Հաղորդավար Սահակաշվիլին

«Ես ձեզ ցույց կտամ այնպիսի Ուկրաինա, ինչպիսին դուք չեք տեսնի որևէ այլ հեռուստաալիքով», - հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին, որը քաղաքական թոք-շոու կվարի ուկրաինական հեռուստաալիքներից մեկում: Առաջին հաղորդումն արդեն տեսագրվել է

Հեռուստաալիքը, որը շուտով կներկայացնի Սահակաշվիլիի հաղորդումը, կոչվում է ZIK:

Նոր թոք-շոուն կոչվում է «Ուրիշ երկիր», որի ընթացքում սուր հարցեր կառաջադրի և տարբեր խնդիրներին կանդրադառնա Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սահակաշվիլին:

Առաջին հաղորդումը արդեն տեսագրվել է: Այս մասին Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Առաջին ծրագիրը ZIK հեռուստաալիքով շատ սուր է ստացվել: Յուրաքանչյուր շաբաթ ես ձեզ ցույց կտամ Ուկրաինան այնպիսին, ինչպիսին դուք չեք տեսնի որևէ այլ հեռուստաալիքով», – գրել է նա:

Սահակաշվիլին իր էջում տեղադրել է նաև հաղորդման տեսագրման ընթացքը պատկերող լուսանկարներ, որոնցից մեկում նա կանգնած է շան բնի կողքը:

Այս ձևավորումը պատահական չէ և կապված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վերջին հայտարարություններից մեկի հետ. նա նշել էր, որ այն ընթացքում, երբ իշխանությունը փորձում է բարեփոխումներ իրականացնել, նրա մրցակիցները զբաղված են երկրում իրավիճակի ապակայունացմամբ, քանի որ ուրիշ ոչինչ չեն կարողանում անել և «իրենց կյանքի ընթացքում անգամ մի շան բուն չեն սարքել»:

Արդեն հայտնի է, որ քաղաքական թոք-շոուն եթեր կհեռարձակվի շաբաթը մեկ անգամ: Բացի քաղաքական գործիչների և փորձագետների մասնակցությամբ տաղավարի ձևաչափը, հաղորդումը կներկայացնի միացումներ մարզերից, որոնց ընթացքում շարքային քաղաքացիները հնարավորություն կունենան խոսելու իրենց հուզող հրատապ հարցերի մասին:

«Սա Միխայիլ Սահակաշվիլիի միակ հնարավորությունն է Ուկրաինայի տեղեկատվական տարածքում շփոթություն առաջացնելու համար: Նա կաշխատի էլ ավելի ազդել Պորոշենկոյի նյարդերի վրա, կստիպի նրան նոր սխալներ անել. չէ որ միայն Սահակաշվիլիի անվան հիշատակումից Պորոշենկոն ցնցումների մեջ է ընկնում», – գրում են սոցիալական ցանցերի ուկրաինացի օգտատերերը:

Ինչու՞ հենց ZIKը

ZIK-ը՝ «Արեւմտյան տեղեկատվական կորպորացիան», պատկանում է լվովյան գործարար, «Կարպատներ» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Պյոտր Դիմանսկիին:

Հեռուստաալիքը հայտնի է իր քննադատական վերաբերմունքով Լվովի քաղաքապետ, «Ինքնօգնություն» կուսակցության առաջնորդ Անդրեյ Սադովիի հանդեպ: 2015 թվականի ընտրություններից առաջ Սադովին անգամ պատրաստվում էր դատական հայց ներկայացնել հեռուստաալիքի դեմ «իր դեմ հորինված պարսավագրի համար»:

ZIK հեռուստաընկերությունը, որը հիմնադրվել է 2010 թվականին, չի պատկանում ազգային հեռարձակողների թվին, թեպետ 150 մալուխային հեռուստատեսության օպերատորների շնորհիվ ծածկում է Ուկրաինայի ողջ տարածքը: Հեռուստաընկերության հիմնական ուղվածությունը հետաքննական լրագրությունն է: ZIK-ի դեմքերից մեկն է վրացական ծագում ունեցող ուկրաինացի լրագրող Դավիթ Կիպիանին:

ZIK-ն ընդգրկված չէ ամենահանրաճանաչ ուկրաինական հեռուստաալիքների տասնյակում. այն Ուկրաինայի սակավաթիվ հեռուստաալիքներից է, որ չի վերահսկվում նախագահ Պորոշենկոյի  և իր համակիրների կողմից:

Ենթադրաբար, այս հանգամանքով է պայմանավորված Սահակաշվիլիի ընտրությունը, քանի որ հանրահայտ ազգային ալիքները Պորոշենկոյի լիարժեք վերահսկողության տակ են և արգելափակված են ընդդիմադիր Սաակաշվիլիի համար: Խորհրդարանական ընտրությունների շեմին մեդիատարածքի վերահսկողություն էլ ավելի է խստանում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբեր ամսին Սաակաշվիլին, թողնելով մարզպետի պաշտոնը, հիմնեց «Նոր ուժերի շարժում» քաղաքական կուսակցությունը: Կուսակցության անդամ է նաև մեկ այլ վրացական քաղաքական գործիչ, Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիթ Սակվարելիձեն: Սաակաշվիլիի գլխավորած քաղաքական շարժման հիմնական խնդիրն Ուկրաինայի խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումն է:

Սաակաշվիլիի վարկանիշը

Եթե Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններն անցկացվեին 2016 թվականի դեկտեմբերի սկզբին, Սաակաշվիլիի կուսակցությանը չէր հաջողվի հաղթահարել նվազագույն 5-տոկոսանոց շեմը, և մենք չէինք կարողանա տեսնել այս քաղաքական ուժը Գերագույն ռադայում: Ըստ Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի ուսումնասիրության՝ այն ժամանակ այս կուսակցության վարկանիշը կազմում էր ընդամենը 4.1 տոկոս:

Անցյալ տարվա վերջին Օլգա Կուչերիվայի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություն» հիմնադրամը ուսումնասիրություն էր իրականացրել տարվա քաղաքական գործչին բացահայտելու համար: Այս ցանկում Միխայիլ Սահակաշվիլին վեցերորդ տեղում էր՝ 4,5% ցուցանիշով: Ավելի բարձր էին նախագահ Պյոտր Պորոշենկոյի (9.5%), վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի (8%), ընդդիմադիր քաղաքական գործիչներ Նադեժդա Սավչենկոյի (7%), «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոյի (6%) և «Հայրենիք» («Батькивщина») կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի (5%) վարկանիշները:

Ուկրաինացի փորձագետները, սակայն, ենթադրում են, որ Սահակաշվիլիի վարկանիշը այս ուսումնասիրության անցկացումից հետո կարող էր զգալի աճել:

Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունները սպասվում են 2018 թվականին: Սահակաշվիլիի նոր կուսակցությունը պատրաստվում է համալրել Գերագույն Ռադայի կազմը: Մասնակցել նախագահական ընտրություններին Սաակաշվիլին չի կարողանա, քանի որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ ընտրություններին մասնակցելու համար թեկնածուն պետք է ապրի Ուկրաինայում առնվազն 10 տարի, իսկ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել 2015 թվականի մայիսին, երբ համաձայնել է ստանձնել Օդեսայի մարզպետի պաշտոնը:


Կարդալ ավելին JAMnews-ում