Նախկին կառավարությունը հորդորում էր նրանց այլ մեթոդներ կիրառել՝ թանկ և ոչ բոլոր դեպքերում արդյունավետ: Գյուղացիների հույսը նոր կառավարությունն է " />

Հակակարկտային կայանները Հայաստանում չեն փրկում գյուղացիների բերքը

Նախկին կառավարությունը հորդորում էր նրանց այլ մեթոդներ կիրառել՝ թանկ և ոչ բոլոր դեպքերում արդյունավետ: Գյուղացիների հույսը նոր կառավարությունն է

Հայստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջին նիստին, որն ինքն էր վարում՝ մայիսի 11-ին, հենց առաջին հարցով անդրադարձավ Արմավիրի մարզի Դողս, Ապագա համայնքների կարկտահարության վնասների փոխհատուցման անհրաժեշտությանը:

Երկու գյուղերում կարկուտը տեղացել էր մայիսի 10-ին: Վարչապետին զեկուցեցին,  որ կազմվել է համապատասխան հանձնաժողով կարկուտի հասցրած վնասի չափերը ճշտելու համար:

Մինչ հանձնաժողովը կպարզեր արդեն տուժած համայնքների վնասի չափերը,  մայիսի 13 -ին ուժեղ կարկուտ տեղաց Արտամետ, իսկ 15-ին Ջանֆիդա համայնքում: Գյուղացիներն ասում, են  նախնական հաշվարկներով մոտ 50 տոկոսով վնասվել է հասունացած կեռասը և խաղողի ողկույզները: Նրանց խոսքով, վնասի չափն ավելի նկատելի կլինի 3-4 օրից. երբ արևային եղանակ լինի, վնասված պտուղը կթառամի, ծառից կթափվի, այդ ժամանակ վնասի չափերը հաշվելն ավելի իրատեսական  կլինի:

Մարդիկ ասում են, որ լսել են հակակարկտային կայանների գործարկման ձայնը: Միևնույն ժամանակ վստահեցնում  են, որ այդ կայաններն արդեն տասը տարի չեն փրկում գյուղացու բերքը աղետից:

Դեռ մեկ ամիս առաջ Հռիփսիմե Ավետիսյանն առավոտյան, երբ դաշտ գնաց, չէր կարող պատկերացնել, որ մեկ ժամ անց կարկուտը կփակեր տունդարձի ճանապարհը:

«Ուզում էինք տուն գալ, չէինք կարողանում ճանապարհը գտնել, սելաֆի նման փակել էր: Երեխեքը զանգեցին ասեցին տանիքից ամբողջ ջուրը լցվում է տուն: Կարկուտը նստել էր, ոնց որ ձյան շերտ լիներ», – պատմում է Հռիփսիմեն:

Արմավիրի մարզում կարկուտը հատուկ է ապրիլի վերջին, մայիսին: Բայց այս տարի կարկուտի սեզոնը մեկնարկեց մարտի վերջին մարզի Արգինա գյուղում: 25 րոպե տեղացած կարկուտը մեծ վնասներ հասցրեց գյուղացիներին: Կարկուտից առավել տուժեցին ծիրանի այգիները: Գյուղացիների վկայությամբ, կարկուտը գետնին էր նստել մոտ 10 սմ հաստությամբ:  

Արմավիրի մարզի բոլոր 156 հակակարկտային կայանները սպասարկվում են  Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից և կառավարվում մեկ կենտրոնից:

Արգինայի գյուղացիները համարում են, որ հակակարկտային կայանների աշխատանքը անարդյունավետ է: Նախորդ 4 տարիներին իրենց պտղատու այգիները 70-100 տոկոսով տուժել են կարկուտից:

«Զենիթ» հակակարկտային կայանները արտադրվում են Արագածոտնի մարզի Թալին քաղաքում: Աշխատանքի սկզբունքը շատ հասարակ է. գլանաձև խողովակ է մղվում պրոպան-բութան խառնուրդ գազը: Կայծի միջոցով գազը պայթեցվում է, նեղ անցքով տաք օդը դուրս է ժայթքում ՝ առաջացնելով դեպի վեր ընթացող հարվածող ալիք: Տեսականորեն, այդ հարվածող ալիքը հասնում է կարկտաբեր ամպերին և, ցրելով դրանք, կանխում կարկուտը:

