դպրոցների՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու համար, վերաբաշխեցինք մարզի բոլոր դպրոցների վրա: Երեխաների գնահատման համակարգը փոխվեց, պետությունից ֆինասավորում ստանում են միայն խորը և ծանր խնդիրներ ունեցող երեխաները:

Իսկ նախկինում թեթև տեսողական խնդիր ունեցող երեխայի համար սնունդ, տրանսպորտ ու մասնագիտական աջակցության գումար էինք տալիս: Տավուշում շատ հաջող ստացվեց ծրագիրը, Հայաստանը ճանաչվեց նախկին խորհրդային երկրների տարածքում առաջին հանրապետությունը, որտեղ լավագույնն են պաշտպանված երեխայի կրթական իրավունքները, ավելին՝ համընդհանուր ներառման այս փորձը կազմակերպող «Հույսի կամուրջ» կազմակերպության տնօրենը ստացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ կրթությանը նպաստելու համար»:

համընդհանուր ներառական կրթություն, Գյումրի, հաշմանդամություն ունեցող երեխա, ծնողներ, հանրակրթական դպրոց, ներառականություն, հատուկ դպրոց, երգոթերապևտ, ֆիզիոթերապևտ, սոցիալական աշխատող, միջազգային փորձ, Հայաստան, Армения, всеобщее инклюзивное образование, Гюмри, ребенок с инвалидностью, родители, общеобразовательная школа, инклюзивность, специальная школа, эрготерапевт, физиотерапевт, социальный работник, международный опыт

Ներառական դպրոցում

Ընտրության իրավունքի խախտո՞ւմ

«Ինչո՞ւ են ծնողին զրկում ընտրելու հնարավորությունից։ Ես ցավ կզգամ, որ հիմա ծնողները ստիպված երեխաներին տանելու են հանրակրթական դպրոցներ: Էդ թող ծնողը որոշե` կտանի,  թե կթողնի հատուկ դպրոց: Ես ինքս գտել եմ, որ հատուկ դպրոցն է ճիշտ իմ երեխայի համար», – ասում է Հայկանուշ Ազատյանը:

Հայկանուշի տղան՝ Էդգարը 

Նրա որդին այս տարի ավարտեց «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցը»: Բայց մինչ հատուկ դպրոց բերելը մայրը նրան ներառական դպրոցում կրթվելու հնարավորությունից չի զրկել: Մեկ տարվա փորձառությունից հետո ստիպված հրաժարվել է այդ մտքից․

«Հանրակրթական դպրոցի մեջ իրան ավելի թույլ, անօգնական կզգար: Եղել է ծաղրանք էրեխիս հանդեպ ու ոչ բարեհաճ վերաբերմունք նաև ուսուցիչներից: Ներառական դասարաններում չի կռնա ուսուցիչը իր ամբողջ ուշադրությունը կենտրոնանցնի մեկ աշակերտի վրա: Որպես ծնող ես կգիտակցեմ՝ 30 աշակերտը իմ երեխուս երեսից կտուժվի, ախր մտավոր տարբեր հնարավորություններ ունին, իրար չեն հասկնա ու հասկնալու էլ չէ:

Հանեցի դպրոցից, տարբեր անհատական դասընթացների տարա, բայց արդյունք չի եղել։ Էրեխեն էլ չէր սիրե էրթալ, բայց որպես ծնող կպարտադրեի, կտանեի: Իսկ հատուկ դպրոցում դարձանք մե ընտանիք, տղես ժամը 6-ից կզարթներ, որ օժանդակ դպրոց գնար»:

Հայկանուշը որդու հետ պարելիս

Փորձագետի կարծիք

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համոզված է, որ հապճեպ, առանց պատրաստվելու անցում է կատարվում համընդհանուր ներառման, սակայն հետդարձ չի տեսնում։ Կարծում է, որ առաջ եկած խնդիրների համար պետք է պարզապես լուծումներ գտնել.

