Բժիշկները զգուշացնում են, որ նկատվում է կրծքի քաղցկեղով հիվանդների թվի աճի միտում, և հորդորում են պարեբրաբար հետազոտվել " />

Կրծքագեղձի և թոքերի քաղցկեղից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է տարածաշրջանում

Բժիշկները զգուշացնում են, որ նկատվում է կրծքի քաղցկեղով հիվանդների թվի աճի միտում, և հորդորում են պարեբրաբար հետազոտվել

Հայաստանում մահացության դեպքերի 20%-ը բաժին է ընկնում ուռուցքներին։ Այստեղ կրծքի և թոքերի քաղցկեղով մահացության ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում։ Եվ անգամ նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թվի աճի միտում։ Բժիշկները զգուշացնում են, որ հիվանդությունն արտաքին դրսևորումներ չունի։ Այն ժամանակին հայտնաբերելու միջոցը պարբերաբար հետազոտվելն է։

Հոկտեմբերն աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի ամիս է հայտարարվել։ Այդ առթիվ միջոցառումներ են անցկացվում մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Կրծքի քաղցկեղի վիճակագրությունը

2017 թ-ին Հայաստանում գրանցվել է կրծքի քաղցկեղի 1118 դեպք։ Յուրաքանչյուր տարի այս ցուցանիշը կազմում է 1000-1100 դեպք, հիվանդներից 400-ին չի հաջողվում փրկել։ Օնկոլոգիական հիվանդությունների թվում կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում շարունակում է առաջին տեղում լինել։ Ընդ որում, աճի միտում նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, հայտարարել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային թերապիայի բաժնի վարիչ Հովհաննես Վարդևանյանը․

 «Աշխարհում, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու դեպքերն անշեղորեն աճում են։ Սակայն, առաջին հերթին, պետք է հիշել, որ դա դատավճիռ չէ, և հիվանդությունը բուժվում է, հատկապես՝ նախնական փուլերում»։

Կարդացեք նաև․ Կյանք՝ քաղցկեղից հետո․ մի աղջկա պատմություն, որը հաղթահարել է հիվանդությունը և օգնում է ուրիշներին

Ո՞վ է ռիսկի խմբում

Առավել հաճախ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվում է 40 տարեկանից բարձր կանանց մոտ։ Այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս տարեկան երկու անգամ հետազոտություն անցնել։ Ավելի հազվադեպ հիվանդությունն առաջանում է մինչև 35 տարեկան կանանց մոտ։ Սակայն դա չի նշանակում, որ կրծքագեղձի քաղցկեղ չի կարող երիտասարդների մոտ էլ հայտնաբերվել։

Կարդացեք նաև․ Հայաստանում երիտասարդ տղամարդկանց շրջանում ուղեղի կաթվածը հաճախակի ախտորոշում է դարձել 

Սենսացիա է դարձել այն հայտարարությունը, որ կրծքի քաղցկեղ հանդիպում է նաև տղամարդկանց մոտ, թեև՝ հազվադեպ։ Վերջին 19 տարվա ընթացքում Հայաստանում կրծքի քաղցկեղ հայտնաբերվել է 30 տղամարդու մոտ։ Սակայն բժիշկները զգուշացնում են, որ տղամարդկանց մոտ հիվանդդությունն ավելի ագրեսիվ է ընթանում, և խորհուրդ են տալիս հետազոտվել որևէ անհանգստություն զգալու դեպքում։

Հիվանդության առաջացման պատճառները

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառը կարող է սթրեսը լինել, գենետիկ նախատրամադրվածությունը, վնասակար սովորությունները, կրծքագեղձի վնասվածքները։

«Հնարավոր չէ միայն մեկ գործոն առանձնացնել, ավելի հեշտ է պարբերաբար հետազոտվել հիվանդությունը նախնական փուլում հայտնաբերելու համար», – զգուշացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ Հովհաննես Վարդևանյանը։

Հայաստանում կրքագեղձի քաղցկեղից բացի կանանց մոտ տարածված է նաև արգանդի վզիկի և հաստ աղիքի քաղցկեղը։

Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է թոքերի, շագանակագեղձի և հաստ աղու քաղցկեղը։ Վերջին տարիներին վահանագեղձի քաղցկեղի դեպքերի աճ է նկատվում, հատկապես՝ երիտասարդների մոտ։


Կարդալ ավելին JAMnews-ում