Հակակարկտային կայանների արդյունավետությունը երաշխավորում է արտադրող՝ «Բարվա» ընկերությունը: Իսկ իրականությունը ցույց է տալիս, որ դրանք ի զորու են ցրել միայն թույլ վտանգ ներկայացնող կարկտաբեր ամպերը:  

Կարկուտի հետևանքով Արմավիրի մարզի գյուղերի կրած վնասները հաշվարկվել են տեղական հանձնաժողովների կողմից: Առավել մեծ են դրանք եղել 2013թ.՝ 25,3 միլիարդ դրամ, և 2016-ին՝ 29,57 միլիարդ դրամ:

Վերջին տարիներին իշխանություններն էլ էին համոզվել, որ մարզում տեղադրված «Զենիթ» կայանները նույնիսկ չնչին տոկոսով չեն պաշտպանում գյուղացիների բերքը կարկուտից: Որոշվել էր անցում կատարել հակակարկտային հրթիռային պաշտպանության տարբերակին: Այդ նպատակով Արմավիրի և Արագածոտնի մարզպերում տեղադրվել են 3 ռուսական արտադրության հրթիռային համակարգեր: Սակայն այս կայանների արդյունավետությունը դեռ պարզ չէ:

Նախկին կառավարությունը  գյուղացիներին հորդորում էր բերքը բնական աղետից պաշտպանելու համար ձեռք բերել հակակարկտային ցանցեր:  

Սարգիս Միքայելյանն Ալաշկերտ համայնքում գտնվող իր խաղողի այգու 5 հազար քմ տարածքը ցանցապատել է, ծախսելով մոտ 2,5 մլն դրամ: Հիմա փորձում է վարկային միջոցներով ցանցապատել այգու մնացած 9 հեկտարը:  

Միքայելյանը համաձայն է, որ կարկուտից պաշտպանվելու համար առավել արդյունավետ են հենց ցանցերը, բայց ցանցապատման համար մեծ ներդրումներ են պահանջվում: Առանց վարկային միջոցների դա բարդ է իրականացնել: Այգետիրոջ հաշվարկներով, 3-4 տարի էլ կպահանջվի ցանցի ծախսերը փակելու համար:

Բացի այդ Սարգիսն ասում է, որ ցանցապատումը հարմար է խաղողի այգիների և նորատունկ գաճաճ ծառերի համար: Ավանդական ու արդեն բերքատու ծառատեսակները՝ ծիրանը, կեռասը անհնար է ցանցապատել, քանի որ դրանք առնվազն 6-7 մետր բարձրություն ունեն:

Արգինայի գյուղացիներն էլ են վկայում, որ բարձրահասակ ծիրանի, կեռասի և խնձորենու այգիները գործնականում ահնար է ցանցապատել, մյուս կողմից էլ, այգիները ցանցապատելու միջոցներ իրենք չունեն:

Մինչ հայկական հեղափոխությունը գործող կառավարությունը առաջարկում էր անցում կատարել ինտենսիվ գաճաճ ծառատեսակների մշակմանը, որն ավելի հարմար է ցանցապատման համար: Այս տարբերակը շատերի համար ընդհանրապես անընդունելի է: Այդ թվում և Հռիփսիմե Ավետիսյանի համար:

«Ես չեմ կարող իմ բերքատու այգին ոչնչացնել, տեղը նոր գաճաճ այգի հիմնել և ևս 5-7 տարի սպասել բերքին: Էլ չեմ խոսում դրա մասին, թե ինչ ներդրումներ կպահանջվի այս ամենի համար», – ասում է Հռիփսիմեն:

Եվ այժմ Արմավիրի մարզի մարզի գյուղացիները սպասում են, թե ինչ որոշումներ կառաջարկի Հայաստանի նոր կառավարությունը:


Կարդալ ավելին JAMnews-ում