«Աշխարհը խորհուրդ չի տալիս 100 տոկոսանոց ներառում, միշտ էլ պետք են մասնագիտացված դպրոցներ, որոնք զբաղվում են ծանր դեպքերով: Այն կազմակերպությունները, որոնք Հայաստանում զբաղվում են ներառական կրթությամբ, նույնիսկ դրանք իրար մեջ չեն ներառվում, լուրջ տարակարծություններ կան:

Թույլ օղակներից մեկը երեխաների կրթական կարիքների գնահատումն է: Եթե մենք գնահատում ենք, որ տվյալ երեխան չի կարող հանրակրթական դպրոցում սովորել, նույն այդ երեխայի շահերից ելնելով՝ չպետք է տանենք դպրոց: Բոլոր երեխաները պետք է գնան այնտեղ, որտեղ իրենց զարգացումն ապահովվում էեթե տնային ուսուցումն է լավ, ճիշտը դա է, եթե դպրոցում է իրեն լավ զգում, ուրեմն դպրոցն է ճիշտը, եթե հատուկ հաստատությունը՝ ճիշտն այդ տարբերակն է»:

Միջազգային փորձը

Ֆինլանդիայում ներառական կրթական համակարգի անցումը մեկնարկել է 1990-ականներին: Այդ ընթացքում երկրում գործող հատուկ հաստատությունների թիվը կտրուկ նվազել է: Սակայն դեռևս պահպանվում են 7 հատուկ դպրոցներ, որոնք նախատեսված են տեսողական կամ լսողական ծանր խնդիրներ ունեցող, նաև մտավոր առողջության հետ կապված ախտորոշումներով երեխաների համար:

Այս երկրում կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաները ներառվում են ընդհանուր դասարաններում՝ երկու ուսուցչով: Նման դասարաններում երեխաների թիվը չպետք է գերազանցի 25-ը: Կան նաև հատուկ դասարաններ, որտեղ սովորում են ավելի ծանր խնդիրներով երեխաները, որոնց հետ աշխատում են 2-3 հատուկ մանկավարժներ և հոգեբան: Նման դասարաններում երեխաների թիվը հասնում է 10-ի:

Յուրաքանչյուր երեխա ունի կրթական անհատական ծրագիր՝ իր կարիքներին և կարողությունների համապատասխան, որը վերանայվում է տարեկան առնվազն մեկ անգամ:

Անգլիայում հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարող են գնալ հանրակրթական դպրոցներ: Այն դեպքերում, երբ դպրոցը այս կամ այն պատճառով չի կարողանում բավարարել տվյալ երեխայի կրթական կարիքները, նա հնարավորություն ունի տեղափոխվելու հատուկ դպրոց, որտեղ աշխատում են նեղ մասնագիտացում ունեցող մանկավարժներ, իսկ միջավայրն առավել մատչելի է:

Ընդ որում, Անգլիայում հատուկ դպրոցների մեծ մասը գտնվում է հանրակրթական դպրոցների տարածքներում, ինչը հնարավորություն է տալիս  ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը:

Գերմանիայում ներառական կրթության սաղմերը ներդրվել են 1960-ականներին:

Այնուամենայնիվ այստեղ դեռևս գործում են հատուկ դպրոցներ կամ աջակցության կենտրոններ, որտեղ սովորում են լուրջ ֆիզիկական և մտավոր առողջության խնդիրներ ունեցող երեխաները: Նրանցից յուրաքանչյուրի համար կազմվում է աջակցության անհատական ծրագիր, տրամադրվում է հատուկ մասնագիտական աջակցություն:

Եվ ծնողներն իրավունք ունեն ընտրել դպրոցի այն տեսակը, որն իրենք են ճիշտ համարում երեխայի համար:

Ժամանակավոր լուծումներ

Որաշակի խնդիրների բախվելուց հետո Հայաստանում ներառմանը զուգահեռ հատուկ կարիքներ ունեցող երեխաների մի մասի համար կազմակերպվել է տնային ուսուցում: Մասնավորապես, Վանաձորի հատուկ դպրոցի վերակազմավորումից հետո 45 երեխաներից 15-ի համար: Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետի կարծիքով, տնային ուսուցումը դեմ է ներառականությանը, և ստեղծված իրավիճակում պարզապես միջանկյալ լուծում է տրվել:

«Համընդհանուր ներառական համակարգին անցնելուց հետո փոխվեց թե՛ ֆինանսավորման ձևը, թե՛ բնույթը: Ո՛չ տրանսպորտի, ո՛չ էլ սննդի գումար չտրամադրվեց: Ունեինք խոր աուտիզմով, ծանր խնդիրներ ունեցող երեխաներ, նրանք չկարողացան այլևս հաճախել դպրոց:

Չհաճախելը պայմանավորված է թե՛ փողոցների ու մայթերի վիճակի, թե՛ չհարմարեցված տրանսպորտի, թե՛ կենցաղային դժվարություններով: Բախվեցինք նոր խնդրի հետ՝ ստիպված տնային ուսուցում է կազմակերպվում», – բացատրում է պատճառները Վանաձորի թիվ 16 դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանը։

Նա հավելում է․ իրենք ևս շահագրգռված չեն, որ տնային ուսուցում կազմակերպվի, քանի որ մեկ երեխայի տնային ուսուցման կազմակերպման համար ծախսը նույնն է, ինչ 32 աշակերտ ունեցող դասարանի:

Ի դեպ, Վանաձորի հատուկ դպրոցի սաների մեծ մասը դարձել է Վանաձորի թիվ 16 դպրոցի աշակերտ: Թեթև ու միջին ծանրության խնդիրներ ունեցող երեխաները հաճույքով հաճախում են դպրոց, գտել են նոր ընկերներ, նրանց ծնողները ևս գոհ են։

Երևանում 12 հատուկ դպրոց կա, Շիրակի մարզում՝ 2, Արագածոտնում՝ 1: 

Երևանն, ըստ ժամանակացույցի, 2016թ. պետք է անցներ համընդհանուր ներառման, բայց 2019-ին է անցնում, քանի որ պարզվեց մայրաքաղաքի դպրոցները պատրաստ չեն այս փոփոխությանը։ Իսկ հիմա որոշվել է 12 հատուկ դպրոցներից 6-ը պահպանել։

Պատճառաբանվում է, որ ծանր հիվանդություններով երեխաներ կան, նաև մարզերից կարող են երեխաներ բերել երևանյան հատուկ դպրոցներ:

Պարտավորությունը կա, պայմաններ չկան 

«Իմ կարծիքով, շատ ծանր առողջական վիճակում գտնվող երեխաները պետք է մնան հատուկ դպրոցում, որովհետև փոքր քաղաքներում ու գյուղերում դպրոցները չունեն տարրական պայմաններ։

Մշտական ջրամատակարարում չկա, սանհանգույցները կարելի է տեսնել ու դատել, մենք կարող ենք գնալ համընդհանուր ներառման, թե ոչ», – ասում է հոգեբան Սոնա Ղռաթյանը։

Նա 5 տարի է՝ աշխատում է Արթիկի թիվ 2 դպրոցում: Ներառական կրթահամակարգով այս դպրոցում նա օգնում է հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Հայաստանի դպրոցներում և մանկապարտեզներում բացակայում են տարրական հիգիենայի պայմանները

Ստորագրելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿի կոնվենցիան, Հայաստանի կառավարությունը պարտավորվել է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես իրացնելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: 

Հենց այս կոնվենցիան է պարտավորեցնում անցնել համընդհանուր ներառման, որի ներդրման համար էլ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում $825,000 է հատկացրել Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը: 

Փաստարկներ համընդհանուր ներառության դեմ և դրանց պատասխանները

Վանաձորի թիվ 16 դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանն էլ է խնդիրներ մատնանշում.

«Օրենսդրական դաշտում կա բաց: Խորը ու ծանր խնդիրներ ունեցող երեխաները միշտ չէ, որ կարողանում են նստել դասաժամին։ Գնում են հոգեբանի մոտ, մանկավարժի, մի ժամ մնում, գնում են տուն: Նրանց հիվանդությունը թույլ չի տալիս երկար մնալ: Ու բախվում եմ մի խնդրի՝ երեխան ներկա չէ, բայց պետք է դնենք ներկա, որովհետև ուստարվա ընթացքում 120-200 ժամ բացակայության դեպքում վերաքննություն է հանձնում, 200 ժամ բացակայության դեպքում երեխան մնում է նույն դասարանում»:

Մինչդեռ, օրենսդրական դաշտում այս մասով ամեն ինչ հստակ է. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա ունի իր անհատական ուսուցման պլանը, որով պետք է առաջնորդվեն ուսուցիչներն ու դպրոցները:

Ավելին, մտավոր առողջության խնդիր ունեցող երեխաները, ըստ գործող կարգի, ազատվում են գիտելիքի ստուգումներից 4-րդ դասարանում և ավարտական քննություններից: Իսկ եթե բացթողումները հարգելի են եղել, ապա երեխան ընդամենը լրացնում է բաց թողնված դասաժամերը:

Վանաձորի դպրոցի տնօրենը ֆինանսական խնդիր էլ ա բարձրացնում։ Նախորդ տարիներին hանրակրթական դպրոցը, որը ներառական կրթություն էր կազմակերպում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար տարեկան մինչև 500.000 դրամ գումար էր ստանում։ Դա մոտ 5 անգամ ավելի էր, քան առողջ աշակերտների համար նախատեսաված գումարը՝ տարեկան մոտ 110.000 դրամ: Իսկ այսօր, համընդհանուր ներառման անցնելուց հետո, կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դպրոցը ստանում է առավելագույնը 180.000 դրամ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը բացատրում է․ ֆինանսավորման փոփոխությունը պայմանավորված է հաշվարկի նոր սկզբունքով. յուրաքանչյուր երեխայի համար դպրոցը ստանում է այնքան գումար, որքան հարկավոր է տվյալ երեխային, այսինքն ֆինանսավորումն իրականացվում է երեխայի անհատական կարիքի վրա հիմնվելով:

Համընդհանուր ներառականության անցման ընթացքում հատուկ դպրոցները Հայաստանում վերածվում են մանկավարժական և հոգեբանական աջակցության կենտրոնների: Դրա աշխատակից նեղ մասնագետներն, ըստ կազմված գրաֆիկի, գնում են դպրոց և դասերի ավարտից հետո օգնում կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Կառավարության որոշման համաձայն՝ նրանք կարող են իրենց աջակցությունը ցույցաբերել միայն դասապրոցեսի ավարտից հետո:

Հատուկ դպրոցները փակվում են

Իսկ դպրոցների ուսուցիչները բացատրում են, որ դասերի ավարտից հետո երեխաները ֆիզիկապես հոգնում են և դժվարանում հավելյալ ժամեր մնալ, պարապել հոգեբանի, լոգոպեդի հետ։

«Երեխան պետք է մասնակցի դասերին, սակայն ոչ ոք չի ասել, թե երեխային 4 ժամ պետք է գամես աթոռի վրա: Անհատական ուսուցման պլան պետք է կազմել ու այդպես աշխատել դպրոցում, ինչից հետո տարածքային կենտրոններից եկած մասնագետները կսկսեն իրենց աշխատանքը», – մտահոգությանն արձագանքում  է հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:

Սակայն նա հաշվի չի առնում, որ կան երեխաներ, որոնց ընդհանրապես բարդ է տեղաշարժվել։ Եվ նույնիսկ առողջ աշակերտներն են հոգնում 6 ժամ դասերին մասնակցելուց հետո և դժվարանում հավելյալ ժամեր դպրոցում գտնվել։

Մանկավարժական հոգեբանական կենտրոնների մասնագետները ևս հավաստում են, որ թեթև ու միջին խնդիրներ ունեցող երեխաների ներառումը ստացվում է՝ հաջողված դեպքերը շատ են։ Առաջընթացը քիչ նշմարելի է աշակերտի մոտ բազմակի խնդիրների առկայության դեպքում:

Իսկ հանրակրթական դպրոցների բոլոր մանկավարժներին օգնության կարգով մասնագիտական աջակցություն է առաջարկվում։

«2019 թ. «Յունիսեֆ»-ի հետ միասին մշակել ենք շարունակական ծրագիր՝ ըստ որի բոլոր առարկայական ուսուցիչները պետք է վերապատրաստվեն ներառական կրթության մասով՝ ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքով, մասնավորապես՝ աջակցություն են ստանալու մենթորների կողմից: Նպատակ ունենք ոլորտի վերաբերյալ բոլոր կարծրատիպերը կոտրել», – ասում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

Հաշվի առնելով համընդհանուր ներառության համակարգի ներդրման բոլոր խնդիրները, Լուսինե Առաքելյանն այնուամենայնիվ կարծում՝ պետության պարտավորությունը յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումն է և դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը.

«Երեխաները կրթություն պետք է ստանան դպրոցում և ոչ թե փակ հաստատություններում՝ սա է մեր մեկ միասնական սկզբունքը, և մենք հավատում ենք այդ գաղափարին. հետքայլ չի արվելու: Ունենք միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ միասնական որոշումներ ենք կայացնում: Մեր բոլոր գործընթացների առանցքում կանգնած է երեխան իր կրթության իրավունքով»:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ լրագրող Անահիտ Հարությունյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հանրային լրագրության ակումբի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿի տեսակետները:

Կարդալ ավելին JAMnews-ում