Ի՞նչ նոր բան են առաջարկել Վրաստանի իշխանություններն Աբխազիային և Հարավային Օսիային վերջին վեց տարիներին" />

Թբիլիսիի կատարած 7 քայլը հակամարտության շրջանների հանդեպ

Ի՞նչ նոր բան են առաջարկել Վրաստանի իշխանություններն Աբխազիային և Հարավային Օսիային վերջին վեց տարիներին

Վրացական երազանք կոալիցիայի իշխանության գալուց անեցել է վեց տարի: Ղեկավարման առաջին իսկ օրերից նոր կառավարությունը տարածքային հակամարտությունները ճանաչել է որպես Վրաստանի գերակա խնդիրներից մեկը:

JAMnews-ին տված հարցազրույցում հաշտեցման հարցերով պետ​-նախարար Քեթևան Ցիխելաշվիլին ասաց, որ այս ընթացքում կառավարության հիմնական ձեռքբերումը այն է, որ «բազմաթիվ սադրանքների ֆոնին, բարդ իրավիճակներում, մենք պահպանել ենք մեր խաղաղությունը»:

JAMnews- ը ամփոփում է «Վրացական երազանք»-ի կողմից հակամարտության շրջանների ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

 Հաշտեցում՝ վերաինտեգրացիայի փոխարեն

2014թ. հունվարի մեկից «վերաինտեգրացիայի հարցերով պետական նախարար» պաշտոնը վերանվանվեց «հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար»: Պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլիի խոսքերով՝ Հարավային Օսիան և Աբխազիան այդ գերատեսչության հետ չէին ցանկանում առընչվել, որովհետև նրանց նյարդայնացնում էր «վերաինտեգրացիա» բառը:

Հռետորաբանությունը մեղմացել է

Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերաբերյալ իշխանությունների հռետորաբանությունը մեղմացավ: Ի տարբերություն նախորդ կառավարության, որը խոստանում էր Վրաստանի կազմ վերադարձնել Աբխազիան ու Հարավային Օսիան կոնկրետ նախանշված կարճ ժամկետում՝ ներկա կառավարության ներկայացուցիչները բացեիբաց հայտարարում են, որ դա մոտ ապագայում տեղի չի ունենա:

Սահակաշվիլիի կառավարությունը աբխազական ու հարավօսական առաջնորդների հանդեպ ավելի ռադիկալ էր տրամադրված: Որպես օրինակ կարող է ծառայել «Կոկոյտի ֆանդարաստ» արշավը, որը մեկնարկեց 2007թ. կառավարության աջակցությամբ:

 Լայն ինքնավարություն

2014 թ. հոկտեմբերի 27-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես եկավ Աբխազիային ու Հարավային Օսիային ինքնավարություն տրամադրելու մասին նախաձեռնությամբ: Նրա խոսքով՝ «օտար երկրի տարածքում այսպես կոչված անկախ պետության ստեղծումը «ուտոպիա» է, և դա երբեք չի կարող տեղի ունենալ»:

Այս հայտարարությունը Հարավային Օսիայի և Աբխազիայի զայրույթն առաջացրեց: Նրանք խորհուրդ տվեցին վրացական կառավարությանը «համակերպվել իրողության հետ»:

Փոփոխություն օրենքում

2013թ. Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Այդ փոփոխության համաձայն՝ բռնազավթված տարածքներից Վրաստանի տարածք մուտ գործած անձը կենթարկվի վարչական տուգանքի՝ նախկինում կիրառվող քրեական պատասխանատվության փոխարեն: 

Քայլ դեպի ավելի լավ ապագա

Վերջին տարիներին Վրաստանի ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները ձևավորել են  հակամարտությունների կարգավորման բազմատեսակ ռազմավարություններ ու հայեցակարգեր: 2010-ին ընդունվեց «Ներգրավվածություն գործընկերության միջոցով» ռազմավարությունը:

Անցյալ տարի  հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետ-նախարար Քեթևան Թիհելաշվիլին հրապարակեց «Նախարարի տեսլականը» փաստաթուղթը, որտեղ ձևակերպված է ութ խնդիր խաղաղության քաղաքականության համար:

Այս առումով վերջին նորարարությունը եղել է 2018-ի ապրիլին կառավարությանը ներկայացված «Քայլ դեպի ավելի լավ ապագա» փաստաթուղթը, որը նոր առաջարկներ է ներկայացնում Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների համար: Այժմ օրենսդրական փոփոխությունների համապատասխան նախագիծը քննարկվում է խորհրդարանում: «Քայլ դեպի ավելի լավ ապագա» ծրագիրը կենտրոնանում է տնտեսական նախագծերի (Աբխազական արտադրանքի խթանումը վրացական և եվրոպական շուկաներում) և կրթական, հումանիտար ծրագրերի վրա:

Միասին՝ դեպի Եվրոպա

2017-ի մարտից Վրաստանի և Եվրամիության միջև սկսեց գործել առանց վիզայի ռեժիմը։ Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի ճամփորդում են Շենգենյան գոտի։ Վրաստանն առաջարկում է հակամարտության գոտիների բնակիչներին նույնպես օգտվել վիզաների ազատականացման ընձեռած արտոնություններից: Հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել էր, որ «վիզաների ազատականացումը մեզ անհրաժեշտ է ավելի շատ Աբխազիայի ու Հարավային Օսիայի առումով, քանի որ դա նրանց մոտ մեծ հետաքրքրություն կառաջացնի»:

Սակայն հակամարտության տարածքների բնակիչների կողմից դեռ ակտիվ հետաքրքրություն չի նկատվել։

Անվճար բուժօգնություն

Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները ավելի հաճախ օգտվում են վրացի բժիշկների ծառայություններից։

Վրաստանի կառավարության որոշման համաձայն  երկրի հիվանդանոցները անվճար սպասարկում են Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակչությանը։ Նրանց համար վճարվում է պետական բյուջեից։

Վրաստանի իշխանությունները Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակչությանը կոչ են անում նաև միանալ հեպատիտ C-ի դեմ պայքարի ծրագրին:

Չկան ճշտգրիտ տվյալներ, սակայն, ըստ տարբեր գնահատականների, այդ ծառայություններից օգտվում են երկու շրջանների հարյուրավոր բնակիչներ:


Կարդալ ավելին JAMnews-ում