«Մայներներին» գրավում է էժան էլեկտրականությունը, լիբերալ օրենսդրությունն ու պետության կողմից տրամադրվող արտոնությունները " />

Կրիպտոարժույթի բում Վրաստանում. «օդից» փող՝ քաղաքացիների և օլիգարխների համար

«Մայներներին» գրավում է էժան էլեկտրականությունը, լիբերալ օրենսդրությունն ու պետության կողմից տրամադրվող արտոնությունները

Գեորգի Լալիաշվիլին գործարար է: Նա Թբիլիսիի ծայրամասում իր ֆերման ունի: Այնտեղ ոչ թե անասուն կամ թռչուն է պահում, այլ կրիպտոարժույթ է «արդյունահանում»:

Գեորգին այդ գործով սկսել է հետաքրքրվել անցյալ տարի, ֆերման ստեղծել է սեպտեմբերին: Ի սկզբանե հաշվարկում էր վեց ամսից ներդրումները փոխհատուցել: Սակայն ամեն ինչ այլ կերպ է ընթացել, քան նա ենթադրում էր:

Ամեն ինչ շատ ավելի լավ է ընթացել: «Մի քանի շաբաթից արդեն ես ամբողջությամբ ետ բերեցի ներդրված գումարներն ու սկսեցի եկամուտ ստանալ», – պատմում է Գեորգին:

Նա այժմ ևս մեկ ֆերմա ունի, որն ավելի մեծ է և գտնվում է Քութայիսիում՝ ազատ ինդուստրիալ գոտում: Հիմա նա արտասահմանյան ներդրող է փնտրում բիզնեսն ընդլայնելու համար:


Այն, ինչով զբաղվում է Գեորգին և Վրաստանի շատ այլ բնակիչներ, կոչվում է մայնինգ:

Մայնինգը հիմնված է բլոկչեյնի տեխնոլոգիայի վրա: Բլոկչեյնը տվյալների բազա է, որը կազմված է հաջորդական կարգով միացված «բլոկերից», որոնք մեկ սերվերի վրա չեն պահպանվում:

«Բլոկերի» շղթան անընդհատ աճում է, և դրան ավելանում են տեղեկատվության նոր «բլոկեր»: Դրանց ամբողջ հաջորդականությունը միաժամանակ պահպանվում է ցանցի մասնակից բոլոր սարքերի վրա, և դրանցում փոփոխություն մտցնել կամ կեղծել հնարավոր չէ:

Մայնինգը մի գործընթաց է, որի ժամանակ համակարգիչները բարդ հաշվարկներ են անում նախօրոք տրված պարամետրերով հատուկ թիվ (հեշ) ստանալու համար: Այդպիսի թիվ գտնելը նոր «բլոկի» ստեղծում է նշանակում, որն ընդմիշտ պահպանվում է բլոկչեյնում:

Սարքը, որն իրականացնում է այդ գործընթացը, կոչվում է մայներ: Հաջող գործողության և հեշի հաշվարկման դեպքում մայներն ու դրա սեփականատերը վարձատրվում են բիթքոինի (կամ այլ կրիպտոարժույթի) մեկ միավորով:

Բիթքոինն աշխարհում առաջին կրիպտոարժույթն է, որը հայտնվել է 2009թ-ին: Հետո հայտնվել են նաև այլ, այլընտրանքային կրիպտոարժույթներ (ալթքոիններ), որոնք հիմնված են նույն տեխնոլոգիայի վրա: Դրանց փոխարժեքն իրական (ֆիաթային) փոխարժեքի հանդեպ անըդհատ փոխվում է՝ հիմնականում բարձրանում է: Թեև վերջերս բիթքոինի փոխարժեքը հանկարծակի կտրուկ ընկավ:

Կրիպտոարժույթն ու դրա փոխարժեքը կախված չեն պետություններից և կառավարություններից:

Կրիպտոարժույթի մայնինգի ֆերմա Թբիլիսիում, 2018թ-ի փետրվար: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Վերջին տարիներին աշխարհում կրիպտոարժույթի բում է նկատվում, իսկ փոքր Վրաստանը որոշ պարամետրերով նույնիսկ առաջնորդների ցանկում է:

Քեմբրիջի Global Cryptocurrency Benchmarking Study համալսարանի հետազոտության համաձայն՝ 2017թ-ին կրիպտոարժույթի մայնինգում ներգրավված սարքերի հզորությամբ (60 մեգավատտ) Վրաստանն աշխարհում երկրորդ տեղում է Չինաստանից հետո:

Կրիպտոարժույթների տարածվածությունը երկրում այնքան աճեց, որ ազգային բանկը նախորդ տարվա դեկտեմբերին քաղաքացիներին հատուկ ուղերձ էր հղել, որում հիշեցնում էր, որ կրիպտոարժույթը Վրաստանում օրինական վճարային միջոց չէ, ոչ մի կերպ չի կարգավորվում օրենքով, և չկա  մարմին, որը մարդկանց կարող է օգնել կրիպտոարժույթի հետ կապված խնդիրների դեպքում և պաշտպանել նրանց ռիսկերից:

BitFury-ն, օլիգարխն ու «աֆերիստների արժույթը»

Մայնինգով կարող է զբաղվել յուրաքանչյուրն, ով հատուկ սարք գնի: Ի սկզբանե մայնինգով կարելի էր զբաղվել նույնիսկ սովորական համակարգչով: Սակայն մայներների քանակի ավելացմանը զուգահեռ ալգորիթմը բարդացավ, և հաշվարկների համար ավելի մեծ հզորություններ են պահանջվում: Ամենաշահեկանն՝ այսպես կոչված արդյունաբերական մայնինգն է, այսինքն՝ գործարանների պես հսկայական «դատա-կենտրոնների» (տվյալների կենտրոններ) ստեղծումը:

Այդպիսի ադյունաբերական մայնինգի համաշխարհային կենտրոնի է վերածվում Վրաստանը:

Սովորաբար խոշոր մայներ-ընկերությունները նախընտրում են էժան էլեկտրաէներգիա կամ զարգացած տեխնոլոգիաներ ունեցող երկրներ: Վրաստանը գրավիչ է հենց շնորհիվ էժան էներգիայի՝ հատկապես շրջաններում և հատուկ վայրերում, ազատ ինդուստրիալ գոտիների, որոնք Վրաստանում մի քանիսն են:

Թբիլիսիում էլեկտրաէներգիայի մեկ կիլովատ/ժամը (բարձր լարման առևտրային բաժանորդների համար) ներկա պահին արժե 16,1 թեթրի (6,5 ԱՄՆ ցենտ): Երկրի շրջաններում գինն ավելի էժան է, իսկ որոշ բարձրադիր շրջաններում էլեկտրաէներգիան սպառողների համար ընդհանրապես անվճար է:

Վրաստանում հսկայական «կրիպտոտնտեսություն» է ստեղծել բիթքոինի համաշխարհային մայնինգի առաջատար ընկերություններից մեկը՝ BitFury-ն, որը տվյալների կենտրոններ է ստեղծել Թբիլիսիում և Գորիում:

2016թ-ին BitFury-ն աշխարհում «պեղված» բիթքոինի 15%-ի սեփականատերն էր:

Bitfury-ի գրասենյակներն ու տվյալների կենտոններն՝ ընկերության կայքում

Վրաստանում BitFury-ն հայտնվել է 2014թ-ին և Գորիում կառուցել առաջին տվյալների կենտրոնը: Այդ նպատակով ընկերությունը տասը միլիոն դոլարի վարկ է ստացել Համաներդրումային հիմնադրամից, որի հիմնադիրը Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է:

Հետագայում ընկերությունը վրացական կառավարությունից ևս մի շարք արտոնություններ է ստացել:

Տվյալների երկրորդ կենտրոնը BitFury-ն կառուցել է Թբիլիսիում: Կառավարությունն ընկերությանը խորհրդանշական 1 լարի գումարով 18 հեկտար հող է տրամադրել:

Մի քանի ամիս անց կառավարությունն այդ տարածքն ազատ ինդուստրիալ գոտի է հայտարարել, ինչը բիզնեսի պարզեցված վարման համար պայմաններ է ենթադրում: Այս գոտում աշխատող ընկերություններն ավելացված արժեքի հարկ (ՀՆԱ), ինչպես նաև շահութահարկ և գույքահարկ չեն վճարում: Բացի այդ, նրանք կարող են առանց ՀՆԱ էլեկտրաէներգիա գնել, ինչն այն 18 տոկոսով ավելի էժան է դարձնում:

Դրանք շատ ձեռնտու պայմաններ են մայնինգով զբաղվող ընկերության համար, որի ծախսերի առյուծի բաժինը էլեկտրաէներգիան է զբաղեցնում:

Bitfury ընկերության տվյալների կենտրոնը Իսլանդիայի Կեֆլավիկ քաղաքում: 2016թ-ի հունիս: REUTERS/Jemima Kelly

BitFury-ին տրամադրվող հատուկ արտոնությունների պատճառով Վրաստանում սկսեցին ընկերության գործունեությունը կապել Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսական շահերի հետ, որին ընդդիմությունը Վրաստանի փաստացի ղեկավար է անվանում:

Հունվարին՝ այն բանից հետո, երբ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց, ընդդիմությունը կրկին ուշադրությունը սևեռեց BitFury-ի վրա: «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը կարծում է, որ բնակչության համար սակագների աճը կառավարության և հստակ Իվանիշվիլիի կողմից ընկերությանն առանց հիմքերի տրամադրած արտոնությունների արդյունք է: Իսկ երկրի համար այդ ներդրման շահույթը կասկածելի է:

«Ավելի քան 40 մեգավատ հզորությամբ ձեռնարկությունն արտոնյալ գնով է էլեկտրաէներգիա ստանում, ինչն արդյունքում բեռ է դարձել սպառողական սակագնի համար, որի պատճառով կարգավորող հանձնաժողովը ստիպված է եղել բնակչության համար բարձրացնել էլենտրաէներգիայի սակագինը», – մանրամասնել է կուսակցության անդամ Ակակի Բոբոխիձեն:

Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին ավելի կտրուկ է արտահայտվել: Նա հայտարարել է, որ «Իվանիշվիլին մասնավորեցրել է էներգետիկ հատվածն ու անվճար զբաղվում է աֆերիստների արժույթի՝ բիթքոինի արդյունահանմամբ»:

BitFury ընկերությունում ընդդիմության փաստարկները հերքում են և ասում, որ ոչ մի հատուկ, ջերմոցային պայմաններ Վրաստանում իրենց համար չեն ստեղծում:

Ընկերությունում հայտարարում են, որ Իվանիշվիլիի հիմնադրամից ստացած վարկն արդեն վերադարձրել են, ինչպես նաև կատարել են պետության հանդեպ ունեցած ներդրումային պարտավորությունները: Իսկ բոլոր արտոնությունները, որոնցից օգտվում է ընկերությունը, համապատասխանում են Վրաստանի օրենսդրությանը:

BitFury-Georgia-ի ներկայացուցիչ Եֆրեմ Ուրումաշվիլին հայտարարել է, որ այն տարածքը Թբիլիսիում, որն ընկերությունը ստացել է պետությունից, «բացարձակ ամայի» էր և ոչ մի կերպ չէր օգտագործվում:

«Մենք ներդրել ենք 40 մլն դոլար և ստեղծել ամենանորարարական և ժամանակակից կենտրոնն աշխարհում: Երեք միլիոն ներդրել ենք ենթակառուցվածքում, որով հետաքրքրվել է աշխարհի ավելի քան 70 ընկերություն: Մենք միտում ենք ստեղծել և Վրաստանը հայտնի դարձրել ողջ աշխարհում», – ասել է Ուրումաշվիլին:

Վերջերս հայտնի է դարձել հետևյալ գործարքի մասին. BitFury խումբը Թբիլիսիի տվյալների իր նոր կենտրոնը վաճառում է Հոնկոնգում գրանցված չինական Chong Sing Holding ընկերությանը: Գործարքի մանրամասներն, այդ թվում՝ գումարը, հայտնի չեն:

Կրիպտոարժույթի մայնինգի ֆերմա Թբիլիսիում, 2018թ-ի փետրվար: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

«Անխուսափելի» ապագա

Արդյունաբերական մայնինգի մասշտաբներին զուգահեռ Վրաստանում աճում է այդ բիզնեսի հանդեպ հետաքրքրությունը փոքր ընկերությունների և մասնավոր անձանց կողմից:

Forbes-Georgia-ի գործադիր խմբագիր Շոթա Դիգմելաշվիլին կարծում է, որ Վրաստանի պարագայում այդ բումը երեք գլխավոր պատճառ ունի:

Առաջին հերթին, դա էլեկտրաէներգիայի համեմատաբար ցածր արժեքն է:

«Եվս մեկ կարևոր հանգամանք է Վրաստանում գործազրկության բարձր մակարդակը (11 տոկոս՝ ըստ 2016թ-ի պաշտոնական վիճակագրության) և ցածր աշխատավարձերը: Դժգոհությունը սեփական ֆինանսական դրությունից ստիպում է մարդկանց փոքր ներդրման օգնությամբ կանոնավոր եկամուտ ապահովել, որը հաճախ բարձր է ցանկացած աշխատավարձից», – բացատրում է Դիգմելաշվիլին:

Երրորդ պատճառն, ըստ նրա, Վրաստանում գործարարության ոլորտում գործող լիբերալ օրենսդրությունն է, ինչը պայմաններ է ստեղծում ինչպես խոշոր, այնպես էլ մանր բիզնեսի զարգացման համար:

Գործարար Գեորգի Լալիաշվիլին նույնպես կարծում է, որ Վրաստանում լավ պայմաններ են ստեղծված կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելու համար: «Այդ պատճառով էլ ես բոլորին խորհուրդ եմ տալիս միանալ այդ գործին: Երբեք ուշ չէ», – ասում է Գեորգին:

Նա չի լսում թերահավատներին և վստահ է, որ ապագան կրիպտոարժույթինն է, քանի որ բլոկչեյնի տեխնոլոգիան կայունություն և անվտանգություն է ապահովում:

«Անվտանգության բարձր մակարդակի պատճառով ապագայում բոլոր ֆինանսական գործարքներն անցկացվելու են կրիպտոարժույթով: Դա անխուսափելի է», – գործարարն այնքան վստահ է դրանում, որ «պեղած» կրիպտոարժույթը չի վաճառում՝ համարելով, որ ապագայում դրա փոխարժեքը շատ ավելի բարձր է լինելու:

Բլոկչեյնը պետական ծառայություններում

Նոր տեխնոլոգիաներով հետաքրքրվել է նաև Վրաստանի կառավարությունը, որը սկսել է բլոկչեյնի տեխնոլոգիան ներդնել պետական ծառայություններում: Այդ առումով Վրաստանն աշխարհում առաջիններից մեկն է (նման նախագծեր վերջերս մեկնարկել են Էստոնիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում):

2016թ-ին BitFury-ի հետ համագորակցելով՝ կառավարությունը պիլոտային նախագիծ է սկսել, որը Վրաստանի հանրային ռեեստրի տվյալների պահպանում է նախատեսում, որում բլոկչեյնի տեխնոլոգիայով գրանցվում է հողն ու անշարժ գույքը: Դա բարձրացնում է անվտանգությունն ու անհնար դարձնում տվյալների կեղծումը:

Այդ տեխնոլոգիան լիովին գործարկվել է հանրային ռեեստրում 2017թ-ի փետրվարից. այդ օրվանից Վրաստանում անշարժ գույքի գրանցման հետ կապված բոլոր գործողությունները հեշավորվում են և պահպանվում բլոկչեյնում:

Արդարադատության նախարարությունը շարունակում է նոր տեխնոլոգիաներ ներդնել. նախագծի շրջանակում պլանավորվում է բլոկչեյնի տեխնոլոգիան օգտագործել բիզնեսի գրանցման համար, ինչպես նաև ներդնել սմարթ՝ էլեկտրոնային ճանապարհով  վավերացված և պաշտպանված պայմանագրեր:


Կարդալ ավելին JAMnews-ում