Ինչպե՞ս են նշում մայիսի 9-ը, ինչպե՞ս են ապրում վետերաններն ու ի՞նչ են մտածում այդ օրվա և այն ժամանակների մասին Կովկասի հասարակություններում" />

Հաղթանակի օրը երկրորդ աշխարհամարտում. ինչպես են այն հիշում և նշում Կովկասում

Ինչպե՞ս են նշում մայիսի 9-ը, ինչպե՞ս են ապրում վետերաններն ու ի՞նչ են մտածում այդ օրվա և այն ժամանակների մասին Կովկասի հասարակություններում

Լուսանկարի հեղինակ՝ Ed Westcott. ԱՄՆ Թենեսի նահանգի Oak Ridge-ի բնակիչները նշում են Երկրորդ աշխարհամարտի ավարտը: Լուսանկարը վերցված է WikiCommons բաց արխիվից

Ֆաշիստական Գերմանիայի հանդեպ Երկրորդ աշխարհամարտին տարած հաղթանակի օրն ամբողջ աշխարհում նշվում է մայիսի 8-ին և 9-ին:

Փաստաթուղթն այն մասին, որ Գերմանիան զենքը վայր է դրել և հանձնվել դաշնակիցներին (The German Instrument of Surrender) պաշտոնապես ստորագրվել է 1945թ-ի մայիսի 8-ին՝ գրեթե կեսգիշերին: Ժամային գոտիներում առկա տարբերության պատճառով այն ժամանակվա Խորհրդային Միության տարածքում արդեն մայիսի 9-ն էր, և ժողովրդին պաշտոնական հայտարարությունն արվել էր արդեն մայիսի 9-ի վաղ առավոտյան:

Դա է պատճառը, որ  եվրոպական երկրներում ֆաշիստական Գերմանիայի հանդեպ Երկրորդ աշխարհամարտում տարած  Հաղթանակի օրը մայիսի 8-ն է,  իսկ հետխորհրդային տարածքում՝ մայիսի 9-ը: Գերմանիայում մայիսի 8-ը նշվում է որպես Նացիոնալ-սոցիալիզմից ազատագրվելու օր:

Կովկասի տարածաշրջանի բոլոր հատվածներում մայիսի 9-ը տոն է և ոչ աշխատանքային օր: Շատ քաղաքներում և գյուղերում դեռ կենդանի են Երկրորդ աշխարհամարտի վետերանները: JAMnews-ը մի քանի առանցքային դետալներ է ներկայացնում տարածաշրջանից, վայրերն, ինչպես միշտ, այբբենական կարգով են ներկայացված:

Ինչպես է նշվում մայիսի 9-ը

Աբխազիայում մայիսի 9-ը միշտ մասշտաբային տոնախմբություններով է նշվում: Այս տարի նույնպես․ առավոտյան պաշտոնապես ծաղիկներ են դրվել Անհայտ զինվորի հուշարձանին, այնտեղ էլ հանրահավաք է տեղի ունեցել: Այնուհետև կայացել է Աբխազիայի և Ռուսաստանի զինված ուժերի հանդիսավոր շքերթը: Նախագահ Ռաուլ Հաջիմբան հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին [այստեղ Երկրորդ աշխարհամարտը հենց այդպես է անվանվում, օգտագործվում է Խորհրդային Միությունում ընդունված անվանումը – JAMnews]:

Բազմաթիվ մարդիկ էին հավաքվել Սուխումի գլխավոր առափնյա հատվածում, այստեղ բեմեր են տեղադրվել, դրոշաձողերում գեորգիևյան խորհրդանիշներ են: Աբխազիայի յուրաքանչյուր քաղաքում անցկացվել է «Անմահ գունդ» ակցիան, դրա մասնակիցները քաղաքով քայլել են Երկրորդ աշխարհամարտում զոհված իրենց հարազատների դիմանկարներով: Գուդաութիի Դուրիպշ գյուղում էլ մայիսի 8-9-ին ավանդական ձիարշավ անցկացվեց:

Բաքվում մայիսի 9-ն ընդհանուր առմամբ զուսպ են նշում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկինը հանդիպել են վետերաններին և շնորհավորել նրանց: Առավոտյան նաև քայլերթ է անցկացվել, որը կազմակերպվել էր ռուսական «Անմահ գունդ» շարժումը: Շատերն այդ օրը գերեզմանոց են գնում: Երեկոյան Բաքվում ռազմական նվագախմբեր են ելույթ ունենում:

Երևանում մայիսի 9-ը եռատոն է համարվում: Նախևառաջ դա Հաղթանակի և խաղաղության օրն է: Նշվում է նաև 1992թ-ին հայկական զինվորական ուժերի կողմից Շուշի քաղաքի գրավումը (ղարաբաղյան հակամարտության ժամանակ): Բացի այդ, Հայաստանում այս օրը մեծապես նշվում է որպես Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կազմավորման օր:

Մայիսի 9-ը Հայաստանում հուզական է նշվում, սակայն այս տարի ռազմական շքերթ չի անցկացվել: Բազմամարդ է Հաղթանակի զբոսայգին, մարդիկ ծաղիկներ են տանում դեպի «հավերժական կրակը»: Այստեղ, ինչպես միշտ, Հաղթանակի օրը վետերաններ են հավաքվում:

Երևան, 2018թ-ի մայիսի 9-ը: Լուսանկարը՝ JAMnews

Թբիլիսիում Անհայտ զինվորի հուշարձանի մոտ, ինչպես միշտ մայիսի 9-ին, կրակ են վառել: Առավոտից Վակեի այգում հավաքվել էին երկրորդ աշխարհամարտի վետերանները: Նրանց շնորհավորելու էին եկել վարչապետը, նախագահը, Թբիլիսիի քաղաքապետն ու այլ քաղաքական գործիչներ: Պաշտոնական տոնակատարություններից զատ այս տարի Վրաստանում առաջին անգամ Թբիլիսիում, Բաթումիում և Գորիում անցկացվեց «Անմահ գունդ» շքերթը, որի հանդեպ Վրաստանում վերաբերմունքը միանշանակ չէ:

«Անմահ գունդ» քայլերթի մասնակիցները Թբիլիսիի Վակե այգում: Լուսանկարը՝ Գվանցա Նեմսաձեի/on.ge

«Անմահ գունդ» շքերթը կազմակերպել էին վրացական ռուսամետ կազմակերպությունները՝ սոցիալիստները, կոմունիստներն ու «Ստալինականներ» հասարակական կազմակերպությունը: Այդ շքերթի առաջնորդ Վալերի Կվարացխելիան հայտնի է իր բացահայտ ռուսամետ և հակաեվրոպական արտահայտություներով և հանրային կերպով Ստալինի հանդեպ սեր է կոչ անում:

Մայիսի 9-ից մի քանի օր առաջ վրացի սոցիալիստները պաշտոնական նամակ էին ստացել Վրաստանի անվտանգության պետական ծառայությունից, որում նրանց զգուշացնում էին օրենք չխախտել և կոմունիստական խորհրդանիշներ չօգտագործել քայլերթի ժամանակ: Ազատության խարտիայի մասին օրենքի համաձայն՝ Վրաստանում խորհրդային խորհրդանիշները պաշտոնապես արգելված են:

Սակայն քայլերթի ժամանակ խորհրդանիշներ այնուամենայնիվ օգտագործվել են: Քայլերթի մասնակիցները շատ չէին՝ մի քանի տասնյակ մարդ, հիմնականում վրացի սոցիալիստներ և կոմունիստներ: Նրանք փողոց էին դուրս եկել խորհրդային դրոշներով և Ստալինի դիմանկարներով: Մասնակցում էին նաև երեխաներ՝ պիոներական վզկապներով, որոնք «Ստալի՜ն: Հաղթանա՜կ: Սոցիալի՜զմ» պաստառներ էին տանում:

Հարավային Օսիայում շքերթ էր կազմակերպվել ռուսական զինվորական բազայի նվագախմբի ուղեկցությամբ: Անցկացվեց նաև «Անմահ գունդ» ակցիան: Բոլոր եկեղեցիներում զոհված զինվորների հիշատակին սգո պատարագ մատուցվեց: Երեկոյան 7-ին «լռության րոպե» է: Օրը կավարտվի «Փթթուն մայիսը հաղթնակ է երգում» անվամբ համերգով և հրավառությամբ:

Երկրորդ աշխարհամարտի վետերանները և ինչպես են նրանք ապրում

Աբխազիայում Երկրորդ աշխարհամարտի մոտ 60 վետերան կա: Նրանք բոլորը ռուսական կենսաթոշակ են ստանում, միջինում՝ մոտ 200 դոլար: Նրանք նույնպիսի արտոնություններ ունեն, ինչ Ռուսաստանի վետերաններն՝ անվճար բուժում, դեղորայք, հանգիստ հանգստյան տներում, տրանպորտից անվճար օգտվելու իրավունք:

Հայաստանում Երկրորդ աշխարհամարտի մոտ 400 վետերան կա: 1999թ-ից գործում է «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքն, ըստ որի՝ նրանք անվճար բուժօգնության, քաղաքային և միջքաղաքային տրանսպորտով անվճար երթևեկելու իրավունք ունեն, կարող են օգտվել հանգստավայրերի անվճար ուղեգրերից: Այդ նույն օրենքով էլ նրանք կոմունալ ծառայությունների կեսն են վճարում: Քանի որ ընդհանուր առմամբ երկրում կենսաթոշակները բարձր չեն, ապա պատերազմի վետերանների սոցիալական դրությունը մեծապես կախված է նրանից, թե արադյոք նրանք ունեն ընտանիք, և արդյոք այն ապահովված է:

Ադրբեջանում Երկրորդ աշխարհամարտի մոտ 400 վետերան է ապրում: Նրանցից յուրաքանչյուրի կենսաթոշակը կախված է նրանից, թե որտեղ է վետերանը ծառայել . օրինակ, օդաչուն ստանում է 600 դոլարին համարժեք գումար, շարքայինը՝ մոտ 100 դոլար: Յուրաքանչյուր տարի՝ մայիսի 9-ին, նրանց նաև միանվագ նպաստ են տալիս: Այս տարի մարտերի մասնակիցները ստացել են 600$-ին համարժեք գումար, այրիներն ու թիկունքի աշխատակիցները՝ 300$: Նրանք ոչ մի ուրիշ արտոնություններ չունեն: Երբեմն կառավարությունը վետերաններին նվերներ է անում բնակարաններ, մեքենաներ: Օրինակ, 2012թ-ին Երկրորդ աշխարհամարտի 695 մասնակից ադրբեջանական արտադրության մեքենաներ նվեր ստացավ: Սակայն, ընդհանուր առմամբ, վետերանների կյանքը մեծապես կախված է նրանից, թե արդյոք նրանք ունեն ընտաիք, և ինչ եկամուտ ունի այդ ընտանիքը:

Վրաստանում Երկրորդ աշխարհամարտի մոտ 680 վետերան է ապրում: Նրանց կենսաթոշակը նույնպես կախված է նրանից, թե որտեղ է մարդը ծառայել պատերազմի տարիներին, կենսաթոշակը մոտ 80-250 դոլարին համարժեք գումար է: Նրանք օգնություն են ստանում կոմունալ ծառայությունների վճարման համար մոտ 20 դոլարին համարժեք գումար: Նրանցից ոմանք, ովքեր Թբիլիսիում են ապրում, անվճար երթևեկում են հանրային տրանսպորտով: Մայիսի 9-ին Երկրորդ աշխարհամարտի վետերաններն ավանդաբար միանվագ նպաստ են ստանում: Այս տարի, ինչպես և 2017թ-ին, այն կազմել է մոտ 240 դոլարին համարժեք գումար: Նախագահի հրահանգով այս տարի Երկրորդ աշխարհամարտի վետերանները դեղորայք գնելու համար 55 դոլարին համարժեք վաուչերներ են ստացել:

Հարավային Օսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի 24 վետերան կա: Նրանք օգտվում են նույն արտոնություններից, ինչ Ռուսաստանի վետերաններն՝ անվճար բուժում, դեղորայք, ուղեգիր հանգստայն տներ, տրանսպորտով անվճար երթևեկություն:

Ինչպես են հասարակությունները վերաբերվում այս տոնին

Աբխազիայում մայիսի 9-ը տոնվում է մասշտաբային կերպով, այն սիրված օր է, և հազարավոր մարդիկ հաճույքով մասնակցում են բոլոր միջոցառումներին: Դպրոցներում բեմադրություններ են պատրաստում, բանաստեղծություններ սովորում: Լրատվամիջոցներն ու հասարակությունը հիշում են, որ Աբխազիան հպարտանալու շատ բան ունի՝ Աբխազիան Խորհրդային Միությանը 25 հերոս է տվել:

Հայաստանում այս տոնին դրական են վերաբերվում: Եվ այս օրն այստեղ հպարտության առիթ միշտ կա. հիշում են, որ խորհրդային բանակում Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծագումով հայերը 64 գեներալ էր ծառայում, 4 մարշալ և մեկ ծովակալ:

Ադրբեջանում մայիսի 9-ը հանգիստ է նշվում: Լրատվամիջոցներն ու հասարակությունը քննարկում են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում Ադրբեջանի ավանդը: Այս օրերին քննարկումների զգալի մասը կազմում է վրդովմունքն այն առիթով, որ մայիսի 9-ը Հայաստանում տոն է ի նշան ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շուշի քաղաքի գրավման: Ադրբեջանի համար մայիսի 9-ը Շուշի քաղաքի անկման օրն է:

Վրաստանում մայիսի 9-ը մասշտաբային չի նշվում: Այդ օրը շատերն են ջերմ խոսում վետերանների մասին, լրատվամիջոցները գրում են Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի գործում Վրաստանի ունեցած մեծ ավանդի և այն մասին, որ Վրաստանը շատերին է կորցրել այդ պատերազմում: Սակայն հասարակությունում ակտիվորեն խոսում են այն մասին, որ Խորհրդային Միությունը պակաս չարիք չէր, քան Երկրորդ աշխարհամարտը, և Հաղթանակի օրը ռոմանտիզացնել չարժե: Առանձնապես վատ են հասարակությունում ընդհանուր առմամբ վերաբերվում այսպես կոչված «ռուսական նախագծերին»՝ գեորգիևյան ժապավեններին և «Անմահ գունդ» ակցիային:

Հարավային Օսիայում մայիսի 9-ը գլխավոր տոներից մեկն է. ամբողջ հասարակությունը շատ ակտիվորեն մասնակցում է: Շատ ընտանիքներ այդ օրը տանը տոնական սեղան են գցում:

Եվ հակիրճ՝ Ռուսաստանի մասին

Երկրորդ աշխարհամարտի 107 հազար վետերան է մնացել Ռուսաստանում: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի վետերաններն աղքատ են ապրում, միջին կենսաթոշակով և ամբողջությամբ կախված են հարազատներից, եթե կան: Այս տարի Հաղթանակի օրվա կապակցությամբ պետությունը նրանց միանվագ նպաստ է նշանակել՝ մոտ 120 եվրոյին համարժեք գումար:

Ռուսական հասարակությունը պառակտված է Երկրորդ աշխարհամարտի հանդեպ վերաբերմունքի առումով: Ոմանք կարծում են, որ մայիսի 9-ը պետք է որպես հաղթանակի տոն նշել, մյուսներն այդ օրը բազմամիլիոնանոց զոհերի սգո օր են համարում:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում